Գլխավոր / Ազգային ժողով / ՀՀԿ-ն միջազգային հարթակներում ևս չի ներկայացնում ժողովրդի շահերը

ՀՀԿ-ն միջազգային հարթակներում ևս չի ներկայացնում ժողովրդի շահերը

Վերջերս հրապարակվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցող Յուլիա Լովոչկինայի (Ուկրաինա) հայտարարությունը Հայաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումների վերաբերյալ, որում նա մասնավորապես ասում էր, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության թիվը ցույց է տվել, որ հանրային վստահությունը քաղաքական գործընթացների նկատմամբ դեռ ցածր է և կոչ արել, որ Հայաստանում հարգեն ժողովրդավարական արժեքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը՝ անդրադառնալով վերջրես Ստրասբուրգ կատարած իր այցին։

«Մի կողմ դնելով այն փաստը, որ եվրոպական շատ երկրներում, Արևելյան գործընկերության անդամ երկրներում տեղական մարմինների ընտրությունների ժամանակ գրեթե նույն չափի կամ աննշան տարբերությամբ մասնակցություն է գրանցվում, շատ տարօրինակ է նման գնահատական տալ մի հանրությանը, որը գոնե վերջին տասնամյակում երբեք այսքան շահագրգիռ չի եղել իր մասնակցությամբ քաղաքական գործընթացների վրա ազդելու առումով:

ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքյեի և ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Վոյչեխ Սավիցկի հետ հանդիպումների ժամանակ, տեղեկացրել եմ, որ մենք, անչափ կարևորելով Հայաստանում ԵԽԽՎ-ի կողմից իրականացվող մոնիտորինգային գործընթացը, ակնկալում ենք, որ այսուհետ մոնիտորինգի համազեկուցողները կլսեն բոլոր կողմերի փաստարկները, այլ ոչ թե հիմք կընդունեն ԵԽԽՎ-ի հայաստանյան պատվիրակության կարծիքը, որը դեռ մեծամասամբ ներկայացնում է ՀՀԿ-ն և իրենց կողմնապահ հայտարարություններով չեն ստվերի ԵԽԽՎ-ի հեղինակությունը, ինչպես նաև թույլ չեն տա, որ իրենց անունը շահարկվի քաղաքական նպատակներով», — գրել է պատգամավորը:

Նշենք, որ հայաստանյան պատվիրակության ղեկավարն է ԱԺ փոխնագահ, ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանը։ Պատվիրակության կազմում են ՀՀԿ-ական պատգամավորներ Կարինե Աճեմյանը, Սամվել Ֆարմանյանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուսատմյանը և «Ծառուկյան» խմբակցությունից Նաիրա Զոհրաբյանը։ «Ելք»-ից Էդմոն Մարուքյանը, «Ծառուկյան» խմբակցությունից ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը և ՀՀԿ-ական Ռուսատամ Մախմուդյանը փոխարինող անդամներ են։

Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս անդրադարձել էր ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը և նշել, որ «ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը ոչ մեկին չի ներկայացնում, ներկայացնում է նախկին կոռուպցիոն համակարգը»։