Գլխավոր / Կրթություն / Լոռի․ Հույս ունենք, բայց ստեղ ապրելն անհնար ա

Լոռի․ Հույս ունենք, բայց ստեղ ապրելն անհնար ա

Նոյեմբերի 9-ին և 10-ին երկրաշարժի 30-րդ տարելիցին ընդառաջ դեպի Լոռու մարզ մեդիա արշավը նպատակ ուներ ևս մեկ անգամ անդրադառնալ հատկապես խոցելի խմբերի խնդիրներին։ Մասնակցության հրավերի մեջ ասված էր, որ այցը նախաձեռնել է «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպությունը և «ՕքսԵՋեն» հիմնադրամը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի հետ համատեղ: Այցը իրականացվել է «Աղետների ռիսկի նվազեցմանն ուղղված լավագույն փորձի ինստիտուցիոնալացումը, կրկնօրինակումն ու տարածումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում, որն իրականացնում է «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` «ՕքսԵՋեն» երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի հետ համատեղ՝ Եվրոպական Հանձնաժողովի քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառույթների գլխավոր վարչության (DG-ECHO) ֆինանսական աջակցությամբ։

Համայնքապետարանի մոտ մեզ էին սպասում Ստեփանավանի ղեկավարի խորհրդականն ու օգնականը։ Այստեղ էլ մենք ստիպված լքեցինք մինիվենն ու մեր վարորդին՝ դեպի Կաթնաղբյուր ճանապարհը հաղթահարելու համար։ Ադմինիստրացիայի աշխատողները հավաստիացրեցին, որ մինիվենով հնարավոր է և տեղ չհասնեինք։ Խորդուբորդ ճանապարհն, այլ որակի լինելու դեպքում, ոչ թե 30 րոպե, այլ երկու անգամ քիչ ժամանակ կպահանջեր։

Մեր նպատակակետը Կաթնաղբյուրի միջնակարգ դպրոցն է, որն ունի 106 աշակերտ։ Ուսհաստատության շենքի դիմաց կանաչ տարածք է, որտեղ տղաները մեր ժամանման պահին ֆուտբոլ էին խաղում։ Չջեռուցվող դպրոցի ներսում տարրական դասարանի աշակերտներն են վազվզում։ 10-12 տարեկանները մեզ են միանում, երբ շրջում ենք միջանցքներով, և վազում դեպի դասասենյակը՝ դասասեղանների մոտ կանգնելու ու ողջունելու համար։

Նույն օրը համայնքապետի օգնականն իր վերադասի փոխարեն, որը երկրում չէր, հանդիպում էր ունեցել Չինաստանից ժամանած հյուրերի հետ։ Նրանք Կաթնաղբյուրում ջրալցման գործարան կառուցելու ցանկություն են հայտնել։ Պաշտոնյաները, սակայն, մտավախություն ունեն, որ տեղացիները դժգոհելու են հետագայում ջրի հնարավոր պակասից։ Իսկ չինացիները խոստանում են գործարանը հիմնելուց հետո վերանորոգել խարխուլ դպրոցը։

Յուրաքանչյուր դասարանում առավելագույնը 12-13 աշակերտ է սովորում։ Խոսելով ջեռուցման խնդրից՝ ուսուցչուհիներից մեկը նկատեց, որ, եթե նույնիսկ իրենց աշխատավարձը ևս ուղղեն դրա լուծելուն, միևնույնն է՝ քիչ կլինի։ Ըստ Ստեփանավան համայնքի ղեկավարի խորհրդականի՝ այս տարի դպրոցի ջեռուցման հարցն արդեն իսկ ընդգրկվել է ծրագրերի մեջ։ Բայց շենքը գազաֆիկացված չէ, և այն կարելի է միայն հոսանքով ջեռուցել, ինչն, ըստ ուսուցչուհու, շատ թանկ է և հարցի լուծում չէ․ «Պատկերացրեք՝ դուրսը պլիտա միացնես»։

Դպրոցի խարխլվածությունն, ուսուցչի խոսքով, անիմաստ է դարձնում տարածքը տաքացնելու բոլոր ջանքերը։

