Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Գևորգ Պետրոսյանն առաջարկում է «․․․մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»։ Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով՝ պատգամավորի այս գրառումը հիմք է տալիս մի քանի հոդվածով քրեական գործ հարուցել և հետևաբար զրկել նրան պատգամավորական մանդատից։
Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում օգոստոսի 3-ին 9 երիտասարդների վրա, ըստ տուժածների, սեռական կողմնորոշման հողի վրա հարձակումից և ծեծից հետո, Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել․ «Չգիտեմ՝ ինձ ով կմեղադրի և ինչքան, բայց վայրկյան առաջ պետք ա մեր Սուրբ հողից համատեղ ջանքերով դուրս մղենք (մեղմ եմ ասում) համասեռամոլներին, աղանդավորներին և նրանց պաշտպաններին…»։
Epress.am-ի հետ զրույցում Հելսինկյան իրավապաշտպան կազմակեպության Վանաձորի գրասենյակի ղեկավար Սաքունցը խստորեն քննադատել է Պետրոսյանի հայտարարությունը։ Օրենսդիր մարմնի ներկայացուցիչը, որը մասնակցում է հանրապետության օրենսդրական դաշտի ձևավորմանը, նշել է Սաքունցը, իր հայտարարությամբ հակասում է ՀՀ սահմանադրությանը և մարդու իրավունքների միջազգային բոլոր նորմերին, որոնց Հայաստանը միացել է. «Ինքը կա՛մ չի հասկանում, որ իր գնահատականը ամբողջովին հակասահմանադրական է, կա՛մ եթե ունի այդ քաղաքական համոզմունքները, ապա իր կուսակցությունը և խմբակցությունը անհրաժեշտ է, որ ներկայացնեն իրենց վերաբերմունքը և գնահատականը»։
Սաքունցի խոսքով՝ պատգամավորի գրառումը ամբողջությամբ ատելության խոսք է ընդդեմ մարդկանց, որոնք ունեն կրոնական այլ համոզմունքներ և սեռական այլ կողմնորոշում։ Ավելին, նա նաև ատելություն է սերմանում նաև այդ մարդկանց իրավունքները պաշտպանողների նկատմամբ․ «Կոնկրետ նաև իմ նկատմամբ և իմ նման մտածող մարդկանց նկատմամբ»։
Պատգամավորի հայտարարությունը, ըստ Սաքունցի, ամբողջությամբ տեղավորվում է քրեական օրենսգրքի դաշտում և նրա նկատմամբ պետք է քրեական հետապնդում սկսվի։ Ատելություն, թշնամանք, խտրականություն (Ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը հոդված 226) քարոզելու, ինչպես նաև պաշտոնական դիրքը (ՀՀ քրեական օրենսգիրք հոդված 308) չարաշահելու համար։