Home / Բանտ / Խեղդող բանտերի և ոչ հաշվետու ուժայինների մասին

Խեղդող բանտերի և ոչ հաշվետու ուժայինների մասին

ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Քննչական Ծառայությունը պետք է պատասխանատու լինեն ԱԺ-ում, «Կոնգրես» հյուրանոցում նոյեմբերի 20-ին տեղի ունեցած քննարկմանը հայտարարել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր։ «Այս ամենը պետք է սկսվի համալսարններից և այն հաստատություններում, որոնք կենտրոնացած են մարդկային մտքի ձևավորման վրա։ Հարց է, թե ո՞րն է նոր ժամանակների պահանջը, չէ որ վերը նշված կառույցները պետք է գործեն ժողովրդի և իրավական պետության պահանջների համապատասխան, ի տարբերություն նախկին բռնապետական կառավարությանը»։

«Քաղաքացիական հասարակության օրակարգը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին ընդառաջ» խորագրով քննարկումը նվիրված էր իրավապահ մարմինների գործունեության սկզբունքներին ժողովրդավարական և իրավական պետությունում։

Ըստ Սաքունցի, չկա մի երկիր, որտեղ խախտում չանեն։ «Բայց ինչու՞ ԱԱԾ պետը Հայաստանում ՝ ԱԺ-ում զեկույցով հանդես չի գալիս ԱԱԾ-ի գործունեության վերաբերյալ, դրանով պատգամավորներին տալիս հարցեր և գաղափարներ տալու կամ մտահոգություններ հայտնելու հնարավորություն։ Կամ Ոստիկանապետը ինչու՞ չի հանդես գալիս հայտարարություններով, որ խնդիրները ավելի պարզ ու հասկանալի լինեն»։ Իրավապաշտպանը նաև հավելեց, որ նոր Հայաստանում ուժային կառույցները պետք է հասնեն այն մակարդակի, որ դադարեն ընկալվել որպես միայն ճնշման միջոցներ։

Քննարկման մյուս մասնակից Հայաստանի Հելսինկյան կոմիտեի փաստաբան Ռոբերտ Ռևազյանը խոսեց քաղբանտարկյալների և առհասարակ ՔԿՀ-ների մասին, ասելով, որ «Աշխատողները անգամ քիթը փակ են անցնում միջանցքներով»։ Խնդիրը, ըստ փաստաբանի, գալիս է հետստալինյան և հետսովետական ժամանակներից․ «Դեռևս ԽՍՀՄ-ի տարիներին ՔԿՀ-ները ունեին պատժող բնույթ, գործում էին ոստիկանական ռեժիմով։ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո պետք է որ փոփոխություններ լինեին, սակայն իրավիճակը մնաց նույնը։ Այդ համակարգը փոփոխելու կարևորագույն նախապայմանը՝ մարդու իրավունքները առաջնային տեղում դասելն է։ Կարևոր է նաև հասարակության պահանջը, այսինքն ժողովուրդը պետք է պահանջի։ Շատ հաճախ ասում են, թող պայմանները վատ լինեն, հանցագործը այլևս չի ցանկանա նույն տեղը վերադառնալ և հետևաբար էլ հանցանք չի գործի։ Չկա նման բան»։

Մասնակիցները համակարծիք էին, որ պետք է Սահմանադրությունը փոխվի այնպես, որ ԱԱԾ-ն, Ոստիկանությունը և Քննչական Ծառայությունը հաշվետու լինեն ԱԺ-ին, Սահմանապահներն էլ փոխանցվեն Ոստիկանության վերահսկողության ներքո։

Հայկուհի Հարությունյանը՝ «Իրավական Պաշտպանություն առանց սահմանների» կազմակերպության նախագահը, հայտնեց իր մտահոգությունը, որ ՀՀ Օպերատիվ հետախուզության մասին օրենքը ՌԴ-ի օպերատիվ հետախուզության մասին օրենքի կրկնապատճենն է։

Միջոցառումը զուգորդող տեքստում ասված էր, որ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» կազմակերպության նախաձեռնած քննարկումը նպատակ ուներ նոր իրավիճակում՝ նոր օրակարգ ձևակերպել և հանրությանը ներկայացնել մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, խտրականության, արդար դատաքննության, արդյունավետ և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ հիմնախնդիրների լուծման վերաբերյալ քաղաքացիական հասարակության դիրքորոշումները, ինչպես նաև քննարկում ծավալել այս խնդիրների շուրջ՝ քաղաքացիական հասարակության կառույցների և Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների/ուժերի միջև:

Tekali Taxi