Որպես լավատեսություն ներշնչող կետերից է ներկայացվում Ստեփանավանի «Երիտասարդական նորարարական ռեսուրս կենտրոն»-ը, որը ստեղծվել է «Աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամի, ՄԱԿ֊ի զարգացման ծրագրի և Ստեփանավանի համայնքապետարանի համատեղ ջանքերով, հուշում է պատից կախված ցուցանակը։

Այստեղ պատրաստվող դռոնները օգտագործում են ֆիլմեր նկարահանելուց, պատմեց դպրոցականների աշխատանքը համակարգող ՄԱԿ֊ի փորձագետը, ինչպես նաև մինչև 5 կիլոգրամ ծանրություն տեղափոխելու համար և որոնողական աշխատանքներ իրականացնելիս։ Իսկ «Թռչող թև» ինքնաթիռը կարող է 20-ից 30 կիլոմետր հաղթահարել։ Խմբակ են ընդունվել 54 երեխաներից մրցույթն անցած 8-ը։ Նրանց արդեն պատրաստի մասնագետներ են անվանում, ովքեր իրե՛նք կարող են դասընթացներ անցկացնել։ Շուտով իրենց համապատասխան սերտիֆիկատներ կհանձնեն։

Նույն տարածքում գրադարան է գործում։ Աշխատակիցների խոսքով՝ այն եզակի է, միևնույն ժամանակ ասում են՝ կա ժամանակակից գրականության պակաս․ «Սոցցանցերում որևէ նորույթի գովազդը տեսնելուն պես գրադարան է գալիս մի 20 ընթերցող, թե՝ էս գիրքն ուզում ենք։ Որտեղի՞ց տանք»։

«Լոռէ» փրկարար ջոկատի գործունեության հետ ծանոթացրեց կառույցի նախագահ Արմեն Առաքելյանը։ Ջոկատը հիմնադրվել է 1989 թվականին՝ երկրաշարժից երեք ամիս հետո, իսկ դրա հիմքը կազմեցին Հայաստանի լեռնային տուրիզմի բազմակի չեմպիոնները։ Ըստ Առաքելյանի՝ նրանք համագործակցում են ԱԻՆ հետ։ Սերտ է համագործակցությունը նաև դպրոցների հետ․ միայն վերջին երեք տարիների ընթացքում «Լոռէ»֊ում 2000֊ից ավել ուսուցիչներ են վերապատրաստում անցել։

«Ստեփանավանում ճգնաժամային կառավարման ակադեմիա կա, 370 ուսանող ունեն, մասնագիտական առարկաներն էստեղ են անցնում»։ Ընդ որում, սեռն ու մասնագիտությունը նշանակություն չունեն, «բարձրանում են բոլորը»։

Սենյակներից մեկում Կարմիր խաչի օժանդակությամբ և համայնքապետարանի հետ համատեղ ստեղծվել է ճգնաժամային կառավարման և հումանիտար կենտրոնը։ Այն ենթարդում է արտակարգ իրավիճակներում աշխատանքների համակարգում։ «Բայց որպեսզի կարողանաս դա անել, նախ պետք է հասկանաս՝ ինչ կարող է տեղի ունենալ այն հատվածում, որտեղ դու գործում ես», ֊ ասել է Առաքելյանը՝ կարևորելով գործուղությունների փաթեթ մշակելը, որից, հարկ եղած դեպքում, կօգտվեն նաև այլ մարզերում․ «Օրինակ, երկրաշարժից կամ պայթյունից Ստեփանավանի կամուրջը շարքից դուրս է եկել, ո՞ր ծառայությունն ինչ պետք է անի։ Պետք է փաթեթը պատրաստ լինի, և ամեն ծառայություն իմանա՝ հրշեջ մասը չի կարող սպասարկել ձախ ափը, որովհետև կամուրջ չկա, եվ հակառակը՝ շտապ օգնությունը չի կարող սպասարկել աջ ափը, որովհետև հիվանդանոցը մնաց ձախ ափին»։ Այս բոլոր հարցերի պատասխանները նախատեսվում է ընդգրկել նշված փաթեթի մեջ։

