20:00 Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել է 370 323 ընտրող, որը կազմում է քվեարկելու իրավունք ունեցող անձանց 43.65 տոկոսը։
18։00 Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ժամը 17։00֊ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը։
Ըստ վարչական շրջանների` քվեարկությունը ունի հետևյալ տեսքը․
Արաբկիր վարչական շրջանում 97932 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 33742֊ը կամ ընտրողների 34.45 տոկոսը
Դավթաշենում 32741 ընտրողից քվեարկել են 12283 կամ ընտրողների 37.52 տոկոսը
Էրեբունի վարչական շրջանում 94069֊ից 30249 ընտրող կամ՝ 32.16 տոկոսը
Կենտրոն վարչական շրջանում 94476 ընտրողից 32451֊ը կամ՝ 33.64 տոկոսը
Մալաթիա֊Սեբաստիայում 108804 ընտրողից քվեարկել է 36387֊ը կամ 33.43 տոկոսը
Նոր Նորք֊ում 101124 ընտրողից 36038֊ը կամ՝ 35.64 տոկոսը
Նորք Մարաշում 10868 ընտրողից 4011֊ը կամ՝ 36.91 տոկոսը
Նուբարաշենում 8301֊ից 2976 ընտրող՝ 35․85 տոկոսը
Շենգավիթ վարչական շրջանում ընտրողների 113850֊ից 40480֊ը՝ 35.56 տոկոսը
Քանաքեռ Զեյթունում 58992֊ից 20224֊ը կամ՝ 34.28 տոկոսը
Երևան քաղաքում ընդհանրապես քվեարկությանը մասնակցել են 848 հազար 343֊ից 294 հազար 534 ընտրող կամ ընդհանուր ընտրողների 34.72 տոկոսը
21։00֊ին ԿԸՀ֊ը կհրապարակվի այսօր կայացած ընտրությունների բոլոր 475 տեղամասերում քվեարկությանը մասնակցած ընտրողների թիվը
18։00 «Անկախ դիտորդ» նախաձեռնության գրանցած ընտրախախտումները․
6/8 Աջափնյակ
Դիտորդը նկատել է, որ ընտրողները քվեարկության սենյակում առկա խառնաշփոթի ժամանակ 2-3 հոգով են մոտեցել քվեախցիկներին: Հանձնաժողովի նախագահը և հանձնաժողովի մեկ այլ անդամ զգուշացրել են ընտրողներին: Դիտորդը հանձնաժողովի քարտուղարին պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի քարտուղարի կողմից այն պատճառաբանությամբ, որ վերջինս գտնում է, որ տվյալ դեպքում խախտում առկա չէ: Ավելի ուշ, դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահին և վերջինս համաձայնվել է գրանցել խախտման փաստը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
1/3 Ավան
Տարեց մի տղամարդ տեղամաս է այցելել ընտրելու ոմն տարեց կնոջ հետ, ով իբրև թե եկել էր օգնելու, որ այդ տղամարդը կարողանա ընտրել: Սակայն պարզվել է, որ այդ տղամարդը արդեն իսկ ընտրել է: Ոստիկաններ են եկել տեղամաս, թույլ չի տրվել երկրորդ անգամ ընտրել, միջադեպը գրանցվել է գրանցամատյանում:
4/34 Արաբկիր
Դիտորդը տեղեկացրել է, որ ժամը 16:00-ի դրությամբ տեղի է ունեցել այլ անձի փոխարեն քվերակության երեք դեպք, մասնավորապես, ընտրողները ընտրողների ցուցակում ստորագրել են այլ անձանց անվան դիմաց: Երկու դեպքում ընտրողներին, ում փոխարեն այլ ընտրողն արդեն ստորագրել էր, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ստացված պարզաբանման հիման վրա հնարավորություն է տրվել ստորագրել այլ նշումներ բաժնում, իսկ մյուս դեպքում ընտրողը 16:30-ի դրությամբ ընտրության չի մասնակցել:
Դիտորդը պահանջ է ներկայացրել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում արձանագրելու վերաբերյալ, սակայն պահանջը մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից պատճառաբանությամբ, որ ԿԸՀ-ն տվյալ միջադեպի մասին տեղեկացված է, համապատասան պարզաբանում տվել է, ուստի խախտում առկա չէ:
15։30 Քիչ առաջ Գլխավոր դատախազության ներկայացուցիչը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է մինչև ընտրությունների մեկնարկը (առավոտյան 08։00-ն) արձանագրված ընտրախախտումները։ Ըստ դատախազության՝ ուսումնասիրվել է մամուլի 15 հրապարակում, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից ներկայացված 4 գրառում։ Վարչական վարույթ է ձեռնարկվել մեկ դեպքով։ Արձանագրվել է քաղաքացու կողմից ոստիկանություն դիմում կամ հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու 74 դեպք։
Նշված առերևույթ իրավախախտումներից 19-ը վերաբերել են քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 21-ը՝ ընտրակաշառք տալուն, 4-ը՝ քարոզչություն կատարելու հարկադրելուն, 49-ը ընտրողների ցուցակները կազմելու կարգի խախտմանը։
82 դեպքով կատարվել են ստուգողական գործողություններ, 9 դեպքով նախապատրաստվում են նյութեր, 3 դեպքում քրեական գործ է հարուցվել՝ ընտրակաշառք տալու կասկածանքով։
Ըստ ԿԸՀ֊ի՝ ժամը 14։00֊ի դրությամբ Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելու իրավունք ունեցող մոտ 848 հազար քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 201 268 երևանցի՝ ընտրողների 23.72 տոկոսը։ Տվյալները ըստ վարչական շրջանների՝ Աջափնյակում ընտրողների 24.61 տոկոսն է մասնակցել, Ավանում՝ 26.75, Արաբկիրում 22.87, Դավթաշենում մոտ 26֊ը, Էրեբունիում 22.17, Կենտրոնում 21.5 տոկոսը, Մալաթիա֊Սեբաստիայում՝ 23.40, Նոր Նորքում 24.75, Նորք Մարաշում 25.21 տոկոս, Նուբարաշենում մոտ 25 տոկոս, Շենգավիթում 24.5, Քանաքեռ Զեյթունում 23.42 տոկոսը։
15։15 «Անկախ դիտորդ» նախաձեռնության արձանագրումները․
Աջափնյակ վարչական շրջանի 6/26 ընտրատեղամասում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստահված անձի վկայականը տեսանելի չի եղել, այլ բռնել է ձեռքում: Հանձնաժողովի նախագահի համապատասխան պահանջին վստահված անձը պատասխանել է, որ ինքը «էն տղեն չի, որ բեյջ կրի»: Երբ նույն պահանջով նրան դիմել է դիտորդը, վերջինիս սպառնացել է՝ «ակնոցներդ կջարդեմ»:
Կատարվածի առնչությամբ կազմվել է արձանագրություն, առկա են տեսագրություններ և լուսանկարներ: Դիտորդները նաև նկատել են, որ նույն անձը պարբերաբար դուրս է գալիս ընտրատեղամասից և շրջում տարածքում, տեղամասում ողջունում ընտրողներին և զրուցում նրանց հետ:
Արաբկիր վարչական շրջանի 4/1 ընտրատեղամասում անհայտ անձը վաղ առավոտից ուղղորդել է ընտրատեղամասում ընտրողներին, սակայն ոստիկանության ծառայողը նրան հեռացրել է: Ավելի ուշ նույն անձը վերադարձել է՝ ներկայանալով որպես թեկնածու և հայտարարելով, որ դա իր տարածքն է: Հանձնաժողովի նախագահը նրան զգուշացրել է, որ նրա ներկայությունը ընտրատեղամասում շատ երկար է տևում և պահանջել է հեռանալ:
Էրեբունի վարչական շրջանի 10/8 ընտրատեղամասում երկու անձ, որոնք ներկայացել են որպես «Իրավաբանների և հոգեբանների ասոցիացիայի արագ արձագանքման խումբ», վաղ առավոտյան մուտք են գործել ընտրատեղամաս մի քանի րոպեով, զննել են տարածքը և դուրս եկել: Ավելի ուշ կրկին փորձել են մուտք գործել ընտրատեղամաս, բայց հանձնաժողովի նախագահը թույլ չի տվել: Միջադեպն արձանագրվել է գրանցամատյանում, քանի որ նման անունով հավատագրմած որևէ խումբ չկա:
Կենտրոն վարչական շրջանի 9/55 ընտրատեղամաս է մուտք գործել մի տղամարդ և հարցրել, թե հանձնաժողովի կազմում ովքեր են ՀՅԴ կուսակցությունից: Դիտորդը նկատել է, որ հանձնաժողովի ՀՅԴ անդամներից մեկը նրա հետ դուրս է եկել ընտրատեղամասից և նրանից գումար ստացել: Դիտորդը կատարվածի մասին տեղյակ է պահել հանձնաժողովի նախագահին, սակայն վերջինս հրաժարվել է դեպքն արձանագրել:
Արաբկիր վարչական շրջանի 4/29 ընտրատեղամասը գտնվում է շքամուտքի առաջին հարկում, իսկ հենց շքամուտքի պատին փակցված է եղել «Լույս» դաշինքի քարոզչական պաստառ: Կատարվածի մասին տեղեկացվել է հանձնաժողովի նախագահը, որից հետո պաստառը հեռացվել է, դեպքն՝ արձանագրվել:
Ֆեյսբուքից․ «Գնացի ընտրելու, տեղամասի ներսում չկար թաղի տղեն, դրսում էլ չկար։ Կուտակում չկար։ Կռիվ չկար։ Կռիվ անող չկար, կռիվ տվող չկար։ Ընդամենը 2 ոստիկան, ոչ մի մեքենա չէին թողնում կանգնել տեղամասի մոտակայքում։ Բայց ամեն դեպքում մի տղա մեքենայով տատիկ էր բերել, որի հետ չկարողացավ մտնել քվեախցիկ։ Էդ վերապրուկը հույս տվեց, որ մեր հայկական ավանդական արժեքները դեռ չեն ոչնչացվել։
Եթե կար տատիկին բերողը, ուրեմն պարզ ա, որ եզակի դեպք չի, ու կազմակերպված կեղծիքը կա, տեսնենք ինչքանով կհաջողվի։ Ազգային արժեքների խստագույն պահպանության պատահական կոմիտե»։
