Գլխավոր / Ազգային ժողով / Վերացնել ռեյտինգայինը․ փորձագետները փակ համամասնական ընտրակարգ են առաջարկում

Վերացնել ռեյտինգայինը․ փորձագետները փակ համամասնական ընտրակարգ են առաջարկում

Ընտրական օրենսգրքի (ԸՕ) փոփոխություններով պետք է վերանա ռեյտինգային ընտրակարգը և ներդրվի փակ ցուցակով կամ լրիվ համամասնական ընտրակարգ, պնդում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները։ Փակ համամասնական ընտրակարգն այն է, երբ քաղաքացուն կուսակցությունների կազմած ցուցակներն են առաջարկվում և նա չի կարող փոփոխություն կատարել ընտրական ցուցակի մեջ, փաստորեն, ընտրում է կուսակցությանը:

Այս տարվա հունիսի 19-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել էր վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով: Հանձնաժողովի առաջին նիստը գումարվել է երեկ։ Հանձնաժողովի մեջ ներառված են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, տարբեր նախարարությունների անդամներ և ԸՕ փորձագետներ։ Հանձնաժողովի ղեկավարն է առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, իսկ քարտուղարը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Հոդված 3» ակումբում այսօր տեղի է ունեցել հանձանաժողովի մի քանի անդամների մասնակցությամբ քննարկում։

«Փոփոխման ենթակա են ընտրական օրենսգրքի բազմաթիվ դրույթներ, մոտ 50 հոդվածներ պետք է փոփոխվեն», — նշել է Իոաննիսյանը։

Ըստ վերջինիս՝ փոփոխությունները պետք է տանեն նրան, որ քաղաքացին ստիպված չլինի այլևս ընտրակաշառք վերցնել, քանի որ կհավատա՝ իր քվեն արժեք ունի։

Անդրադառնալով համամասնական ընտրակարգին՝ Իոաննիսյանն ասել է, որ կվերանա ևս մեկ միջոց, որը տարիներ շարունակ օգտագործվել է մարդկանց ահաբեկելու և իրենց ուզած թեկնածուի օգտին քվեարկել տալու համար։

«Ընտրողը ոչ թե գրիչով կնշի իր քվեն, այլ կընտրի իր նախընտրած դաշինքի կամ կուսակցության քվեաթերթիկը։ Եվ այդպիսով մենք կազատվենք գրիչներից», — նշել է Իոաննիսյանը՝ հիշեցնելով, որ երբեմն մարդկանց տալիս էին հատուկ գույնի գրիչներ, կամ ասում, թե որ վանդակի մեջ ինչպես նշում անել։

Հանձնաժողովի մասնակիցները կարևորում են, որ կատարվեն ապաֆինանսական ընտրություններ և դրա փոխարեն կուսակցությունների միջև լինեն գաղափարական բանավեճեր։

Հանդիպման մասնակից, ՀՔԱ Վանաձորի գրանսենյակի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը նշում է, որ ընտրողներին պետք է հնարավորություն տրվի ընտրել կուսակցությանը՝ որպես ամբողջություն իր գաղափարներով․ «Այն ժամանակ, երբ մենք ընտրել ենք անհատներին, նրանք շատ դեպքերում ներկայացրել են իրենց բիզնես շահերը, քաղաքացին ընտրում էր մարդ-օլիգարխի»։

Նա կարևորել է նաև կանանց մասնակցությունն ընտրություններին․ «Ուզում եմ նշել, որ կոնկրետ բաց ցուցակների առկայությունն ամենամեծ խոչընդոտը կլինի կանանց մասնակցության ապահովվումը։ Հատկապես խոշորացված համայնքներում կա մտածողություն, որ պատգամավոր կարող է լինել միայն տղամարդը, քանի որ փող ունեն միայն տղամարդիկ։ Մենք չենք կարող ուղղակիորեն ստիպել քվեարկել կանանց օգտին, բայց քվոտաների բարձրացման միջոցով հնարավոր է դա ապահովել»։

Հանդիպման մասնակից, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշել է, որ հավասար պայմաններ պետք է ստեղծել նաև զորամասերում։

«Այնտեղ իշխանություններն ունեն բացառիկ հնարավորություններ պարտադրելու քվեարկություն իրենց ուզած քաղաքական ուժին։ Սպաները պետք է բացակայեն ընտրատեղամասից, որ չճնշեն զինվորի կամքը», — նշել է Բագրատյանը։

Առողջական խնդիրներ ունեցողներին ուղեկցելու պատճառաբանությամբ նրանց հետ քվեախցիկի մոտ գնացողների հարցն է առաջարկվում նաև լուծել։ Այն դեպքերում, առաջարկում է Բագրատյանը, երբ մարդը ասում է, որ չի կարող քվեարկել ինքնուրույն, քանի որ ունի առողջական խնդիրներ, պետք է թույլ տալ նրան ուղեկցեն միայն բժշկի համապատասխան թղթի առկայության պայմաններում։ Մնացած դեպքերում ուղեկցողներ չպետք է լինեն։

Հանձնաժողովը պատրասվում է վերացնել նաև դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների թվի սահմանափակումը մեկ ընտրական տեղամասում․ «Պետք է լինեն ցանկացած քանակությամբ դիտորդներ և լրագրողներ»։

Բագրատյանն առաջարկում է նաև ընտրական հանցագործությունների պատժաչափերն ավելի խստացնել․ «Եթե մարդ կեղծիք է արել, օրինակ, 5 տարի պետք է բացակայի հանրությունից, քանի որ այդքան տարի խանգարել է հանրային զարգացումները»։

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը նշում է, որ պետք է այնպես անել, որ կուսակցությունները ունենան ընտրապայքարի հավասարության հնարավորություն։

«Հետևաբար ԸՕ-ից պետք է հանել այն դրույթը, որը սահամանափակում է կուսակցությունների կոալիցիա ձևավորել։ Ներկա ԸՕ-ով ընտրական արգելապատնեշը հաղթահարած միայն երեք կուսակցություններ կարող են ձևավորել կոալիցիա։ Մեր առաջարկն այն է, որ արգելապատնեշ հաղթահարած և պառլամենտ անցած բոլոր կուսակցություններն ունենան հավասար հնարավորություն կոալիցիաներ ձևավորելու համար»։

Դանիել Իոաննիսյանը նշել է, որ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին առաջարկ է արվել հանդիպել և կիսվել կարծիքներով։ ՀՀԿ-ն հրաժարվել է մասնակցել այդ քննարկումներին։

Նշենք, որ այս հանձնաժողովին զուգահեռ գործում է նաև խորհրդարանական հանձնաժողով, որի աշխատանքներին ՀՀԿ-ն մասնակցում է։

«Ժամանակի ընթացքում այս երկու հանձնաժողովի արդյունքները կմիավորվեն և կունենք մեկ ընդհանրական օրենսգրքի նախագիծ», -ասել է Տիգրանյանը։