հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Բանակ / Քննիչը կոծկել էր Մարտի 1-ին բանակի մասնակցությունը

Քննիչը կոծկել էր Մարտի 1-ին բանակի մասնակցությունը

Մարտի 1֊ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանը 2008 թվականի մարտի 1-ից 2-ը բանակի կողմից հրազենի գործադրման հանգամանքները թաքցնելու համար հրահանգել էր, որ դեպքի վայրում հայտնաբերված ՊՆ-ի շուրջ 1000 պարկուճները փոխարինեն ոստիկանության զորքերին պատկանող նույն տեսակի այլ հրազեններից կրակված պարկուճներով:

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության համաձայն՝ ոստիկանության աշխատողներն Արարատի մարզի Գետազատ գյուղում գտնվող մարտական կրակային դաշտում տարբեր տեսակի և տրամաչափի ինքնաձիգներից կրակել են պահանջվող քանակությամբ փամփուշտներ: Դրանից հետո կրակված փամփուշտների պարկուճները տարվել են Հատուկ քննչական ծառայություն և հանձնվել քննիչին:

Այնուհետև պարկուճները տրամադրվել են Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձագետ Ա. Հ.-ին:

Վերջինս, Վահագն Հարությունյանի անմիջական ցուցումներով, նշված պարկուճներով փոխարինել է դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված պարկուճներով։

«Հետագայում կեղծված ապացույցների հետազոտման արդյունքներն Ա. Հ.-ն ամրագրել է իր կողմից տրված՝ փորձագետի 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ակնհայտ կեղծ եզրակացությունում, որն էլ, որպես կեղծ ապացույց, 2008 թվականի դեկտեմբերի 30-ին կցվել է քրեական գործի նյութերին և դրվել շրջանառության մեջ։

Այնուհետև Վ. Հ.-ն անձամբ, ինչպես նաև իր ղեկավարման տակ գտնվող քննչական խմբի մյուս քննիչների միջոցով մինչև 2011 թվականի նոյեմբերի 17-ը, փոխարինված պարկուճները որպես կեղծված ապացույցներ և դրանց վերաբերյալ փորձագետի կեղծ եզրակացությունը հիմք ընդունելով, շարունակել է հիշյալ քրեական գործով նախաքննության կատարումը՝ վերը նկարագրված իրադարձություններին ՀՀ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների մասնակցության, այդ ստորաբաժանումների ծառայողների կողմից հրազեն գործադրելու փաստերը հերքելու և բացառելու ուղղությամբ», -նշված է ՀՔԾ հաղորդագրության մեջ:

Առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար Վահագն Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, իսկ Ա․ Հ․-ն նույնպես ներգրավվել է որպես մեղադրյալ՝ նշված ապացույցները կեղծելուն օժանդակելու համար։

Այսինքն, նշում է ՀՔԾ-ն, Հարությունյանն ի պաշտոնե հայտնաբերել է, որ 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների՝ ցուցարարների և ոստիկանության միջև բախումների ժամանակ ակտիվ մասնակցություն են ունեցել ՀՀ ՊՆ զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ, որոնք հիշյալ դեպքերի ընթացքում գործադրել են հրազեն: Մինչդեռ նա, ՀՀ զինված ուժերի հակասահմանադրական օգտագործման, այդ թվում՝ զինված ուժերի ծառայողների կողմից հրազենի ապօրինի գործադրման իրական հանգամանքները թաքցնելու, վերջիններիս կողմից կատարած գործողությունները հերքելու և տեղի ունեցածն իրավաչափության քողի ներքո ներկայացնելու խմբային շահերից ելնելով, այդ, ինչպես նաև իրադարձությունների ժամանակ մի խումբ անձանց սպանությունների հանգամանքները բացահայտելուն ուղղված որևէ գործողություն չի կատարել, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, քննչական խմբի որոշ քննիչների հետ և ոստիկանության այլ ծառայողների, այդ թվում` փորձագետ Ա. Հ.-ի օժանդակությամբ, կազմակերպել է քրեական գործով հանցագործության հետքեր պարունակող, հանցագործությունը հայտնաբերելու, գործի փաստական հանգամանքները պարզելու, մեղավորներին ի հայտ բերելու միջոց ծառայող, դեպքի վայրի զննություններով հայտնաբերված և վերցված ապացույցների կեղծելը։

Նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան` նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: