Գլխավոր / Մեդիա / «Նովայա գազետա»-ն հայտնել է իրեն հասցեագրված սպառնալիքի մասին

«Նովայա գազետա»-ն հայտնել է իրեն հասցեագրված սպառնալիքի մասին

Հոկտեմբերի 17-ին Մոսկվայում՝ ռուսաստանյան «Նովայա գազետա» խմբագրության շենքի մոտ, անհայտ անձինք թաղման ծաղկեպսակ են թողել՝ խմբագրության լրագրողներից մեկին հասցեագրված սպառնալիքներով: Իսկ հաջորդ օրը նույն տեղում հայտնաբերվել է ոչխարի կտրված գլխով զամբյուղ՝ սպառնալիքների հերթական չափաբաժնով՝ հասցեագրված արդեն ողջ խմբագրությանը և լրագրողներին: Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:

«Նովայա գազետա»-ի խմբագրութունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է, որ զրպարտությունը և ֆեյքերը պատերազմների, սպանությունների և հասարակական գործիչների ու լրագրողների վրա հարձակումների են հանգեցնում. «Զրպարտությունը մեր օրերում վտանգավոր զենք է:

Զրպարտությունը և ֆեյքերը պատերազմների, սպանությունների և հասարակական գործիչների ու լրագրողների վրա հարձակումների են հանգեցնում:

«Նովայա գազետա»-ի և նրա լրագրողների դեմ սոցցանցերում արշավ սկսած մարդիկ շատ լավ հասկանում են, թե ինչի են բոլոր այդ տառերը հանգեցնում հիստերիայի և ատելության մթնոլորտում, որը Ռուսաստանում հասել է չափազանց մեծ ծավալների:

Հատկապես զզվելի է, երբ «ժողովրդական վրդովմունքի ալիքի» հիմքում բացարձակ սուտն է:

Պնդումներն այն մասին, թե «Նովայա գազետա»֊ն իբր Սիրիայում պատերազմող ռուս օդաչուների մասին տվյալներ է հրապարակել և այդպիսով վտանգի ենթարկել նրանց ընտանիքները, ուղղակի ֆեյք է։ Մենք այդ թեմայով հրապարակում ընդհանրապես չենք ունեցել՝ ո՛չ թերթում, ո՛չ էլ կայքում։

Բայց այդ սուտը, որ մի քանի անգամ չափազանցված է որոշ «հասարակական կարծիքի առաջնորդների» և թրոլների մեկնաբանություններով, որոնց կա՛մ գնել են, կա՛մ ծածուկ օգտագործում են, լրագրողների համար իրական վտանգ է ներկայացնում։

Ինտերնետում լրագրողների հանդեպ բռնության կոչեր են հնչում, խմբագրության մոտ կոնկրետ մարդկանց մահը խորհրդանշող չարագույժ «նվերներ» են թողնում։

Մենք չենք պատրաստվում դա հանդուրժել, առավել ևս երբ հիանալի պատկերացնում ենք՝ որտեղից է գալիս սպառնալիքը։

Մենք ընդամենը երկու զենք ունենք՝ հրապարակայնություն, այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք մեր աշխատանքը, և օրենքը։ ՆԳՆ֊ն և այլ իրավապահ մարմինները պարտավոր են անել ամեն ինչ, որպեզսի օրենքը մեզ պաշտպանի։

Մենք պահանջում ենք հետաքննել սպառնալիքների փաստերը և պատժել մեղավորներին»։

Սպառնալիքները, մասնավորապես, հասցեագրված են եղել պիտերյան հայտնի լրագրող Դենիս Կորոտկովին, ով երկար ժամանակ աշխատել է «Ֆոնտանկա» պարբերականում։ Նա կրիմինալ հետաքննությունների հեղինակ է, երկար ժամանակ ուսումնասիրել է «կրեմլյան խոհարար» Եվգենի Պրիգոժինի բիզնես կայսրությունը և ռուսական զինվորական մասնավոր ընկերությունների գործունեությունը։

Կորոտկովը հետապնդումների է ենթարկվել Պրիգոժինի «թրոլների գործարանի» կողմից և ստացել ֆիզիկական բռնության բազմաթիվ սպառնալիքներ, ինչից հետո որոշ ժամանակով ստիպված է եղել հեռանալ Ռուսաստանից։ «Նովայա գազետա»-ի տվյալներով՝ Կորոտկովի հրապարակումների հետ կապված սպառնալիքներ է ստացել նաև «Ֆոնտանկայի» ղեկավարությունը։

Այս տարվա սեպտեմբերից Կորոտկովը «ՆԳ»-ի աշխատակից է։

Հոկտեմբերի 15֊ին մի շարք լրատվամիջոցներում, այդ թվում ՌԻԱ ՖԱՆ (РИА ФАН) կայքում, որը կապում են Պրիգոժինի հետ, լրագրողի մասին հոդվածներ են հայտնվել, որոնցում նրան «հայրենիքի դավաճան» և «ահաբեկիչների մեղսակից» են անվանում, իսկ սոցկայքերում հայտնվել են Կորոտկովի մասին նույնատիպ շատ հաղորդագրություններ օգտատերերի կողմից, որոնց էջերը ֆեյքի էջեր են հիշեցնում։