Երկրապահ կամավորների միության անդամ երկու վարորդներ բերման են ենթարկվել։ Նրանց, Ուազ և Գազ մակնիշների ավտոմեքենաները, որոնք բեռնված են եղել 2980 հատ «վաճառքի ենթակա չէ, ԶԻՆՎՈՐԻ բաժին» գրառմամբ մսի պահածոներով, հայտնաբերվել են Երևանի Սողոմոն Տարոնցի 12 հասցեի կայանատեղիում։ Այս մասին հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։
Վարորդները նշել են, որ իրենք են պահածոները բեռնել գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ գնդապետ Նազիկ Ամիրյանի ցուցումով:
Նշենք, որ օրերս ԱԱԾ-ն հրապարակել էր տեսանյութ, որը նկարահանվել էր ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Մանվել Գրիգորյանի ամառանոցում և առանձնատանը։ Նշենք, որ իրավապահները հայտնաբերել են զինվորի համար նախատեսված մթերք, բինտեր, հագուստներ, ինչպես նաև մեծ քանակությամբ զենք-զինամթերք, սեփականության տասնյակ վկայականներ, 3 ավոտպարկ՝ թանկարժեք մեքենաներով, անձնական գազանանոց։
Այսօր 81 կողմ, 3 դեմ ձայնով Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ որոշում է ընդունել՝ համաձայնելով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնել։