Home / Հայաստան / Բռնցքամարտիկները ֆեդերացիայի նոր ընտրություններ են պահանջում

Բռնցքամարտիկները ֆեդերացիայի նոր ընտրություններ են պահանջում

Հոկտեմբերի 18-ին նախկին և ներկա բռնցքամարտիկները բողոքի ակցիա են անցկացրել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մոտ՝ փակելով Թումանյան֊Աբովյան խաչմերուկը։ Ակցիայի մասնակիցները պահանջում էին Հայաստանի բռցքամարտի ֆեդերացիայի նոր ընտրություններ անցկացնել։

«Էս ա մեր քայլը, որ նախարարությանը մենք թե՛ խնդրում, թե՛ պահանջում ենք նոր ընտրություններ։ Արդեն նամակով դիմել ենք, մի անգամ էլ ենք դիմել։ Հիմա երևի էսօր էլի նամակ կտանք, որ էս ամբողջին ճիշտ ուշադրություն դարձվի», ֊ Factor.am-ի ուղիղ եթերի ընթացքում ասել է մասնակիցներից մեկը։

Նախկին բռնցքամարտիկ Արտակ Մալումյանը, որ 2008֊2013 թթ. եղել է Բռնցքամարտի ֆեդերացիայի փոխնախագահը, նշել է․ «Հավաքը ներկայիս գործող ֆեդերացիայի հետ է կապված՝ նրա աշխատանքի, գործունեության , թերացումների և այլն։ Բայց ամենակարևորը, կոնկրետ ինչի համար հավաքվել ենք բռնցքամարտի աշխարհի վաստակավոր մարզիչներով, գործիչներով և արդյունք տված բռնցքամարտիկներով՝ բոլորով, ուզում ենք, որ անպայման՝ ամենակարևորը խաղաղ ձևով, նորից ընտրություններ հայտարարվի ու ըստ այդմ որոշվի նոր ֆեդերացիա, որովհետև խնդիրներ ունենք այս պահին ֆեդերացիայի գործունեության հետ, որը ցանկալի արդյունքներ չի տալիս սպորտի ասպարեզում՝ կոնկրետ բռնցքամարտի ասպարեզում»։

Նախկին բռնցքամարտիկը նշել է նաև, որ այս քայլով փորձում են Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ուշադրությունը ևս մեկ անգամ հրավիրեն այս խնդրին․ «Ակցիա ենք կազմակերպել, որ որպես բռնցքամարտիկներ հարցը բարձրացնենք, մեր անհանգստությունը արտահայտենք, որպեսզի Սպորտի նախարարությունը կարողանա մասնագիտական և ճիշտ մոտեցում տալ, կարողանա մեզ լսի։

Համոզված եմ, որ նախարարությունը խնդիրն անպայման կլուծի, մեզ կսատարի։ Մենք կոնկրետ անձերի չենք դեմ, մենք դեմ ենք աշխատանքին, որը ցանկալի արդյունքների չի բերում առ այսօր», ֊ ասել է Մալումյանը։

Եզրափակելով, ակցիայի մասնակիցներն ընդգծել են, որ իրենց գլխավոր նպատակը արդար ընտրություններն են, իսկ հաղթողի ձեռքը պատրաստ են սեղմել ու շնորհավորել։

Բռնցքամարտիկները մտադիր են շարունակել բողոքը նաև վաղը՝ հոկտեմբերի 19-ին։

Tekali Taxi