Ռուսաստանցի ընդդիմադիր գործիչ, «Կոռւպցիայի հետ պայքարի հիմնադրամի» հիմնադիր Ալեքսեյ Նավալնին շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ երկրում իշխանության բռնազավթման կանխման և Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Նավալնին իր շնորհավորանքը տարածել է Թվիթերի իր էջով․ «Փաշինյանն ընտրվեց վարչապետ։ Շնորհավորում եմ հայ ժողովրդին մեկ անձի կողմից իշխանության բռնազավթումը կանխելու կապակցությամբ։ Հիանալի ձեռքբերում։ Հուսամ՝ Հայաստանում ամեն ինչ կստացվի։ Իսկ Ռուսաստանում բոլորը կշահեն հաջողությամբ զարգացող հարևանի ձեռքբերելով։
Հայաստանի կառավարության նորընտիր ղեկավարին շնորհավորել է նաև Ռուսաստանում չորրորդ անգամ նախագահի պաշտոնը զբաղեցրած Վլադիմիր Պուտինը։ Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Կրեմլի ղեկավարը հույս է հայտնել, որ Փաշինյանի գործունեությունը կօգնի երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների ամրապնդմանը։
Փաշինյանի և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ մայիսի 14-ին Սոչիում։
Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» նախաձեռնության հաղորդագրության համաձայն, վաղը Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնելու է Արցախ, որտեղ մասնակցելու է Շուշիի ազատագրման 26֊ամյակին նվիրված միջոցառմանը։ Այնտեղ նա ասուլիս է տալու տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներին։