Home / Հայաստան / Փաշինյան․ Ո՞ւմ դեմ էր ուղղված Ադրբեջանում գերեվարվածի ընտանիքի բողոքը

Փաշինյան․ Ո՞ւմ դեմ էր ուղղված Ադրբեջանում գերեվարվածի ընտանիքի բողոքը

«Ո՞ւմ դեմ էր ուղղված էդ ակցիան։ Եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ է էդ դեպքում փակվում էն ճանապարհը, որի ընդհանրապես փակումն Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր»։ Նոյեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի խնդրին՝ նշելով, որ ստացել է ընտանիքի դիմումը և մտադիր է հանդիպել նրանց հետ։

Օրեր առաջ Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի հարազատները բողոքի ակցիա են կազմակերպել՝ փակելով Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը։ Նրանք պահանջում են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի 3-ական գերիներին։ Ադրբեջանում նրա գործով դատավարությունը սկսվել նոյեմբերի 6-ին։ Ղազարյանը մեղադրվում է Ադրբեջանում՝ զենքի ու պայթուցիկի կիրառմամբ ահաբեկչական փորձ կատարելու մեջ։ Հայկական կողմը հերքում է այդ պնդումը։

Նշելով, որ իր կինն՝ Աննա Հակոբյանը, երկու անգամ այցելել է Տավուշի մարզի Բերդավան գյուղում ապրող ընտանիքին, վարչապետի պաշտոնակատարը նկատել է, որ այս հարցը երբեք իրենց ուշադրությունից դուրս չի եղել։ Այնուամենայնիվ, նոյեմբերի 17-ի բողոքը հարցեր է առաջացրել Փաշինյանի մոտ․ «Ո՞ւմ դեմ էր ուղղված էդ ակցիան։ Եթե դա Ադրբեջանի իշխանության գործողությունների դեմ էր, ինչո՞ւ է էդ դեպքում փակվում էն ճանապարհը, որի ընդհանրապես փակումն Ադրբեջանի ստրատեգիական նպատակներից մեկն էր։ Եթե այդ ակցիան մեր դեմ էր նրա համար, որ մենք բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, հարց ա ծագում՝ ինչո՞ւ է վարչապետի կինը երկու անգամ այցելում ընտանիքին և արդյոք մենք ունենք էդպիսի նախադեպ, երբ որ այդ իրավիճակում հայտնված ընտանիքն այսպիսի ուշադրության է արժանանում։ Եթե խոսքը նրա մասին է, որ Հայաստանը պետք է փոխանակման կամ ետ վերադարձնելու ուղղությամբ ջանքեր գործադրի, իհարկե, պետք է գործադրի, բայց արդյոք այդ պռոցեսը պետք է համապատասխան լինի Հայաստանի շահերին, թե՞ մենք ասում ենք՝ ինչ գնով ուզում ենք, վերադարձնենք»։ Փաշինյանը նկատել է, նմանատիպ իրավիճակի մեջ է հայտնվել նաև մեկ այլ ՀՀ քաղաքացի՝ հարց բարձրացնելով՝ ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակում․ «Որովհետև նա որբանոցի երեխա՞ է, դրա՞ համար»։

Նա նաև մեկնաբանել է տեղեկություններն այն մասին, որ ներկայումս Ադրբեջանն առաջարկում է «բոլորը՝ բոլորին» տարբերակը։ «Մենք պե՞տք է գնանք դրան։ Իսկ մենք հարցրե՞լ ենք էն երկու ընտանիքներին․․․էդ մարդկանցից մեկը ցմահ ազատազրկման է դատապարտված Արցախի Հանրապետությունում, մյուսը՝ 20 տարի ազատազրկման, որովհետև նրանք երկու հոգու, այդ թվում՝ պատանի տղայի, իրենց տան մեջ սպանել են, ադրբեջանցիներն, ովքեր երկու մարդ սպանել են, մի հոգու վիրավորել են։ Մենք հիմա համաձայնվո՞ւմ ենք, ևս երկու Ռամիլ Սաֆարով ենք վերադարձնում Ադրբեջան․ համաձա՞յն ենք այս տարբերակին»։

Կիսելով Ղազարյանի ընտանիքի վիշտը, Փաշինյանն ասել է, որ հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար ուղղակի անհասկանալի էր․ «Ասենք, եկեք փակենք ճանապարհը, մի ամիս փակած մնա, մի տարի փակած մնա էդ ճանապարհը։ Որևէ մեկը մտածում է, որ ինչ-որ բան կա, որ պիտի անեինք ու չենք արել, հիմա դրա արդյունքում կանե՞նք։ Եթե էդպես է մտածում, ճիշտ չի ընկալում իրավիճակը»։