Գլխավոր / Համայնքներ / Հեղափոխական ընտրություններ. Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետ

Հեղափոխական ընտրություններ. Հայկ Մարությանը՝ Երևանի քաղաքապետ

Սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը ԿԸՀ֊ի նախնական տվյալներով հավաքել է 81,06 տոկոսը (294 109 ձայն): Դաշինքը, որին սատարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացարձակ մեծամասնություն է կազմելու Երևանի ավագանիում, իսկ ցուցակի առաջին համարը՝ Հայկ Մարությանը, ստանձնելու է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

Հավաքած քվեների թվով երկրորդն է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս (25 219 ձայն)։ Երրորդը՝ «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս (18 112 ձայն)։ «Լույսը» չի հաղթահարել դաշինքների համար սահմանված 8 տոկոսը, բայց կհայտնվի ավագանիում, քանի որ օրենքի պահանջ է առանվազն 3 ուժ ունենալ ավագանիում։

Մյուս ուժերը չեն հաղթահարել անգամ 2 տոկոսի սահմանը։ Այսպես՝ ՀՅԴ֊ն հավաքել է 1,62 տոկոս, «Երկիր ծիրանի» կուսակցությունը՝ 1.39, «Օրինաց երկիրը»՝ 1.09, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը՝ 0,82, «Ժառանգություն» կուսակցությունը՝ 0,75, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինքը՝ 0,69, Ռեֆորմիստների և «Ժողովրդական ուղի» կուսակցությունները՝ 0.22֊ական, «Հայք» կուսակցությունը՝ 0,19։

Սեպտեմբերի 23-ի ընտրություններն անցել են առանց լուրջ ընտրախախտումների, նվազագույն ահազանգերով ընտրատեղամասերից, ինչի մասին փաստել են տեղական դիտորդները։ Ընտրությունների ընթացքում քվեարկել է երևանցիների 43,65 տոկոսը։ Դա ավելի շատ է, քան 2017 թվականի մայիսի 14-ին կայացած Երևանի ավագանու ընտրություններում, որին մասնակցել էր քվեարկության իրավունք ունեցողների 40,99 տոկոսը։