Գլխավոր / Շուկա / Տրանսպորտը՝ քաղաքապետարանին և մի քանի այլ առաջարկ

Տրանսպորտը՝ քաղաքապետարանին և մի քանի այլ առաջարկ

Նորընտիր քաղաքապետը կարմիր գծերի հետ կապված առաջարկություն է արել․ «Ժողովուրդ ջան, ոչինչ, բերեք էդ կարմիր գծերը վճարենք, որպեսզի մանկապարտեզներ, դպրոցներ վերանորոգենք»։ Դրան հոկտեմբերի 19-ին ասուլիսին արձագանքել է «Հայաստանում ուղևորափոխադրումների կազմակերպում» կազմակերպության ղեկավար Պողոս Օղլուկյանը։

«Շատ զարմանում եմ ես՝ 30 տարվա անկախ երկրում երեք տարի չկա, որ կարմիր գծեր են քաշել։ Այսինքն նշանակում է, որ 27 տարի ոչ մի դպրոց, ոչ մի մանկապարտեզ չե՞ն վերանորոգել։ Չէ՞ որ քաղաքապետարանը ունի համապատասխան բյուջե, որով պետք է վերանորոգի։ Էդ սուտի բաներ ա՝ ժողովրդից հավելյալ վճարներ հավաքելու։ Մարդիկ կան՝ երկու֊երեք տրանսպորտ են փոխում, այսինքն իրենց աշխատանքի մեկ քառորդ մասը պիտի տան տրանսպորտի՞ն։ Ավելի լավ է բաց ժողովրդին դիմենք, ասենք՝ ժողովուրդ ջան, համարենք, որ դուք բոլորդ բարեգործ եք, բերեք էս բարեգործությունը գոնե մի քանի տարի անենք, որպեսզի մի փոքր գումար հայթայթենք, բարեկարգենք մանկապարտեզները, փողոցները և այլն»։

Հանդիպման ընթացքում բանախոսը դեմ է արտահայտվել կարմիր գծերի առկայությանը և տրանսպորտի ուղևորավարձի ավելացմանը՝ նշելով լուծման մի քանի տարբերակներ․

Կարմիր գծերը

— Ես անձամբ շատ դեմ եմ կարմիր գծերին, առաջինը երթևեկության վտանգավորության համար։ Օրինակ՝ Աբովյան֊Մոսկովյան խաչմերուկը, որտեղ, իմիջիայլոց, գտնվում է Պուշկինի անվան դպրոցը, երեխաների հոսքը շատ մեծ է։ Ենթադրենք, Աբովյան փողոցից մեքենան թեքվեց Մոսկովյան փողոց, երեխան վազեց, էդ վարորդը ի՞նչ է անելու, երեխայի՞ն է գցելու մեքենայի տակ, թե ՞ խփելու է հենց խաչմերուկին կանգնած կարմիր գծի մեջ մեքենային։ Գոնե մինիմում 15 մետր տարածք թողեք, հետո գծեք, որպեսզի վարորդը կարողանա մանյովր անի․․․ Կարմիր գծերը գոնե փոքր կենտրոնից հանել։

Լիցենզիա

— Առաջարկում եմ Տրանսպորտի նախարարությունը առաջնահերթ լիցենզավորի և վերահսկի օնլայն տաքսիների ֆինանսական եկամուտները։ Դուք պատկերացնում ե՞ք, նստած ենք նախարարությունում՝ նիստ է, Mobi-ի ներկայացուցիչն էր նստած և GG-ի։ Հարց տվեցի՝ դուք լիցենզիա ունե՞ք ձեր գործունեությունը անելու համար, ասում է՝ ոչ, հարկ վճարու՞մ եք, ասում է՝ ոչ։ Ասում եմ՝ մենք որ հիմա լինեինք Եվրոպայում, քեզ էս կաբինետից ձեռնաշղթաները կգցեին, կտանեին։ Հետո ասում են կառավարությունը թալանեց, միջին օղակները ոնց են թալանում։

Այո, էսօր սոցիալապես վատ է մեր երկրի վիճակը, հասկանալի է, դրա համար ես ասում եմ՝ միանվագ, ասենք, նույն տաքսու վարորդը լիցենզիա ստանալու համար 50 հազար է ծախսում, հետո ամսեկան 12 հազար։ 12 հազարի դեպքում պետությունը ստանում է մոտ 20 մլն, ես առաջարկում եմ 6000֊ի դեպքում ստանա 200 մլն։ Եվ առաջարկում եմ, իմիջիայլոց, Տրանսպորտի տեսչություն հասկացությունը վերացնել։

Տեսչության գործը գիտե՞ք որն էր․․․ էս վարորդը 3000 դրամ չի կարողանում տանի տուն, 50 հազար տուգանում են, էդ ի՞նչ տուգանք է։ Կանչեք էն մարդուն, ով որ էդ տուգանքների չափը դնում է ընդհանրապես, թող ինձ ապացուցի՝ ինչից է վերցրել՝ երթևեկության վտանգավորությունից, ի՞նչ հանցագործություն է կատարել, որ 50 հազար պիտի տուգանվի։

․․․Ես առաջարկել եմ, եթե ուզում եք տաքսի վարել, խնդրեմ՝ մտեք Հայփոստ, տվեք ձեր վարորդական իրավունքը, տեխանձնագիրը, թող մտցնեն ճանապարհային ոստիկանության կայք։ Վճարեք 6000 դրամը, ստացեք կտրոնը՝ ամեն ամիս տարբեր գույնի։ Կպցնում եք ձեր դիմապակուն, ոնց որ տեխասմոտրի կտրոնը։ Տեսուչը տեսավ՝ չունի, թող տուգանի 5000 դրամ։ Ո՞ր մի մարդը Երևանում մեկ ամսվա մեջ 50 անգամ չհանդիպի տեսուչին։ Երկու անգամ տուգանվելուց հետո մարդը կասի՝ ավելի լավ է ես 5000 վճարեմ կամ 6000, ազատ վարեմ։ Էդտեղ գիտություն պետք չէ, ցանկություն է պետք։

Տրանսպորտի ուղևարձը չբարձրանա

— 1998 թվականից օրենք դուրս եկավ, որպեսզի ուղևորափոխադրումները կազմակերպեն ԱՁ֊ները։ 2001թ․ դուրս եկավ մի նոր օրենք, որը [կազմակերպումը] տվեց գծատերերին։ Հիմա, երբ ուղեվարձը ուզում են բարձրացնեն, բերում են պատճառներ՝ մեքենայի սպասարկումը, ծախսերը։ Ինձ թվում է՝ բոլորին հայտնի է, որ ամեն մարդ իր գույքի հետ վարվում է ինչպես հարկն է, գումարած դրան, մարդիկ աշխատում էին 2 վարորդով, 8֊9 ժամ չէր կազմում նրանց աշխատանքը։ Էսօր վարորդները աշխատում են 16֊17 ժամ։ Կցանկանայի, որ 1998֊2001 թվականի օրենքը վերադառնար։ ԱՁ֊ների աշխատանքը կարգավորեր քաղաքապետարանը։ Մեքենաները կլինեն ավելի լավ վիճակում, քաղաքացիներն՝ ավելի գոհ։

Լուծումը մեքենայի սպասարկման վերաբերյալ․ ես իմ սեփական մեքենայի համար մասեր գնելուց կարող եմ գնել ինչ գին դրված է, իսկ տրանսպորտին վերաբերողից թող հանեն մաքսային գումարները։ Կիջնի՞ գինը։

Վառելիքը․ ես զարմանում եմ, 150 դոլարով գնում ենք գազը Ռուսաստանից , փոխադրումը նորից կազմում է 150 դոլար․ 300 դոլարով վաճառում են ժողովրդին։ Տեղափոխումը արժի՞ էդքան։ Գոնե տրանսպորտին տան էժան գնով։ Իջա՞վ սակագինը։

Դրան կա շատ պարզ ձև, որ վարորդը աշխատի հանգիստ, վճարի որոշակի գումար և պետությունը ստանա մեծ եկամուտ։

Բանախոսը նշել է նաև, որ նամակ է գրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին՝ առաջարկելով տրանսպորտի հետ կապված հարցեր քննարկել․ «Շատ տարբերակներ ունեմ թե՛ կարմիր գծերի, թե՛ տրանսպորտի հետ կապված ու շատ մեծ ցանկություն ունեմ, որպեսզի ամբողջ տրանսպորտը պատկանի քաղաքապետարանին, և էսօր, որ ասում են գծատերերը ինչ միլիոններ են աշխատում, էդ միլիոնները կգնան պետբյուջե»։