Երևան-Վանաձոր ճանապարհի Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի հատվածն այսօր՝ մայիսի 11-ին՝ մոտ 10։00-ից, փակ է հարակից գյուղերի բնակիչների կողմից։ Նրանք բողոքում են, որ մի օրվա մեջ իրենց կողմից մթերվող կաթի գինը 180 դրամից դարձել է 100-120 դրամ։ Epress.am-ի լրագրողը տեղում զրուցել է բնակիչների հետ, որոնք պահանջել են, որ իրենց հանդիպի Արագածոտի մարզպետը կամ Գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչը։
Այդ շրջանի հիմնականում եզդիաբնակ գյուղերի բնակիչները առավելապես զբաղվում են անասնապահությամբ և նրանց եկամտի հիմնական աղբյուրներից է կաթի վաճառքը։
Մեզ հետ զրույցում գյուղացիները նշել են, որ իրենցից կաթը վերցնում են ինչ-որ մարդիկ, որոնք հետագայում այն վերավաճառում են տարբեր ձեռնարկությունների։
Երեկ նրանց կաթ մթերողները բացատրել են, որ կաթի գնի նվազումը կապված է կառավարության փոփոխության մեջ։ Սակայն գյուղացիները պնդում են, որ Կառավարությունը հազիվ երկու օր է փոխվել և դա զուր խոսակցություններ են։
«Շշալցված ջուրն այսօր կաթից թանկ է», -ասել են գյուղացիները։ Նրանց խոսքով՝ իրենք պետք է 100 լիտր կաթ վաճառեն, որ կարողանան մեկ պարկ ալյուր գնեն։
Մարդիկ պատմել են, որ իրենք ողջ օրը զբաղվում են անասնապահութայմբ, սակայն անգամ այդ դեպքում չեն կարողանում դուրս գալ իրենց վարկային պարտավորությունների տակից։
«Մենք վարկեր ունենք, էդ վարկերը ո՞նց փակենք։ Երեխեն ասում ա՝ դպրոցում էսինչ բանը պետք ա, ասում եմ՝ խելոք մնա, կովը սոված ա։ Կովը ավելի լավ ենք պահում, քան երեխեքին», – ասել է ակցիայի մասնակիցներից մի տղամարդ։Ակցիայի մասնակիցներին խոստացել են, որ նրանց ժամը 15։00-ին կհանդիպի Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։