Home / Կրթություն / Դպրոցը տնօրենը չէ․ Փաշինյանը հորդորել է վերսկսել դասերը

Դպրոցը տնօրենը չէ․ Փաշինյանը հորդորել է վերսկսել դասերը

Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 3-րդ հիմնական դպրոցում արդեն 11 օր է, ինչ դասադուլ է՝ ընդդեմ նորընտիր տնօրեն Աննա Բալյանի: Աշակերտները և նրանց ծնողները պահանջում են նախկին տնօրեն՝ Լուսինե Կարապետյանի վերադարձը։ Այսօր դպրոց էր այցելել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Դեռևս նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ Փաշինյանը Չարենցավանում էր, դպրոցի ծնողներն ու ուսուցիչները բարձրաձայնել էին խնդրի մասին։ Վարչապետի պաշտոնակատարը խոստացել էր մանրամասն ծանոթանալ և լուծում տալ դրան։

Նոյեմբերի 9-ին կայացել է դպրոցի տնօրենի ընտրությունը, որի արդյունքում նախկին տնօրենը չէր վերընտրվել: Լուսինե Կարապետյանը մեկ ձայնով է զիջել ընտրված թեկնածու Աննա Բալյանին։

Ծնողներն ու ուսուցիչները պնդում են, որ ընտրությունը խախտումներով է եղել, խորհրդի մի քանի անդամներ ուղղորդված են եղել մյուս թեկնածուի կողմից: Իսկ նրան աջակցել էր մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Մարզպետը դա զրպարտություն է որակել։ Պնդումներից մեկն էլ այն է, որ Բալյանի ոստիկան եղբայրն է ճնշել մարդկանց։ Աննա Բալյանն, իր հերթին, հակադարձում է, որ եղբայրը սովորական քաղծառայող է և ոստիկանությունում աշխատում է որպես հաշվապահ։ Ընտրված տնօրենը պնդում է, որ ուղղորդումը եղել է հենց Լուսինե Կարապետյանի կողմից։

Փաշինյանը փակ հանդիպում է ունեցել նախկին և ներկա տնօրենների հետ, որից հետո ելույթ է ունեցել դպրոցի բակում հավաքված ծնողների և աշակերտների առաջ։

«Ես չեմ կարծում, թե երկրի վարչապետը պետք է տնօրենի հարցով զբաղվի, բայց անկեղծ ասեմ՝ էս կարգի քննարկումներն ինձ համար էլ են շատ օգտակար, քանի որ հանրակրթության ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվենք․․․Ես մտածում էի, որ կգամ, կնստեմ, կխոսենք, և ակնհայտ կլինի, որ մեկը շա՜տ լավ տնօրեն ա, իսկ մյուսը՝ շա՜տ վատ տնօրեն ա։ Բայց ուզում եմ ասել իմ առաջին տպավորությունը․ երկու մանկավարժներն էլ շատ բարձր մակարդակի մանկավարժներ են։ Մեր խնդիրն է պարզել, թե ինչքանով է արդար եղել դպրոցի տնօրենի ընտրությունը», – նշել է Փաշինյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ ընտրությունները օրինական են եղել։ Հետևաբար, մրցույթի արդյունքներն էլ օրինական են, և չկա ոչ մի մեխանիզմ՝ այդ արդյունքները չեղյալ հայտարարելու համար։ Այսպես, նորընտիր տնօրենը կմնա իր պաշտոնում։ Նշանակումն, ըստ օրենքի, տեղի է ունենալու այսօր երեկոյան։

«Երկու կողմից խոսք գնաց ճնշումների մասին։ Այդ ճնշումների մասը կքննեն իրավապահ մարմինները։ Եթե պարզվի՝ եղել են ճնշումներ և ազդել են ընտրության վրա, այդ ժամանակ կլինի իրավական հիմք՝ արդյունքները չեղյալ անելու։ Ես երաշխավորում եմ, որ ամեն ինչ կանեմ, որ քննությունն օբյեկտիվ ընթանա»։ Փաշինյանը հորդորել է, որ երեխաները վաղվանից գնան դպրոց։ «Ամենավատն էն ընկալումն է, որ մտածում են, որ դպրոցը տնօրենն է, վարչապետը մտածում է, որ երկիրը ինքն է, մարզպետը մտածում է, որ մարզը ինքն է։ Ո՛չ, սա տնօրենի դպրոցի չի, սա Հայաստանի Հանրապետության դպրոցն է»։

Լուսինե Կարապետյանն ընտրության արդյունքները բողոքարկել էր Կրթության և գիտության նախարարությունում, հանձնաժողով է ստեղծվել, որն էլ եզրակացրել է, որ ընթացակարգի առումով խախտումներ չեն եղել դպրոցում: Փաշինյանի հորդորից հետո՝ դիմել դատարան՝ վերականգնելու իրավունքները, Կարապետյանը նշել է, որ չի պատրաստվում դա անել, քանի որ «նույն հին դատարաններն են»։

Դպրոցի բակում հավաքված հարյուրավոր ծնողները հայտնել են, որ եթե նախկին տնօրենին չվերականգնեն, իրենք դպրոցից կհանեն երեխաներին, իսկ որոշ ուսուցիչներ էլ տեղում ազատման դիմումներ են գրել։

Տնօրենների այս «կռվին» խառնել են նաև աշակերտներին։ Նրանք ողջ ընթացքում վանկարկել են՝ «Կարապետյա’ն» և «Բալյան հեռացի՛ր»։ Դպրոցի բակում հավաքված երեխաները հեկեկալով Փաշինյանին խնդրել են, որ պահեն հին տնօրենին․ «Էսքան մարդ ուշաթափվեց, էսքան մարդ լացեց, որ ընկ․ Կարապետյանը ընդունվի»։

Հարցին, թե, ի վերջո, աշակերտները լսելո՞ւ են Փաշինյանի հորդորը և գնան դասի, աշակերտներն ասել են․ «Դե, տեսնենք՝ ինչ կասեն մեր ծնողները և ուսուցիչները»։

Փաշինյանը խնդրել է, որ ծնողները մի փաստարկ բերեն, թե ինչու չեն ընդունում նոր տնօրենին։ Նրանցից մեկը նշել է, որ հաղթող տնօրենին չի ճանաչում և նրա հետ խնդիր չունի։

Փաշինյանի հեռանալուց հետո դպրոցում իրարանցում է սկսվել։ Դպրոցի գրադարանավարը ցույց տվեց դասասենյակ, որտեղ, նրա խոսքով, մտել են ծնողները և աշակերտները և սկսել պատռել պատի թերթերը, կոտրել սեղաններն ու աթոռները։

Պարզ չէ՝ վաղվանից դպրոցում դասերը կվերսկսեն, թե ոչ։

Tekali Taxi