13:10 Նորք-Մարաշ, 9/6 տեղամաս։ «Ականատես» դիտորդական նախաձեռնության դիտորդն արձանագրում է, որ տատիկն իր թոռան հետ առանց տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում գրառում կատարելու քվեախցիկում կատարել են ընտրություն: Խնդրին արձագանքել է «Իմ քայլը» դաշինքի վստահված անձը, որի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձի և «Իմ քայլը» դաշինքի վստաված անձի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Միայն քվեախցիկից դուրս գալուց հետո համապատասխան գրառում է կատարվել տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում:
Նշված է նաև, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության վստաված անձն ուղղորդել ընտրողներին՝ ցուցումներ տալով նրանց:
Նույն տեղամասում այլ խախտում է գրանցվել։ Արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք. ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը:
11։30 Ժամը 11:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 91 խախտում և 6 միջադեպ, ըստ «Ականատես» նախաձեռնության (այն ներառում է՝ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն)։ Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճակահանության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը, կողմնակի անձանց ներկայությանը: Խախտումներից մի քանիսը․
Կենտրոն 9/36 տեղամաս։ Հանձնաժողովի անդամների գործառույթների հերթափոխը չի իրականացվում սահմանված կարգով. ժամը 11:00-ի դրությամբ քվեաթերթիկներ և քվեարկության ծրարներ հատկացնող հանձնաժողովի անդամները չեն կատարել գործառույթների փոփոխություն:
Աջափնյակ 6/8։ Մի քաղաքացի մեքենայով (մակնիշը՝ Տոյոտա կոռոլա) տեղամաս է բերել մի քանի ընտրողների, այնուհետև մուտք է գործել տեղամասային կենտրոն և հանձնաժողովի անդամ Գայանե Խուրշուդյանին հարցրել՝ արդյո՞ք ամեն ինչ կարգին է, և ապա հեռացել է տեղամասից: Դիտորդը պահանջել է գրանցել խախտումը տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյանում, սակայն հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Մնացականյանը հրաժարվել է՝ պատճառաբանելով, որ կգրանցի խախտումը, եթե տվյալ անձը կրկին մուտք գործի տեղամաս: Երկրորդ անգամ տվյալ անձը դարձյալ մի քանի ընտրողների է բերել տեղամաս, սակայն, տեղամասային կենտրոն մուտք չի գործել: Դիտորդը կրկին խնդրել է գրանցել խախտումը գրանցամատյանում, սակայն առաջարկը կրկին մերժվել է հանձնաժողովի նախագահի կողմից․ նա պատճառաբանել է, որ հնարավոր է անձը իր ընտանիքի անդամներին է ուղեկցում տեղամաս և կգրանցեն խախտումը այն դեպքում, եթե վերջինիս կրկին անգամ նկատեն տեղամասի տարածքում:
Շենգավիթ 8/39։ Դիտորդը 9։48-ին հայտնել է, որ 08:00-ին տեղամասից մոտ 70 մ հեռավորության վրա կայանված է առանց պետհամարանիշների ավտոմեքենա, որի կողքը կան տղամարդիկ: Նկատել են դեպքեր, երբ ընտրողները դուրս են եկել տեղամասից և մոտեցել են այդ ավտոմեքենային:
Դավթաշեն 5/10։ Դիտորդը տեղեկացրել է, որ քվեախցիկի հետևում առկա է դուռ, որի վրա կա բանալի: Դիտորդը խնդրել է տեղափոխել քվեախցիկը և վերջինիս խնդրանքին ի պատասխան սկզբում հանձնաժողովի նախագահը հրաժարվել է տեղափոխել քվեախցիկը, այնուհետև, երբ դիտորդը պահանջել է արձանագրել գրանցամատյանում խախտման վերաբերյալ իր գնահատականը, վերջինս համաձայնվել է և քվեախցիկը տեղափոխվել է:
Ավելի ուշ, Տարածքային ընտրական հանձնաժողովից այցելել են տեղամաս և պահանջել նույն տեղում դնել քվեախցիկը, իսկ ետնամասում գտնվող դռան վրա փակցվել է թուղթ՝ դիտորդի ստորագրությամբ:
11։20 «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը ժամանել է թիվ 4/20 ընտրատեղամաս, որտեղից նախաձեռնության դիտորդն ահազանգել էր խախտումների մասին։
Իոաննիսյանը «Ազատություն» ռադիակայանի հետ զրույցում պատմեց, որ հանձնաժողովի նախագահը «Լուսավոր Հայաստան» կուսակցության կրծքանշանն էր կրում, ինչը տեղամասում քարոզչություն է հանդիսանում, իսկ դա արգելված է։
