Home / Կանանց իրավունքներ / Հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է

Հրապարակում ինքնահրկիզված կինը մահացել է

Հանրապետության հրապարակում դեկտեմբերի 20-ին ինքնահրկիզված 86-ամյա Ռիմա Գրիգորյանը  Երևանի Այրվածքաբանական բժշկական կենտրոնում երեկ, գիտակցության չգալով, մահացել է։ Այս մասին Epress.am-ին հաղորդել են Ոստիկանությունից։

Հիվանդանոցի վերակենդանցման բաժանմունքից հայտնել են, որ այնտեղ անցկացրած օրերին կնոջը ոչ ոք չի այցելել․ «Հավանաբար հարազատներ չուներ»։

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն կինը Կոտայքի մարզից է։

Ֆեյսբուքյան օգտատեր Գեղամ Գևորգյանը իր էջում հրապարակել էր դեպքի վայրում նկարված տեսանյութ և գրել․ «Ինքնահրկիզվեց օրեր շարունակ դրա մասին նախազգուշացնելուց հետո, ինքնահրիզվեց, քանի որ անուշադրության էր մատնված պետության կողմից, քանի որ ուշադրությունը դեպի տոնածառն ա, քանի որ վերջին օրերին կառավարության շենք մտնողներին չէր հետաքրքրում էդ կինը,հետաքրքրում էր, թե ում՝ինչ պաշտոն են տալու»։