հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Արցախի հերոսի ընտանիքը հարստանում էր զինվորի հաշվին

Արցախի հերոսի ընտանիքը հարստանում էր զինվորի հաշվին

Հունիսի 17-ին՝ կեսգիշերին մոտ, ՀՀԿ խմբակցության օլիգարխ պատգամավոր Մանվել Գրիգորյանի ՀՀԿ-ական որդին՝ Կարեն Գրիգորյանը, հրաժարական է ներկայացրել Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։ Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում։

Դրանից ժամեր առաջ ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ՝ նկարահանված Մանվել Գրիգորյանի Էջմիածնում գտնվող առանձնատանը և Արմավիրի մարզի Արշալույս գյուղի նրա ամառանոցում։ ԱԱԾ֊ի փոխանցմամբ՝ տներում հայտնարաբերվել էին տարատեսակ զինատեսակներ, զինամթերք, ապրիլյան քառօրյայի ժամանակ քաղաքացիներ կողմից զինվորների համար ուղակրված ծանրոցներ՝ ուտելիքներ և նամակներ, ավտոպարկ, որտեղ կանգնած են եղել նաև ՊՆ-ի համար նախատեսված զինվորական մեքենաներ։

Ղարաբաղի պատերազմով իշխանության և հարստության հասած, տարիներ շարունակ Էջմիածինը ահաբեկող գեներալը վերջին 20 տարիների ընթացքում զբաղեցրել է տարբեր պաշտոններ՝ եղել է Պաշտպանության փոխնախարար, ԱԺ պատգամավոր, Երկրապահ Կամավորական Միության վարչության նախագահ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով, անդրադառնալով Մանվել Գրիգորյանի՝ նախօրեին ձերբակալությանը, նշել էր, որ դա կապված է ոչ միայն ապօրինի զենք-զինամթերք պահելու հետ, այլև ապրիլյան քառօրյայի ժամանակ զինվորի բաժինը գողանալու կասկածների հետ։ Օրինակ՝ Գրիգորյանը իր անձնական գազանանոցի կենդանիներին կերակրել է դպրոցականների և մանկապարտեզի սաների կողմից զինվորներին ուղարկված մթերքով։

«Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին։

Արշալույս գյուղի հանգստյան տուն 28 հասցեից խուզարկության ընթացքում առգրավվել է 18 հատ ՊԳ-7 տեսակի հակատանկային ականանետ, 20 հատ Ֆ-1 տեսակի նռնակ, 21.589 հատ տարբեր տրամաչափի փամփուշտ, տրոտիլ տեսակի պայթուցիկ նյութի 12 հատ 400-գրամանոց պայթաղյուս, 27 հատ ԿԴ տեսակի պայթուցիչ, 2 հատ գնդացրի փող և մի շարք այլ ռազմամթերք: Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված Մանվել Գրիգորյանին պատկանող առանձնատնից առգրավվել է 79 հրացան՝ գործարանային համարներով, 39 ատրճանակ՝ գործարանային համարներով, թվով 12.300 տարբեր տրամաչափի փամփուշտ: Առանձնատանը հայտնաբերվեցին նաև տասնյակ սեփականության վկայականներ:

Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան տանը հայտնաբերվեց նաև թվով երեք ավտոպարկ, որտեղ առկա էին ժամանակակից թանկարժեք ավտոմեքենաների հավաքածու, ռետրո ավտոմեքենաների, մոտոցիկլետների և ձնագնացների հավաքածու: Ուշագրավ էր նաև այն, որ հայտնաբերվեց նաև ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին պաշտպանության բանակի համար նախատեսված ամենագնացների շարք, շտապօգնության մեքենա: Դրանք պաշտպանության բանակին էին նվիրաբերել Ռուսաստանի հայ համայնքի ներկայացուցիչները, որոնք Գրիգորյանը ձևակերպել է իր բարեկամների անուններով և տեղափոխել իր սեփական ավտոպարկ:

ԱԺ պատգամավորը հանգստյան տանը ունի նաև սեփական կենդանաբանական այգի, որտեղ պահվում են վագր, արջեր, ջայլամներ, կա ձիարշավարան: Ստացված տվյալների հիման վրա պարզ դարձավ, որ ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար նախատեսված սնունդը Մանվել Գրիգորյանն օգտագործել է սեփական կենդանաբանական այգու կենդանիներին կերակրելու նպատակով», – նշված է ԱԱԾ հաղորդագրության մեջ:

Քրեական գործ է հարուցվել քր․ օր֊ի 235-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)․ ԱԱԾ֊ն նշում է, որ հարուցված գործի շրջանակներում կպարզի, թե «ինչու է զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր, հայտնվել Գրիգորյանի Ակնալճի հանգստյան գոտում»։

ԱԱԾ-ի տեսանյութը հրապարակելուց հետո ֆեյսբուքյան մի շարք օգտատերեր գրառումներ են կատարել՝ նշելով, որ հոլովակը տեսնելիս ճանաչել են իրենց կողմից զինվորներին ուղարկված նամակները։

Նշենք, որ Մանվել Գրիգորյանին զուգահեռ ձերբակալվել է նաև էջմիածինցի մեծահարուստ, Իտալիայում բնակվող քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանին։ Վերջինս, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, Գրիգորյանների կլանի հետ տարաձայնություններ է ունեցել։ Դոն Պիպոն մասնակցել է վերջին մի քանի օրերին Կարեն Գրիգորյանի հրաժարականի պահանջով Էջմիածնում կազմակերպված բազմահազարանոց ցույցերին։

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ նա բերման է ենթարկվել մեծ քանակությամբ ապօրինի զենք զինամթերք պահելու և մի քանի մարդկանց առևանգելու կասկածանքով։ Նույն քրեական գործով ձերբակալվել են ևս 4 անձինք, ովքեր հանդիսանում են ՌԴ քաղաքացիներ և ենթադրաբար Ասատրյանի թիկնապահներն են և վերջինիս հետ նախնական համաձայնությամբ ապօրինի պահել են հայտնաբերված զենքն ու ռազմամթերքը։