Հարցին, ինչպես է կառույցը համագործակցում իշխանությունների հետ, Առաքելյանն ասաց, որ եթե փոխադարձ կապը չլիներ, «Լոռէ»-ն չէր կայանա․ «89-ից սկսած մարդիկ միշտ զգացել են, որ սա պետք է, փոխադարձ կապը եթե չլիներ մեր տեղական իշխանությունների հետ, չէիր կայանա, ինչքան ուզում է հզոր հկ լինես։ Էսօր էլ լամպերն են բերել, LED֊երով պետք է քաղաքի կենտրոնից լուսավորությունը գա, որովհետև տուրիստական մասը քաղաքի սա՛ է։ Դու ինքդ էլ պիտի նպաստես պետության զարգացմանը»։

Մոտենում ենք Աշոտաբերդ թաղամասին։ Երեք տասնամյակ է արդեն, ինչ 296 ընտանիք ապրում է ժամանակավոր տնակներում։ Լրագրողները հաճախ են թաղամաս այցելում։ Բնակիչներն ասում են, սակայն, որ այցերը որևէ արդյունք չեն տալիս։ Տարիներ շարունակ իշխանությունների ներկայացուցիչներն ընտրություններին ընդառաջ խոստանում էին տներ կառուցել, դպրոցը վերանորոգել․ տեղացիները վաղուց են դադարել խոստումներին հավատալ։

Ճռճռացող աստիճաններից մեզ է դիմավորում 1․5-2 տարեկան երեխա։ Մի պահ կանգ առանք։ Թվաց՝ կարող է ընկնել, բայց, կարծես, հմտացել է։ Նույնիսկ կանգնում, մե՛զ է ճանապարհ տալիս։

Երկրորդ հարկից ցած նայելիս անհասկանալի է թվում, թե ինչպես այն չի միացել առաջինին․ խոնավության հոտ, փտած պատեր, դռներ, հատակ։ Բազմազավակ ընտանիքների անդամներն ասում են, որ ինքնուրույն կհոգային վերանորոգման ծախսերը, եթե գոնե աշխատանքով ապահովված լինեին։

Համայնքապետարանի ներկայացուցիչներին ճանաչում են։ Տարօրինակ տպավորություն է ստեղծվում, կարծես, կողմերի համար սովորական խոսակցություն է․ որերրորդ անգամն են քննարկում տնակների հարցը, մտքեր են փոխանակում, խնդիրները թվարկում։

62 տարեկան կինը պատրաստակամորեն ցույց է տալիս բնակարանի միջանցքը, խոհանոցի հատակը, որի ծակերը՝ առնետներից ու խոնավությունից փրկվելու համար, փակում է ձեռքի տակ ընկածով։ Կինը չի աշխատում, նպաստ և թոշակ չի ստանում, որևէ սեփականություն չունի, գոյատևում է՝ 2010-ին Ֆրանսիա մեկնած աղջկա ուղարկած գումարով․ «Լավ ա գոնե ինքը էնտեղ ա, կարողանում է ինձ օգնել։ Ինքը ֆրանսերեն լավ սովորեց, գնաց, իրա խելքով՝ կարողացավ։ Ընտանիք կազմեց։ Եթե ինքը չգնար, ստեղ մնար, մենք երկուսով սենց վիճակի մեջ պիտի լինեինք»։

Խոսում են նաև վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանից, աջակցություն հայտնում, «դրության մեջ մտնում»։

Կինը համոզված է, որ եթե Փաշինյանին չխանգարեն, նա ամեն ինչ կանի․ «Մենք վստահ ենք։ Առաջներում լիներ՝ շատ հուսահատված էինք, բայց հիմա մենք գոնե հույս ունենք, չնայած ստեղ ապրելն անհնար ա»։

Հետդարձի ճամփին անսովոր ծանր լռություն իջավ։ Մթնել էր, ուղևորվեցինք դեպի հյուրանոց։ Էլ ոչ֊ոք չէր մտածում աղտոտված տաբատը մաքրելու կամ նյութը պատրաստելու եղանակների մասին։

Ալլա Մանվելյան