Գլխավոր / Հայաստան / Մարալիկում վերսկսվել է համայնքի ղեկավարի դեմ բողոքը

Մարալիկում վերսկսվել է համայնքի ղեկավարի դեմ բողոքը

Մարալիկի համայնքապետարանի մուտքը կրկին փակված է: Դռները կապել, դիմացն էլ նստարան են դրել, հերթով հերթապահում են, որ որևէ մեկը, հատկապես Արտակ Գևորգյանը չկարողանա մտնել ներս: Մարալիկցիները բողոքի ակցիաները վերսկսել են նույն՝ Անի համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանի հրաժարականի պահանջով, հայտնում է Armtimes.com-ը։

Այս անգամ, սակայն, պահանջ կա նաև ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանից՝ կապված Մարալիկի համայնքապետարանում իրականացված աուդիտի և դրան հետևած լռության հետ: Պաշտոնական հայտարարություն չկա, սակայն ֆեյսբուք սոցիալական ցանցում Դավիթ Սանասարյանն իրեն ուղղված հարցումներին պատասխանել է. «Ժողովուրդ ջան, մենք մեր գործն արել ենք, ուսումնասիրության լուրջ փաթեթն ուղարկել ենք Քննչական կոմիտե, որտեղ, ըստ մեզ, քրեական հանցագործության և այլ իրավախախտումների լուրջ տարրեր կան: Մնացածն արդեն իրավապահ մարմինների գործն է»:

Բողոքի ակցիայի մասնակիցները «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասացին, որ պայքարելու են մինչև վերջ, չեն բացելու համայնքապետարանի մուտքը: Արտակ Գևորգյանն էլ տեղեկացրեց, որ համայնքապետարանի մուտքը կրկին փակելու մասին արդեն և՛ ոստիկանություն է դիմել, և՛ Շիրակի մարզպետարան: Աշխատանքներն էլ շարունակում է Մարալիկի համայնքային կենտրոնում:

Նման քայլերի դիմած և աշխատավայր մտնելու հնարավորություն չունեցող համայնքի ղեկավարը, սակայն, տեղյակ չէր, որ Մարալիկում բողոքի ակցիաները վերսկսվել են: «Այն, որ Մարալիկում բողոքի ակցիա է, առաջին անգամ ձեզանից եմ լսում, Էն որ դուռը փակ է, ոչինչ չի նշանակում, մենք մեր աշխատանքները որտեղից էլ լինի, կկարողանանք անել, համայնքի ցանկացած տեղից կարող եմ ես ղեկավարել ու իմ գործն անել: Իսկ աուդիտը դեռ ընթացքի մեջ է, իրենք գնացել են, բայց դեռ հեռվից ուսումնասիրում են», — Գևորգյանը:

Օգոստոսից Մարալիկում ընթացող բողոքի ակցիաները դադարեցվել էին հոկտեմբերի 12-ին, համայնքապետարանի դուռն անձամբ Դավիթ Սանասարյանն էր բացել և հայտարարել աուդիտ իրականացնելու մտադրության մասին: