Home / Հայաստան / Փաշինյանը ՄԱԿ֊ում խոսել է ղարաբաղյան հակամարտության և հայաստանյան ընտրությունների մասին

Փաշինյանը ՄԱԿ֊ում խոսել է ղարաբաղյան հակամարտության և հայաստանյան ընտրությունների մասին

Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին, Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի ընթացքում հնչեցրած իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Իրապես ազատ, արդար և մրցակցային ընտրություններ անցկացնելու համար կարևոր քննություն էին Երևանի ավագանու ընտրությունները, որոնք տեղի ունեցան Նյու Յորք մեկնելուցս անմիջապես առաջ: Այն, որ Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ բոլոր թեկնածուները շնորհավորեցին հաղթող թեկնածուին, խոսում է Հայաստանում միանգամայն նոր քաղաքական մշակույթի հաստատման մասին», – ասել է նա՝ հավելելով, որ այդ նույն ոգով իշխանությունները պատրաստվում են արտահերթ խորհրդարանական ընտրությունների: «Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունները պետք է դառնան և կդառնան Հայաստանում անշրջելի իրականություն, որը կհանգեցնի ուժեղ ու կենսունակ ժողովրդավարական ինստիտուտների և հակակշիռների գործուն համակարգի կայացմանը: Մեր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, խոսքի, խղճի և հավաքների ազատությունն ապահովելը մեր օրակարգի առանցքային կետերից մեկն է: Այսուհետ ընտրական գործընթացը կեղծելու և քաղաքացիների վստահությունը չարաշահելու ու խարխլելու հնարավորություն չի լինի»:

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը սոսկ կառավարության կամ իշխող կուսակցության փոփոխություն չէ․ «Ստեղծվում է նոր քաղաքական և կառավարման համակարգ, որը մենք կոչում ենք ժողովրդի ուղղակի, անմիջական իշխանություն և կառավարում: Այս համակարգն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու համար մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի կամարտահայտությունը ոչ միայն ընտրությունների, այլև տեղական և ազգային հանրաքվեների միջոցով, որպեսզի մարդիկ ներգրավվեն որոշումների կայացման գործընթացում: Ինքս լինելով նախկին քաղաքական բանտարկյալ՝ գիտեմ, թե որքան թանկ է խնդիրները բարձրաձայնելու և սեփական ապագան որոշելու հնարավորությունը»։

Չնայած ներքաղաքական կյանքում տեղի ունեցող արմատական փոփոխություններին, ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում չկան կտրուկ շրջադարձեր, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով Գլխավոր ասամբլեայի նախագահին:

«Հայաստանի արտաքին քաղաքականության շարունակականությունը վկայում է այն մասին, որ Հայաստանը կանխատեսելի և հուսալի գործընկեր է: Մեր միջազգային պարտավորությունները ենթակա չեն վերանայման: Մեր դիրքորոշումը հստակ է. Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության և համագործակցության բոլոր գործընկերների հետ: Մենք մտադիր չենք զարգացնել մեր հարաբերությունները մեկ գործընկերոջ հետ՝ մյուսի հաշվին: Մենք կարևորում ենք բազմակողմանիության դերը գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում։

Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո Հայաստանը ներգրավված է համապարփակ և կենսունակ համագործակցության ծրագրերում: Թույլ տվեք առանց մանրամասնելու հիշատակել մեր մասնակցությունը ՄԱԿ-ի հովանու ներքո իրականացվող խաղաղության գործողություններին, որոնց աշխարհագրությունն ավելի քան տպավորիչ է՝ Աֆղանստանից Լիբանան, Կոսովո, Մալի և այլն: Սա առանձնահատուկ նշանակություն ունի մեր երկրի համար, որն ինքն ունի անվտանգության հետ կապված լուրջ մտահոգություններ: Մենք գիտակցում ենք, որ մեկ երկրի անվտանգությունը սերտորեն առնչվում է մյուս երկրների անվտանգության հետ, և որ գլոբալ խաղաղությունը պահանջում է համաձայնեցված գործողություններ», – ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ կառավարության ղեկավարը նշել է, որ այն ռազմական ճանապարհով լուծելու ցանկացած փորձ ուղղակի սպառնալիք է տարածաշրջանային անվտանգության, ժողովրդավարության և մարդու իրավունքների համար:

«Հայաստանը կշարունակի իր կառուցողական ներգրավվածությունը հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, որին էլ տրված է հակամարտության կարգավորման միջազգայնորեն ճանաչված միակ մանդատը: Ադրբեջանը պետք է փոխի բանակցությունների հանդեպ իր անհարգալից վերաբերմունքը, պետք է լիովին հրաժարվի ցանկացած ռազմական լուծման գաղափարից և իրագործի բոլոր նախորդ համաձայնագրերը:

Ավելին, եթե Ադրբեջանն իսկապես հավատարիմ է խաղաղ գործընթացին, ապա պետք է սկսի երկխոսել այս հակամարտության հիմնական սուբյեկտի` Լեռնային Ղարաբաղի հետ: Ադրբեջանն ամեն առիթով հայտարարում է, որ Ղարաբաղը պետք է լինի իր տարածքի մի մասը: Միևնույն ժամանակ հայտարարում է, որ չի բանակցելու Լեռնային Ղարաբաղի հետ: Խնդիրն այն է, թե ինչպես կարող է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավակնություն ներկայացնել առանց նույնիսկ ԼՂ-ի հետ երկխոսելու: Դա հնարավո՞ր է: Դա հնարավոր է, եթե միայն Ադրբեջանի ղեկավարությանը հետաքրքրում է ոչ թե ժողովուրդը, այլ բուն տարածքը: Այսպիսով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանի ղեկավարության մտադրությունն այն է, որ Ղարաբաղը մաքրվի հայերից, ինչպես եղավ Նախիջևանում: Սա իրավունք է տալիս Լեռնային Ղարաբաղին ասել, որ Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում: Հետևաբար Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն», – ասել է վարչապետը։

Ամփոփելով` նա վերահաստատել է, որ հակամարտությունը կարող է և պետք է կարգավորվի միայն կողմերի փոխադարձ զիջումների միջոցով` խաղաղության և ոչ թե պատերազմի մթնոլորտում:

Tekali Taxi