Գլխավոր / Բանտ / Ոչ թե ի հակադրություն նոր իշխանությունների, այլ ի լրումն․ Չուգասզյանը պահանջներ է ներկայացրել

Ոչ թե ի հակադրություն նոր իշխանությունների, այլ ի լրումն․ Չուգասզյանը պահանջներ է ներկայացրել

«Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահ Գարեգին Չուգասզյանը, որը մայիսի 11-ին էր ազատ արձակվել բանտից, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է երեք պահանջ֊ընթացակարգ՝ քաղբանտարկյալների հետ կապված, համաներման հետ կապված և անցումային հանձնաժողովների ստեղծման վերաբերյալ։ Այս պահանջները, ըստ Չուգասզյանի, ճիշտ կլինի կատարել մինչև մայիսի 28-ը։ Նա հայտարարել է, որ մինչ դա շարունակելու է 18 օր առաջ սկսած իր հացադուլը։

Չուգասզյանը պահանջում է, որ քաղբանտարկյալների խափանման միջոցը փոխվի, կալանավորումը վերացվի, և գործերը շարունակեն քննվել նոր գործիքներով։

«Անցումայն արդարադատության սկզբունքներով իրավական լուծումները չեն միայն գործելու, այլ քաղաքա֊իրավական լուծումները։ Այդ լայն սպեկտրը կարող է ներառել ապստամբներից մինչև քաղաքական տարբեր գործունեության համար դատապարտված մարդկանց», ֊ ասել է «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը:

Նշենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց ապստամբ են որակում, իսկ տեղական իրավապաշտպան կազմակերպությունները քաղբանտարկյալ են համարում Շանթ Հարությունյանի գործով դատապարտվածներին, Ժիրայր Սեֆիլյանին, Կարո Եղնուկյանին, Գևորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Հայկ Կյուրեղյանին։

Նա հավելել է, որ չի հիշում մարդկանց, ովքեր այնքան շատ են բռնության ենթարկվել նախորդ ռեժիմի կողմից, որքան «Սասնա ծռեր» խմբի անդամները։

«Բերձոր, Գյումրիում հանրահավաքի ընթացծում հարձակում՝ դանակահարություն, գույքի փչացում, մեքենաների այրում, տնտեսական հետապնդումներ։ Ես ձեզ մի օրինակ ասեմ․ Բերձորում Պավլիկի (Պավել Մանուկյան՝ «Սասնա ծռեր» խմբի անդամ֊խմբ․) վրա հարձակվել էին, էդ դաժանությունը, որով ծեծում էին այդ մարդուն, իմ մոտ հարց էր առաջացնում․ Պավլիկը ոչ միայն արցախյան կռիվների մասնակից է, դա թողնենք մի խողմ, Պավլիկը դեսանտային զորքերի բարձր կարգի մարտիկ էր, որի զենք իր ձեռքերում էր։ Նա կարող էր ինքնապաշտպանվել։ Եթե օրինակ եք ուզում՝ ինչպես պետք է բռնությանը բռնությամբ չհակադրվել, դա Պավլիկն ա»,֊ ասել է Չուգասզյանը։

Նա բերել է նաև Գևորգ Սաֆարյանի «տոնածառի գործով» դատի օրինակը, որտեղ Սաֆարյանն իր դեմ ծեծ ու ջարդին ոչ մի կերպ չի պատասխանել, սակայն դատապարտվել է․ «Մենք այդ ամենը կուլ ենք չէ տվել։ Դուք որպես լրագրող կուլ եք տվել»։

Չուգասզյանն ասել է, որ իրենք իրենց ուժերը ներդնելու են ոչ թե ի հակադրություն նոր իշխանությունների, այլ ի լրումն դրանց, որպեսզի կանխվի հնարավոր սաբոտաժը երկրում։

«Հանրապետականը պետք է գիտակցի, որ իրեն վերջին շանսն է տրվում։ Դատաիրավական համակարգը պետք է գիտակցի, որ իրենց շանս է տրվել հիմա։ Էդ մարդիկ տարբեր աստիճանի մեղք ունեն։ Մեղքի 95 տոկոսը ընկած է դատաիրավական համակարգի 5 տոկոսի վրա։ Մնացածի վրա մեղքի 5 տոկոսը։ էդ դեպքում էլ ա համաներում լինում։ Այդ մարդկանց պետք է շանս տրվի»,֊ ասել է «Հիմնադիր խորհրդարան» նախաձեռնության նախագահը։

Նա հավելել է, որ կողմ է նաև խաղաղ անհնազանդության միջոցների, եթե լինի նենգադուլ, այսինքն՝ եթե ռեժիմը շարունակի դիմադրել։

Չուգասզյանը կալանավորվել էր ապրիլի 23-ին, երբ միացել էլ համաժողովրդական հեղափոխությանը։ Մինչ դա, վերջինս գտնվում էր ընդհատակում։ Նրա մեղադրում են 2015 թվականի Ցեղասպանության տարելիցին ընդառաջ զանգվածային անկարգությունների նախապատրաստման մեղադրանքով։ Այդ ժամանակ նրան ազատ էին արձակել ստորագրության դիմաց, սակայն հետագայում Քննչական կոմիտեն անհարժեշտ էր համարել նրան կալանավորել։