հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Փաշինյան․ «Թալանածը չեք մարսելու․․․ ուզում եք, գաղտանալսեք, ինչ ուզում եք արեք»

Փաշինյան․ «Թալանածը չեք մարսելու․․․ ուզում եք, գաղտանալսեք, ինչ ուզում եք արեք»

Մարդիկ զգում են, որ իրենց թալանածը վերադարձնելու ժամանակն է եկել Հայաստանի Հանրապետությունում, և նրանք ուզում են այդ պրոցեսը կասեցնել գաղտնալսումներով, ինչ-որ բաներ անելով։ Այդ մարդկանց անունները կոնկրետ են՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Հովիկ Աբրահամյան, Մանվել Գրիգորյան, Տարոն Մարգարյան, Գագիկ Խաչատրյան, տարբեր մանր ու մեծ չինովնիկներ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այսօր հրապարակված ձայնագրության, որտեղ խոսում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։

Youtube.com կայքում հրապարակված ձայնագրության մեջ զրուցակիցները քննարկում են Մարտի 1-ի գործը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հնարավոր ձերբակալության հարցը, հնչում են ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի, ՀՀ ՊՆ մեկ այլ նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունները։ Տեսանյութի տակ նշված ամսաթիվը սեպտեմբերի 5-ն է, սակայն այն կայքի այցելուներին հասանելի է դարձել այսօր։ Կարելի է ենթադրել, որ տեսանյութը բեռնվել է սեպտեմբերի 5-ին, իսկ բացվել այսօր։

Վարչապետը նշել է, որ հանդիպել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին և որ վերջինս հանդես կգա մամուլի ասուլիսով ու կպարզաբանի իրավիճակը։

«Հասկանանք, թե ինչ է տեղի ունենում․․․Իմ նախնական գնահատմամբ, տեղի է ունեցել ՀՔԾ պետի և ԱԱԾ տնօրենի գաղտնալսում․ ո՞վ է արել դա, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով, արդյո՞ք օրենքով նա իրավունք ունեցե՞լ է այդպիսի գաղտնալսում իրականացնել, ե՞րբ է տեղի ունենում այդ գաղտնալսումը, ի՞նչն է այս ամենի քաղաքական նպատակը․․․ ի՞նչ են ուզում անել սրանով», ֊ հարցեր է բարձրացրել Փաշինյանը։

Նա նշել է, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է և տարբերակ չկա, բոլոր մարդասպանները պետք է կանգնեն դատարանի առաջ։

Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում տեղի է ունենում կոռուպցիայի դեմ պայքար մի պայամաններում, երբ ողջ դատական համակարգը նշանակված է կոռուպցիոն իշխանությունների կողմից և երկար տարիներ սպասարկել է այդ կոռուպցիոն համակարգին։

«Ես դեռ վարչապետ ընտրվելուց հետո ինչի բա՞ն եմ թաքցրել։ Ասել եմ, որ դատավորանները մինչև հիմա զանգում են և հարցնում՝ ի՞նչ անենք, էս մի հարցը ոնց որոշենք։ Ես ասել եմ, որ հրաժարվում եմ դատական համակարգին տալ հրահանգներ։ Բայց դա չի նշանակում, որ դատական համարկարգից մեզ չեն զանգել ու ասել՝ վայ վախենում եմ էս ինչ գործը ոնց անենք, ինչ անենք և այլ», ֊ ասել է վարչապետը՝ անդրադառնալով ձայնագրության այն մասին, որտեղ խոսվում է, թե դատավորը ԱԱԾ տնօրենին է զանգահարել և ասել, որ վախեցած է։

Փաշինյանը նաև նշել է, որ նոր քրեական գործեր են հարուցվելու և դրա նպատակը կոռուպցիայի դեմ պայքարն է։

«Ես կոռուպցիոներների հետ, թալանչիների հետ որևէ կոմպրոմիս չունեմ ու չեմ ունենա։ Նրանք չեն կարող ինձ կանգնեցնել, նրանց պարտություն է սպասվում, որովհետև նրանք ժողովրդից թալանածը կոպեկ-կոպեկ պետք է վերադարձնեն,  Հայաստանի քաղաքացիներին գնդակահարածը պետք է պատասխան տա, սահմանից զինվորներին հանած, երևան բերածը պետք է պատասխան տա, երևանցիների պատուհանների վրա ավտոմատներով կրակածը պետք է պատասխան տա, օլիգարխների թիկնազորին զենք բաժանածը և ժողովրդի վրա կրակելու հրաման տվածը պետք է պատասխան տա։ Ես սա նոր չեմ ասում, սա ասել եմ, երբ եղել եմ ընդդիմադիր և բանտում, հիմա ասում եմ վարչապետի աշխատակազմից։ Բայց որոշողը դուք եք, դուք պետք է որոշեք, մեր կառավարության թիկունքին կանգու՞մ եք, թե չէ։ Այս իրավիճակում, քանի դեռ վարչապետ եմ, կոռուպցիայի հետ չի լինելու կոմպրոմիս, չեմ ենթարկվելու շանտաժի։ Դուք ձեր թալանածը չեք մարսելու։ Ուզո՞ւմ եք, գաղտանալսեք, ուզո՞ւմ եք, գաղտանտեսաձայնագրեք․ ինչ ուզում եք արեք, տարբերակ չկա», ֊ ասել է Փաշինյանը։