Գլխավոր / Համայնքներ / Գեներալը կասկածվում է հեղափոխության օրերին հատուկ միջոցներ կիրառելու մեջ

Գեներալը կասկածվում է հեղափոխության օրերին հատուկ միջոցներ կիրառելու մեջ

ՀՀ ոստիկանության Ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ՝ ՀՀ քրեական օրենսգրի 309 հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, գրում է Armtimes.com-ը։

Սեպտեմբերի 24-ին Երանոսյանին մի քանի ժամ հարցաքննում էին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում:

Ըստ վարկածի՝ ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում և ապրիլի 22-ին Արցախի պողոտայի սկզբնամասում տեղի ունեցած դեպքերի ժամանակ նա հատուկ միջոցներ է կիրառել՝ դրա իրավասությունը չունենալով:

Տեղեկությունը հաստատեց Լևոն Երանոսյանի փաստաբան Տիգրան Սաֆարյանը: Կայքի հարցին, թե ընդունո՞ւմ է Երանոսյանն առաջադրված մեղադրանքը, Սաֆարյանը պատասխանեց՝ իհարկե չի ընդունում: Հարցին՝ Երանոսյանն ասե՞լ է, թե ինչու է հատուկ միջոց կիրառել կամ ո՞ւմ հրամանով, փաստաբանը պատասխանեց. «Ցուցմունք տվել է, պաշտպանական կողմի դիրքորոշումն այն է, որ որևէ խնդիր չի եղել այդտեղ հատուկ միջոցի կիրառման իրավաչափության հետ կապված: Կադրերում հստակ երւում է, որ մարդիկ են եղել, որոնք տարբեր առարկաներ են նետել ոստիկանների ուղղությամբ»:

Դիտարկմանը, որ հատուկ միջոց կիրառելու հետևանքով այդ օրերին բազմաիթվ քաղաքացիներ են հոսպիտալացվել, ընդ որում, սխալ կիրառելու հետևանքով, Սաֆարյանն ասաց, որ կիրառված հատուկ միջոցները Առողջապահության նախարարությունում փորձաքննություն են անցել և անվտանգ են անձի առողջության համար․ «Թե ինչու է վնաս հասցրել, դա պետք է քննությամբ պարզվի: Բայց այն, որ այս լուսաձայնային նռնակը սպառազինության մեջ է ու հենց կիրառման համար, դա միանշանակ է»:

Սաֆարյանի խոսքով՝ Լևոն Երանոսյանի մասնակցությամբ մի շարք քննչական գործողություններ են կատարվել: Նրա հետ նաև առերես հարցաքննություն է տեղի ունեցել: Թե ում հետ է առերեսվել Երանոսյանը, Սաֆարյանը չասաց՝ նախաքննության գաղտնիությունից ելնելով:

Թավշյա հեղափոխության շրջանում, ապրիլի 16-ին և 22-ին կիրառված հատուկ միջոցի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ են հոսպիտալացվել: Ապրիլի 16-ին Բաղրամյան պողոտայում հավաքված ցուցարարների նկատմամբ ոստիկանության կիրառած հատուկ միջոցների՝ ձայնային նռնակների արձակման հետևանքով մարմնական վնասվածքներ էին ստացել 54 հոգի, այդ թվում 6 ոստիկաններ: Արցախի պողոտայում կիրառված հատուկ միջոցի հետևանքով ևս բազմաթիվ քաղաքացիներ են տուժել: