Գլխավոր / Ազգային ժողով / «Իմ քայլը» դաշինքի հեղափոխական ցուցակի մասին

«Իմ քայլը» դաշինքի հեղափոխական ցուցակի մասին

«Իմ քայլը» դաշինքն իր նախընտրական ցուցակն է ներկայացրել ԿԸՀ։ Ցուցակն իր ողջ տրամաբանության մեջ հեղափոխական համարելու մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամլո խոսնակ Վահան Կոստանյանը։

«Էն ամեն ինչն, ինչը տեղի ունեցավ ապրիլից մայիս ամիսների ընթացքում, հաշվի առնելով նաև այն հայտարարությունները, որ Նոր Հայաստանում եկել է բարիկադները քանդելու ժամանակը, դրանով պայմանավորված է նաև մի շարք քաղաքական գործիչների ներգրավվածությունը այս ցուցակում, ինչպես, օրինակ, Շիրակ Թորոսյանի և Արտակարգ իրավիճակների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի», ֊ ասել է Կոստանյանը։

Ցուցակը կազմվել է՝ հաշվի առնելով մարդկանց պրոֆեսիոնալիզմն ու անցած ճանապարհը․ «Մենք ինչպես մերժել ենք, այդպես էլ շարունակում ենք մերժել ընտրակաշառքների ինստիտուտը, և էն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ զբաղված էին եղել նման գործունեությունով, մեր թիմում տեղ չունեն»։

Ըստ նրա՝ ցուցակը կազմելու հարցին մեծ պատասխանատվությամբ են մոտեցել, քանի որ իրենց վրա է դրված պառլամենտարիզմը կայացնելու լրջագույն և բարդ գործընթացը։ Ինչ վերաբերում է ցուցակում լրագրողների առկայությանը, որոնց թվում Կոստանյանը հիշատակեց նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունը, ապա մամուլի խոսնակը տրամաբանական է համարում այս փաստը․ «Տրամաբանական է, որ մարդիկ երկար տարիներ զբաղվել են քաղաքականության լուսաբանմամբ, հասկանում են քաղաքական պռոցեսները և ցանկություն ունեն նաև իրենց մասնակցությունն ունենալ քաղաքական պռոցեսների մեջ և ոչ միայն հանդես գալ որպես քաղաքականություն լուսաբանող»։

Դեկտեմբերի 9-ին ընտրություններին մասնակցելու մասին արդեն հայտարարել են «Քաղաքացիական պայմանագիրը», «Բարգավաճ Հայաստանը», «Սասնա ծռեր» կուսակցությունը, «Դաշնակցությունը», ՀՀԿ֊ն, «Լուսավոր Հայաստանը», «Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների «Մենք» դաշինքը և «Քաղաքացու որոշում»֊ը։