Գլխավոր / Հայաստան / ԱԱԾ-ն ստուգում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի գործունեությունը

ԱԱԾ-ն ստուգում է Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահի գործունեությունը

ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ՝ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու դեպքի առթիվ նախատեսված ՔՕ 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի երրորդ մասի առաջին կետով։

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ստացված նախնական տվյալների համաձայն, Արմեն Ավետիսյանը, 2001 թվականից զբաղեցնելով ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնը, իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել և հիմնականում կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երևանի Ազատության պողոտայում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը, հայտնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը։

«Իր և մյուսների մասնակցությունն, ինչպես նաև ֆինանսավորման աղբյուրը քողարկելու նպատակով հյուրանոցի կառուցումը վերագրվել է Կիպրոսի օֆշորային գոտում հիմնադրված «Ռիվերհիլ Հոլդինգս» ՍՊ ընկերությանը` հանրությանը այդկերպ մոլորեցնելով, թե հյուրանոցի կառուցման համար ծախսված միլիոնավոր ԱՄՆ դոլարներն իբր ՀՀ-ում օտարերկրյա ներդրում է: Արմեն Ավետիսյանն անձամբ վերահսկելով շինարարական աշխատանքների ընթացքը, իր պաշտոնական դիրքն օգտագործելով, առանձին դեպքերում նաև նպաստել է հյուրանոցի կառուցման ընթացքում ծագած տարաբնույթ խնդիրների լուծմանը:

Հատկանշական է, որ օտարերկրյա ներդրումներով հյուրանոցը կառուցված լինելու փաստարկն ավելի համոզիչ դարձնելու համար 2005 թվականին հյուրանոցի բացման արարողության ժամանակ հանրությանը, որպես օտարերկրյա ներդրող ներկայացվել է իրականում այդ ընկերության գործունեության հետ որևէ կապ չունեցող Լիբանանի քաղաքացու, ով որոշ ժամանակ նույն հյուրանոցում աշխատել է ընդամենը որպես տնօրեն:

Այնուհետև, ընդլայնելով հյուրանոցային բիզնեսը` նույն կազմակերպության անունից 2010-2012 թվականներին Ծաղկաձորում կառուցվել է «Գոլդեն Փելես» հյուրանոցը: 2012 թվականին վերը նշված երկու հյուրանոցների սեփականատերը դարձել է Անգլիայի Դուգլաս քաղաքում հիմնադրված «Գոլդեն գրուպ լիմիտեդ» ՓԲԸ-ն, որի 100 տոկոս բաժնետեր հանդիսացել է Արմեն Ավետիսյանի որդին՝ Արտաշես Ավետիսյանը:

Հետագայում` 2018 թվականին, Արմեն Ավետիսյանի և նրա որդու կողմից Երևանի Հյուսիսային պողոտայում հիմնադրվել է երրորդ` «Գոլդեն փելես բուտիկ» հյուրանոցը: Ի դեպ, վերոնշյալ երեք հյուրանոցների շուկայական ընդհանուր արժեքը 2016 թվականին գնահատվել է շուրջ 90 մլն ԱՄՆ դոլար», — ասվում է տարածված տեսանյութում։ Ըստ Ազգային Անվտանգության ծառայության՝ կատարվում է նախաքննություն, քրեական գործի շրջանակներում իրականացվում են լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհետաձգելի քննչական գործողություններ` հյուրանոցների կառուցման համար ներդրված միլիոնավոր դոլարների ծագման իրական աղբյուրը, փաստացի ներդրողներին և հնարավոր մյուս սեփականատերերին պարզելու ուղղությամբ: