Գլխավոր / Ազգային ժողով / Կուսակցությունների նվազագույն թիվը ԱԺ-ում կավելանա

Կուսակցությունների նվազագույն թիվը ԱԺ-ում կավելանա

Նոր ընտրական օրենսգրքով կուսակցությունների համար ստեղծվել է բավականին բարենպաստ իրավիճակ։ Մասնավորապես, նվազել է ընտրական գրավի, կուսակցությունների ընտրվելու շեմերը։ Բացի դրանից՝ նախատեսվում է, որ խորհրադարան են անցնելու նվազագույնը 4 ուժ, նախորդ 3-ի փոխարեն։ Այս մասին «Մեդիա կենտրոն»-ում հրավիրված քննարկման ժամանակ ասել է Վարչապետին առընթեր Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Վարդինե Գրիգորյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 16-ին Կառավարությունը հաստատել է ԸՕ-ի փոփոխությունների փաթեթը և ուղարկել է Ազգային ժողովի քննարկմանը, որը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին։ Այս փոփոխություններով հիմնականում առաջարկվում է, որ Հայաստանում իրականացվի ամբողջական, պարզ, համամասնական ընտրակարգ։

Գրիգորյանը նշել է, որ գրավի վերադարձման մեխանիզմներ են մշակվել։ Այսինքն՝ կուսակցությունները, եթե ստանում են 2 տոկոս ձայներ, իսկ դաշինքները, եթե ստանում են 4 տոկոս ձայներ,  ընտրագրավը հետ են ստանում։

Նոր ԸՕ-ով էապես բարելավվել է նաև կանանց ներկայացվածության խնդիրը։ Կան որոշակի փոփոխություններ հաշմանդամություն ունեցող անձանց քվեարկության ապահովման համար։

Հանդիպման բանախոս ԸՕ-ի  բարեփոխումների հանձնաժողովի անդամ Համազասպ Դանիելյանը նշել է, որ այս փոփխությունները մի բան են, որոնց մասին խոսվում է դեռ 90-ականներից․ «Նպատակը եղել է ստեղծել հնարավորություն ավելի մրցակցային կուսակցական համակարգ, ստեղծել ավելի ներկայացուցչական քաղաքական ինստիտուտ, ավելի հավասար պայմաններում գաղափարները ներկայցնելու և քվեի համար պայքարելու նախադրյալներ»։

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Ժառանգություն» կուսակցության նախագահ Արմեն Մարտիրոսյանը և «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանը։ Նրանք նշել են, որ հիմնականում հանձնաժողովը հաշվի է առել իրենց կողմից ներկայացված դիտարկումնները, քննարկումնների ժամանակ իրենք նույնպես ներկա են եղել։

«Այս ընտրական օրենգիրքը մի քանի քայլ առաջ է նախորդ ընտրական օրենսգրքերից։ Տեխնիկական առումով ունենք բոլոր հնարավորությունները ազատ և արդար ընտրություններ կատարելու համար», — ասել է Արմեն Մարտիրոսյանը։

Բանախոսները նշել են, որ շատ ավելի փոփոխություններ կարելի էր անել, բայց սուղ ժամկետ կար փոփոխությունների փաթեթ մշակելու և այն Ազգային ժողովի քննարկամանը ներկայացնելու։

Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին մանրամասն՝ այստեղ։