Home / Դատարան / Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարական է ներկայացրել

Վճռաբեկ դատարանի նախագահը հրաժարական է ներկայացրել

ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացրել իր հրաժարականի դիմումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մկրտումյանն իր հայտարարության մեջ հիմնավորել է հետևյալ կերպ․ «Գտնում եմ, որ ժամանակի հրամայականն է հնարավորություն ընձեռել փորձառու երիտասարդներին դրսևորելու իրենց գիտելիքները, ուժը, եռանդը՝ նախադեպային իրավունքի և արդարադատության համակարգի հետագա զարգացման դժվարին ու պատասխանատու գործում»։

Փաստաբանական համայնքը, ինչպես նաև դատական իշխանության հետ առերեսված բազմաթիվ քաղաքացիները տարիներ շարունակ պահանջել են Մկրտումյանի հրաժակարանը, կամ պահանջել են նրա դեմ կարգապահական վարույթ սկսել։ Մկրտումյանը հիշատակվել է նաև Հայաստանի դեմ միջազգային դատարաններում կայացված վճիռներում։ Մասնավորապես, Երևանի Բուզանդի փողոցի բնակիչների գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, քննելով սեփականության իրավունքի խախտման մասին այս գործը, երկու անգամ առաջարկել է տուժող կողմ Վարդանյանին հաշտություն կնքել կառուցապատող «Վիզկոն» ՍՊԸ֊ի հետ։ Մի անգամ էլ ասել է, որ «վերջին անգամ է հնարավորություն տալիս» Վարդանյանին հաշտության գնալու։ Վճռում միջազգային դատարանը, գնահատելով Մկտրումյանի բառապաշարը, նշել է, որ Վճռաբեկի նախագահի խոսքերը «արդարացի կասկած» են հարուցում, որ «դատավորը կողմնակալ է»։ Ուստի ՄԻԵԴ֊ը ճանաչել է, որ Վարդանյանի արդար դատավարության իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6֊րդ հոդված) ՀՀ դատարանում խախտվել է։

Հայցվորները իրենց նախնական դիմումում պահանջել էին աննախադեպ մեծ՝ 11 միլիոն եվրո փոխհատուցում Հայաստանից։

Վճռաբեկի նախագահ Մկրտումյանին մեղադրում էին նրանում, որ նա ստիպել է դատավոր Սուրիկ Ղազարյանին հրաժարականի դիմում գրել։ Ղազարյանը հայտնել էր, որ սա վրեժխնդրություն էր «Յուկոսի գործով» իր կայացրած վճռի համար։ «Յուկոս ԱՊՀ»֊ի դեմ դատական հայց էր ներկայացրել բրիտանական «Մորավել» ներդրումային ընկերությունը: 2005 թվականին Լոնդոնի արբիտրաժային դատարանը բավարել էր «Մորավելի» 655 միլիոն դոլարանոց հայցը «Յուկոսի ԱՊՀ»֊ի դեմ: Դրանից հետո «Մորավելը» դիմել էր հայաստանյան դատարան՝ պահանջելով Լոնդոնի արբիտրաժային դատարանի որոշման հարկադիր կատարումը: 2010 թվականի փետրվարին Սուրիկ Ղազարյանը որոշում էր կայացրել ի օգուտ «Մորավելի», իսկ Մկրտումյանը դրա պատճառով ստիպել էր նրան հրաժարական տալ, քանի որ հակառակ կողմը ռուսաստանյան «Ռոսնեֆտն» էր, որը կլանում էր «Յուկոսը»: Ղազարյանը նաև հեռացել էր Հայաստանից։

Tekali Taxi