Home / Շուկա / Ղարաբաղի պաշտոնաթող վարչապետը խոսել է իր բիզնեսների մասին

Ղարաբաղի պաշտոնաթող վարչապետը խոսել է իր բիզնեսների մասին

Եթե Լեռնային Ղարաբաղի մյուս պաշտոնյաներն իրենց գործելաոճը չփոխեն, ստիպված հրաժարական են տալու՝ հանրության ճնշման տակ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արայիկ Հարությունյանը։ Նա լրագրողներին հանդիպման էր հրավիրել էր այսօր՝ 15։00֊ին, իսկ առավոտյան հայտարարել էր իր հրաժարականի մասին։ Հարությունյանն ասել է, որ հրաժարական տալու որոշումը կայացրել է Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկման արդյունքում։

«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Սիսակ Գաբրիելյանը հարցրել է Հարությունյանի բիզնեսներից։ Նա ասել է, որ դրանց մասին լսել է բազմաթիվ տեղացիներից։

«Մինչև վարչապետ նշանակվել, եղել եմ Արցախի հաստատ ամենամեծ գործարարը՝ չհաշված մենաշնորհները («Ղ֊Տելեկոմ», «Արցախ գազ») և Դրմբոնի ոսկու հանքը։ 2006 թվականին իմ աշխատողների քանակն անցնում էր 700֊ից։ Որից հետո, երբ նշանակվել եմ վարչապետ, չեմ զբաղվում [բիզնեսով]։ Ուղղությունները՝ գյուղատնտեսություն և վերամշակում։ Սկսել եմ հող մշակել Ջեբրաիլում՝ սահմանամերձ տարածքում, որտեղ մարդիկ մինչև այսօր վախենում են գնալ, իսկ ես այդտեղ սկսել եմ հող մշակել 2000 թվից։ Ակնա֊Աղդամի տարածքում առաջին հող մշակելը սկսել եմ 1997 թվականին ,երբ մարդիկ Աղդամի տեղը չէին իմանում քարտեզի վրա։ մի քանի կիլոմետր աջ, ձախ ոչ մի հող չէր մշակվում։ Հետո մասնակցել եմ այն ժամանակ Մարտունու և Կարմիր շուկայի գինու գործարանների սեփականաշնորհմանը՝ երկու ավերակ պատերազմից հետո, իմ գործընկեր Բարսեղ Բեգլարյանի հետ դարձրել ենք Ղարաբաղի ամենահեռանկարային ընկերություններից մեկը, որը ստեղծել է բրենդ՝ «Մադաթով» կոնյակը»,֊ ասել է նա՝ նշելով, որ գինու գործարանում այժմ էլ ունի 30 տոկոս բաժնեմաս, չի թաքցնում իր ունեցվածքը, հայտարարագիրը ներկայացրել է։

Բացի գործարանից, Հարությունյանի խոսքով, ունի նաև Ստեփանակերտում «Նաիրի» հանրախանութ, որը վերջերս նվիրել է դստերը՝ ծննդյան 16֊ամյակի առթիվ։

Նա ասել է, որ հիմա չգիտի՝ քանի հեկտար հող է մշակում գործարանը․ «Ես ուզում եմ ասել, որ ստացված շահույթի գերակշիռ մասը ոչ թե կիսվել եմ, այլ բաժանել եմ։ Բարեգործությունը չեն ասում»։

Նա ասել է, որ եթե մարդ կա, որ ցանկանում է մշակել այն հողերը, որ ինքն է մշակում՝ Արաքսի հովտում, պատրաստ է տալ այդ մարդկանց։

Նրա խոսքով՝ հրաժարականից հետո ինքն աջակցելու է հայրենիքի զարգացմանը։