Նա նաև հայտնեց, որ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է իրենց դիտորդի գործունեությունը։
Իոաննիսյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահին, հարցրեց՝ արդյոք նա «Լուսավոր Հայաստանի» կրծքանշան էր կրում և արդյոք տեղյակ է, որ դա վարչական իրավախախտում է․ «Դուք որպես հանձնաժողովի անդամ ընդհանրապես իրավունք չունեք քարոզչությամբ զբաղվել, ընտրական տեղամասում առավել ևս։ Դա վարչական խախտում է, որը մենք երևի դատարան կտանենք»։ Կինն ասաց, որ արդեն հանել է կրծքանշանը։
Հանձնաժողովի նախագահը հերքել է դիտորդի գործունեությանը խոչընդոտելու մասին տեղեկությունը․ «Բացարձակ չենք խոչընդոտել։ Ես խնդրել եմ ուղղակի, եթե հոսքը շատանում ա, մեկը մյուսին չխանգարեն աշխատանքների ժամանակ ընդամենը»։ Իոաննիսյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դիտորդի գործունեությանը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է։
11։11 ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook սոցցանցի իր էջի ուղիղ եթերով դիմել է ժողովրդին։ Դրանից րոպեներ առաջ վարչապետը քվեարկել է Շենգավիթ վարչական շրջանի 133 մանկապարտեզում տեղակայված ընտրատեղամասում․
«Չկա որևէ կասկած, որ դուք եք որոշում կայացնելու, ձեր որոշումն է արձանագրվելու, և ես հույս ունեմ, որ Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի բնակիչները, կարձանագրեն այս պահի լրջությունը և կգնան ընտրական տեղամասեր՝ քվեարկելու։ Այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն և արձանագրվելու է ժողովրդի ձայնը։
Այս ընտրարշավն իրական ընտրարշավ էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն ամեն ձայնի համար, այդ թվում և իշխանությունը. մենք նույնպես հասկանում էինք, որ պետք է ամեն ձայնի համար պայքարենք, և երբ որ ասում են՝ կրքեր են բորբոքվում, ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և ես կարծում եմ, որ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական, ոչ ոք ձև չի անելու, ոչ մի կաբինետում ընտրությունների արդյունքները գրված դարակներում դրված, կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին, կա՛մ Ոստիկանությանը, կա՛մ ԱԱԾ-ին փոխանցված չեն լինելու, որ այսպիսին պետք է լինեն ընտրությունների արդյունքները։ Այնպես որ, պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի»։
Քվեարկելուց հետո վարչապետը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին։ Դրանից հետո նա մեկնելու է Դուշանբե, որտեղ մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։ Հայաստան է վերադառնալու շաբաթվա վերջին։
10։50 Այսօր առավոտվանից մի քանի ընտրատեղամաս այցելած Epress.am֊ի լրագրողները փաստել են, որ իրավիճակը հանգիստ է. ի տարբերություն նախորդ տարի կայացած խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին չկան բազմաթիվ ուղղորդող անձինք, չկան կուտակումներ ընտրատեղամասերի բակերում, վստահված անձերի և հանձանժողովի անդամների միջև վիճաբանություններ ընտրատեղամասի ներսում։
09։50 Սեպտեմբերի 23-ին՝ 08։00֊ից, Երևանում մեկնարկել են ավագանու ընտրությունները։ Ապրիլյան թավշյա հեղափոխությունից հետո սրանք Հայաստանում կայացած առաջին խոշոր ընտրություններն են։ Երևանի ավագանում հայտնվելու հավակնություն է հայտնել 12 քաղաքական ուժ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն, «Երևանի հանրություն» կուսակցությունների դաշինք, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինք, «Երկիր ծիրանի» կուսակցություն, «Ժառանգություն» կուսակցություն, «Ժողովրդավարական ուղի» կուսակցություն, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք, «Լույս» կուսակցությունների դաշինք, ՀՅԴ, «Հայք» կուսակցություն, Ռեֆորմիստների կուսակցություն, «Օրինաց երկիր» կուսակցություն։