Կառավարությունն այսօր մերժել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանի նախագիծը, համաձայն որի՝ առաջարկվում է օրենքով երաշխավորել Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգության ապահովումը, ինչպես երաշխավորված է ԱԺ նախագահի, վարչապետի, ՀՀ նախագահ անվտանգությունը: Նախագծի ընդունման դեպքում՝ Կաթողիկոսի անվտանգությունը կերաշխավորվեր օրենքով, այլ ոչ թե վարչապետի հայեցողությամբ։
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստին նշել է, որ նման օրենսդրական փոփոխության անհրաժեշտություն չկա, որովհետև կառավարությունը ի վիճակի է Ամենայն հայոց կաթողիկոսի անվտանգությունը ապահովել:
«Պետք չէ, այսպես ասած, տպավորություն ստեղծել, թե Հայաստանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի անվտանգությանը ինչ-որ բան սպառնում է և, եթե կա այդպիսի ընկալում, դա սխալ ընկալում է։ Եթե անհրաժեշտություն լինի տրամադրել հատուկ պաշտպանություն, կքննարկենք և որոշում կկայացնենք, դրա համար օրենքի անհրաժեշտություն չկա։ Կոռեկտ չէ Ամենայն Հայոց կաթողիկոսին համարել պետական բարձրաստիճան պաշտոնյան և դնել պետական կառավարման համակարգի աստիճականության մեջ», – նշել է Փաշինյանը: