Այսօրվա դրությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված 2888 անձ։ Բոլոր ՔԿՀ-ների տեղերի՝ մահճակալների թիվը, միասին վերցրած` 5346:
Մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում առկա է 644 կալանավոր և դատապարտյալ, այն դեպքում, երբ տեղերի քանակը 780 է։ «Վարդաշեն» ՔԿՀ-ի տեղերի քանակն է 339-ը, իսկ դատապարտյալների և կալանավորների թիվը՝ 155։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստի ժամանակ ասել է Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
Այսօր ԱԺ-ում քննարկվում է Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին հարցը։
«Այս վիճակագրությունը ներկայացնում եմ այն նպատակով, որ պարզ լինի, որ համաներումը ՔԿՀ-ները բեռնաթափելու նպատակ չի հետապնդում։ Այն բացառապես մարդասիրական ակտ է։ Այն կոչված է հաշտության և համերաշխության», -ասել է Զեյնալյանը։
Նշենք, որ նիստին զուգահեռ Ազգային ժողովի այգում են հավաքվել ցմահ դատապարտյալների հարազատները, որոնք պահանջում են՝ համաներումը տարածվի նաև իրենց հարազատների վրա։