Սյունիքի մարզպետի պաշտոնում նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանին նշանակելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը շարունակում է կրքեր բորբոքել։ Երեկ մի կարճ ժամանակով կրկին փակվել է Իրան-Հայաստան միջպետական ճանապարհը: Փակողները կրկին Գորիսի «Քաղաքացիական պայմանագրի» գրասենյակի մի քանի անդամներ են: Ներկայացնում ենք Armtimes.com-ի հոդվածը՝ կրճատումներով։
«Ինչո՞ւ այդ պաշտոնում նշանակվեց Հունան Պողոսյանը հարցի պատասխանը գտնելու համար պետք է ուսումնասիրել իրավիճակը Սյունիքում: Այս մարզն ունի որոշակի յուրահատկություններ: Շատերը ասում են, որ մարզը կրիմինալիզացված է: Սակայն դա ճիշտ չի բնորոշում իրավիճակը: Այնպես չէ, որ, օրինակ, Կապանի փողոցներով քայլելիս մարդկանց թալանում կամ սպանում են: Խնդիրն այլ հարթության վրա է: Սյունիքն ընդհանրապես և Կապանը մասնավորապես ապրում է հիմնականում հանքարդյունաբերության հաշվին, և այդ առումով, պատկերավոր ասած, ավելի հարուստ է, քան Հայաստանի մյուս մարզերն ու շրջանները: Սակայն այդ հանքերը մշտապես գտնվել ու հիմա էլ գտնվում են մի փոքր խումբ մարդկանց վերահսկողության տակ: Այդ փոքր խումբը տիրապետում է ֆինասական մեծ, շատ մեծ ու ստվերային հոսքերի: Այդ ռեսուրսներով տարիներ շարունակ կառուցվել է մի «բուրգ», որն ունի չափազանց մեծ ներառականություն: Այսինքն այդ «բուրգի» մաս են կազմում մեծ թվով սյունեցիներ:
Կենտրոնական իշխանության ցանկացած որոշում, որը վերաբերում է Սյունիքին, այդ բուրգը կարող է հեշտությամբ տապալել: Խոսքը, ասենք, այնպիսի որոշումների մասին է, որոնք բխում են պետության շահից, բայց շոշափում են նշված բուրգի գագաթում գտնվող խմբավորման շահերը: Բերենք մի շատ պատկերավոր օրինակ: Ասենք, որոշում է կայացվում Սյունիքի հանքավայրերում իրականացնել շատ խորը և շատ ծավալուն ուսումնասիրություններ, պարզելու, թե արդյոք հանքաքարի մեջ գտնվող գունավոր մետաղների քանակությունը ճիշտ է հաշվառվել, արդյոք անցած տարիների ընթացքում դրան համապատասխան հարկեր են վճարվել, արդյոք այդտեղից հարյուրավոր միլիոն դոլարներ չեն «անհետացել» դեպի օֆշորներ և այլն: Ու եթե բուրգի գագաթում գտնվող խմբավորման անդամները զգան, որ իրենց վտանգ է սպառնում, իրենք կարող են կորցնել իրենց ունեցվածքն ու ազատությունը, կարող են շատ արագ մոբիլիզացնել այդ ներառական բուրգը և ֆիզիկապես թույլ չտալ նման ստուգումներ, ուղղակի փակել ճանապարհները և դիմադրություն ցույց տալ կենտրոնական իշխանություններին: Ընդ որում, դա կներկայացվի որպես սյունեցիների արդարացի և ազնիվ մղումներով պայմանավորված «համասյունիքյան» «ժողովրդական» ընդվզում: Կարելի է չկասկածել, որ խնդիրը այնքան նուրբ ու վարպետորեն կաղավաղվի, որ այդ բուրգում չներառված սյունեցիները նույնիսկ չեն էլ կողմնորոշվի, թե հանուն ինչի են իրենք ընդվզում:
Մինչ այժմ այդ բուրգը ցույց չի տվել իր այդ ուժը մի պարզ պատճառով՝ դրա կարիքը չի եղել: Նախկինում հարցերը լուծվում էին Սյունիքի մարզպետի ու երկրի առաջին դեմքի «պայմանավորվածություններով»: Արդյունքում մարզպետները «կորցնում էին» իրենց աստղաբաշխական գումարների մի մասը, և բոլորը գոհ էին ու երջանիկ: Դե, պետբյուջեն էր ահագին գումար կորցնում, բայց դա էական չէր:
Հիմա նման պայմանավորվածություններ հնարավոր չեն, և վաղ թե ուշ ՀՀ կենտրոնական իշխանությունը պետք է հաստատի իր լիակատար վերահսկողությունը մարզում: Այստեղ կա երկու տարբերակ: Կամ բուրգի դիմադրության ժամանակ պետք է կիրառվի կոշտ ուժ և դաժանորեն կոտրվի դիմադրությունը, կամ էլ իշխանությունը մարզային նշանակովի պաշտոնյաների միջոցով քայլ առ քայլ, առանց բռնության ապամոնտաժի այդ բուրգը: Այստեղ առանցքայինը «նշանակովի պաշտոնյաներ» բառակապակցությունն է: Խնդիրն այն է, որ տեղի ընտրովի պաշտոնյաները ամենայն հավանականությամբ կամ լինելու են հենց այդ բուրգի բաղկացուցիչ մասը, կամ էլ ժամանակի ընթացքում նույնիսկ իրենց համար աննկատելի ձևով սերտաճեն այդ բուրգին:
Նույնիսկ «կենտրոնից» նշանակվող պաշտոնյաների դեպքում այդ վտանգը առկա է: Օրինակ, մարզի տարբեր համայնքներում «կենտրոնից» նշանակված ոստիկանության կամ դատախազության պաշտոնյաները շատ հեշտությամբ կարող են ընկնել տարատեսակ ծուղակների մեջ, քանի որ ընդհանուր առմամբ մարզում յուրահատուկ, շատ յուրահատուկ մթնոլորտ է: Դրանից խուսափելու միակ տարբերակը մարզում ունենալ հնարավորինս կոշտ, համառ, բանիմաց որևէ ներկայացուցիչ, որը կունենա նաև օպերատիվ աշխատանքի փորձ, ինֆորմացիա հավաքագրելու ու վերլուծելու հմտություններ և կկարողանա լիարժեքորեն վերահսկել հենց պաշտոնյաների «նիստուկացը» և ինչու ոչ, մի քիչ էլ «վախենալու» լինի նրանց համար: Այս տեսանկյունից Հունան Պողոսյանին Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակելը թերևս լավ լուծում է: Այստեղ, իհարկե, կշեռքի նժարներին պետք է դնել Հունան Պողոսյանի անցյալը և այն խնդիրը, որ նրա առջև դրված է:
Կասկածներ են հնչում, որ Հունան Պողոսյանը կդառնա նույն բուրգի մի մասը, կամ ինչ-որ ծառայություններ է մատուցել նոր կառավարությանը, կամ նույնիսկ տեղի է ունեցել պաշտոնի վաճառք…: Սակայն հուզականությունից հեռանալու դեպքում, անկասկած, կարձանագրենք, որ այդ վարկածներից և ոչ մեկը հիմնավոր չեն: Ու կարելի է պնդել, որ Հունան Պողոսյանը վերը նշված հանգամանքների բերումով ձգտելու է լավագույնս իրականացնել իր առջև դրված խնդիրը. պատկերավոր ասած՝ «կաշվից դուրս է գալու»՝ արդարացնելու համար իր նշանակումը: Կաշառվելու կամ վերը նշված բուրգի հետ սերտաճելու հեռանկարներն էլ, մեղմ ասած, անիրական են, քանի որ, նախ հանգամանքներն են այդպիսին, և երկրորդ, նա մշտապես լինելու է «մանրադիտակի տակ», և նա քաջ գիտակցում է դա:
Ով՝ ով, բայց Նիկոլ Փաշինյանը չէր կարող չհաշվարկել, որ Հունան Պողոսյանին այդ պաշտոնում նշանակելը որոշակի բացասական արձագանք է առաջացնելու հատկապես իր կողմնակիցների շրջանում, ընդ որում, ամենաակտիվ շրջանակների մոտ: Նրանց, ովքեր իրենց բազմամյա պայքարում հաճախ են շփվել ոստիկանության հետ: Ու եթե նա գնացել է այս քայլին, ապա, ամենայն հավանականությամբ, լուծելու ենթակա խնդիրը արժանի է դրան:
Ի դեպ, գալիք կիրակի Կապանում տեղի են ունենալու քաղաքապետի ընտրություններ, և առաջադրված թեկնածուներից մեկը, որը «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հիմնական մրցակիցն է, վերը նշված «բուրգի» ներկայացուցիչն է կամ առնվազն հովանավորյալը։