Գլխավոր / Կրթություն / Օլիգարխ-դպրոցների համար չունեցած արտոնագիրը խնդիր չի եղել

Օլիգարխ-դպրոցների համար չունեցած արտոնագիրը խնդիր չի եղել

Նախորդ իշխանությունների հովանավորչության ներքո Հայաստանում գործող 4 դպրոցներ առանց արտոնագրի առկայության իրականացրել են տարրական կրթական ծրագիր։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։

Նախարարը նշել է, որ լիցենզիան թանկ չի եղել․ «Ուղղակի քանի որ ավագ դպրոցում չեն կարողացել լրացուցիչ աշակերտներ ներգրավվել՝ փորձել են իրենց ուսուցիչների զբաղվածությունը ապահովվել լիցենզիայից դուրս կրթական ծրագիր իրականացնելով»։

Ավելի վաղ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Պուշկինի անվան դպրոցը չունի տարրական կրթական ծրագիր իրականացնելու լիցենզիա․ «Փաստորեն, նախորդ իշխանության օրոք «պրեստիժնի» կոչվելու համար պարտադիր է եղել լիցենզիա չունենալը»:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հարությունյանը նշել է, որ, օրինակ, Չեխովի դպրոցի տնօրենը թույլ չի տվել որ տեսչական մարմինը մտնի դպրոց և ստուգումներ անի։ Եվ այդ դպրոցում 2-3-րդ հերթով ուսուցում է արվել ավագ դասարանների համար։

«Երբ տեսչական մարմինը մտել է, զանգեր են ստացել, որ այդ օլիգարխ դպրոցներին չդիպչեք», -ասել է նախարարը։

Վերջինս ընդգծել է, որ երբ դպրոցը լիցենզիայից դուրս աշակերտներ է ընդունում, դա ազդում է երեխաների առողջության վրա, քանի որ առաջանում է տարածքի պակասի խնդիր և այլն։ Կամ օրինակ, այն դպրոցներում որտեղ կրտսեր տարիքի երեխաները սովորել են ավագ դասարացիների համար նախատեսված դասասենյակներում, օգտվել են ոչ իրենց տարիքին համապատասխան նստարաններից, ինչը կարող է ողնաշարի խնդիրների հանգեցնել։

Նախարարը նշել է, որ գուցե այս տարի որոշ մեղմ մոտեցում լինի լիցենզիա չունեցած դպրոցների նկատմամբ, որ գալիք սեպտեմբերից դասապրոցեսը չտուժի, սակայն հաջորդ տարվանից շատ լուրջ խստացումներ կլինեն։

Նա հավելել է, այդ դպրոցներն արդեն իսկ դիմել են լիցենզավորման համար։

«Ա1+-ի» հետ զրույցում Երևանի Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի տնօրեն Նատալյա Ստեփանյանի խոսքով՝ դպրոցը 2006 թվականին ստացել է 1-ից 10-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնելու լիցենզիա, որն էլ իրավասու մարմինների կողմից անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել:

2010-ին տարանջատվել են տարրական և հիմնական կրթությունը, և առանձնացված լիցենզիաներ ունենալու պահանջ է դրվել։ Ըստ Ստեփանյանի՝ օրենքը հետադարձ ուժ չունի և նոր պահանջը չի կարող վերաբերվել գործող դպրոցներին:

Պուշկինի անվան դպրոցի տնօրենը, այնուամենայնիվ, չի պնդել, որ նախարարը սխալվել է, կամ էլ ոչ տեղին գրառում է արել։

«Դա մեկնաբանման խնդիր է։ Ես դեմ չեմ, որ ամեն բան ըստ նոր կարգի լինի, բայց պնդել, որ նախորդ արտոնագիրը տարրական կրթության իրականացում թույլ չի տալիս, դա, կարծում եմ, իրավական տեսանկյունից այդքան էլ ճիշտ չէ», -կայքի հետ զրույցում ասել է տնօրենը։

Նշենք, որ այդ դպրոցն է հաճախել Սերժ Սարգսյանի թոռը, նախկին գլխավոր ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի թոռը և այլ բարձրաստիճան պաշտոնյաների երեխաներ։

Tekali Taxi