Home / Հայաստան / Փաշինյանի համար դեռ հասկանալի չէ՝ որքանով են օրինական Վենեսուելայի իրադարձությունները

Փաշինյանի համար դեռ հասկանալի չէ՝ որքանով են օրինական Վենեսուելայի իրադարձությունները

Նիկոլ Փաշինյանը չի նմանեցնում իր ղեկավարած հեղափոխությունը Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ոչ մի ասոցիացիա չի կարող լինել պարզապես», – հայտարարեց ՀՀ վարչապետը, այսօր Մոսկվայում ճեպազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ արդյոք Վենեսուելայի իրադարձությունները չի՞ նմանեցնում այն հեղափոխությանը, որի առաջնորդն էր ինքը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

«Բարեբախտաբար, մենք զոհեր, բախումներ չունեցանք, իսկ Վենեսուելայում եղել են զոհեր, ցավոք սրտի: Երկրորդ՝ ողջ գործընթացը, որ Հայաստանում տեղի ունեցավ, ամբողջովին՝ 100 տոկոսով համապատասխանում էր երկրի օրենքներին և Սահմանադրությանը, իսկ Վենեսուելայում տեղի ունեցողը առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե որքանով է համապատասխանում Սահմանադրությանը: Առաջին հայացքից այնտեղ ամեն ինչ չէ, որ Սահմանադրության տրամաբանությանը համապատասխան է տեղի ունենում», – ընդգծեց Փաշինյանը:

Հիշեցնելով, որ Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունների մասին արդեն դիրքորոշում են հայտնել աշխարհի տարբեր առաջնորդներ՝ Ռուսաստանի իշխանությունները աջակցում են երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, սակայն Հայաստանի հարևան Վրաստանը և մի քանի այլ երկրներ աջակցում են ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյին, լրագրողը հարցրեց․ «Ո՞ւմ եք Դուք պաշտպանում այս հարցում»:

«Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ոչ մի հայտարարություն չի արել, մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը: Պետք է նախ հասկանանք, թե տեղի ունեցողը որքանով է համապատասխանում երկրի Սահմանադրությանը: Ամեն դեպքում, կարծում եմ, որ այստեղ առանցքայինը պետք է լինի Վենեսուելայի ժողովրդի դերը: Ցանկացած որոշում պետք է ընդունելի լինի վենեսուելացիների համար»:

Tekali Taxi