Վենեսուելայի Ազգային ժողովի նախագահ, 35-ամյա Խուան Գուայդոն իրեն երկրի ղեկավար է հայտարարել` ելույթ ունենալով գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության դեմ հանրահավաքի ժամանակ։ Նա խոստացել է երկրում արդար ընտրություններ կազմակերպել և ստեղծել անցումային կառավարություն, որպեսզի վերջ տրվի տնտեսական ճգնաժամին և Ահագնացող գնաճին (Վենեսուելայում տարեկան գնաճը հասնում է միչև 2 միլիոն տոկոսի): Բացի դա, Գուայդոն խոստացել է չպատժել այն զինվորականներին, ովքեր կօգնեն Մադուրոյին իշխանությունից հեռացնելու գործում։
Այնուհանդերձ, Վենեսուելայի ուժային կառույցները և կառավարական այլ կարևոր ինստիտուտներ շարունակում են մնալ գործող նախագահ Մադուրոյի ղեկավարության ներքո։ Երկրի պաշտպանության նախարար Վլադիմիր Պադրինոն Թվիթերում գրել է, որ բանակը չի ճանաչում Գուայդոյին որպես Վենեսուելայի նոր նախագահ։
Ընդդիմության առաջնորդ Գուայդոյի ելույթից գրեթե անմիջապես հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես է եկել հայտարարությամբ, որում պաշտոնապես ճանաչել է վերջինիս որպես պետության ղեկավարի պաշտոնակատար։ Իսկ Մադուրոյին Թրամփը կոչել է ոչ լեգիտիմ նախագահ՝ ընդգծելով, որ Վենեսուելայում իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրի խորհրդարանն է։
Դրան ի պատասխան Մադուրոն խզել է ԱՄՆ֊ի հետ դիվանագիտական հարաբերությունները և ամերիկացի դիվանագետներին 72 ժամ տվել՝ Վենեսուելան լքելու համար։ Երկրում կատարվող իրադարձությունները նա որակել է անօրինական հեղաշրջման փորձ, իսկ վենեսուելական բանակից պահանջել պահպանել հավատարմությունը (Զինուժը երկրում ամենակարևոր օղակն է, որի շնորհիվ Մադուրոն հույս ունի պահպանել իր իշխանությունը երկրում):
Ինքնահռչակ նախագահին ճանաչել են նաև Կոլումբիան, Բրազիլիան, Պերուն, Արգենտինան, Չիլին, Պարագվայը, Էկվադորը, Պանաման, Գվատեմալան, Կոստա֊Ռիկան և Հոնդուրասը։ Գործող նախագահ Մադուրոյին աջակցություն են հայտնել Բոլիվիան, Ուրուգվայը և Կուբան։ Մեքսիկայի իշխանությունները ուղիղ աջակցություն չեն հայտնել, սակայն հորդերել են վենեսուելացիներին կառավարությունն օրինական մեխանիմզների ճանապարհով ընտրել։ Չինաստանի ԱԳՆ֊ն և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել են, որ սատարում են Մադուրոյին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ևս աջակցություն է հայտնել նրան։
Էրդողանի մամուլի խոսնակ Իբրագիմ Քալընը Թվիթերով հայտնում է․ «Մեր նախագահը զանգել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և աջակցություն հայտնել Թուրքիայի կողմից։ Նա ասել է․ «Եղբայր Մադուրո, դիմացի, մենք քեզ հետ ենք»։ Թուրքիան սկզբունքորեն դեմ է հեղաշրջումների փորձերին»։
Ռուսաստանի արտգործնախարարությունը ևս աջակցություն է հայտնում Մադուրոյին, և իրավիճակի ողջ պատասխանատվությունը գցում ԱՄՆ֊ի վրա։ «Վաշինգտոնի անպարկեշտ գործողություններում մենք նորից միջազգային իրավունքի սկզբունքների և նորմերի բացարձակ ոտնահարման, ժողովուրդների ճակատագրերին միջամտելու և որոշելու փորձի ենք ականատես լինում»:
Ռուսաստանի շահը Վենեսուելայում
Ռուսաստանը վերջին մի քանի տարիներին աջակցել է Վենեսուելային իր սեփական շահերը զարգացնելու դիմաց՝ հիմնականում նավթային և ռազմական արդյունաբերություններում և ռազմամթերքի մատակարարման մեջ:
Ուգո Չավեսի ղեկավարման տարիներին Մոսկվան դարձավ Վենեսուելայի ամենակարևոր գործընկերը ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության տեսանկյունից։ Ռուսաստանի համար այս երկիրը կարևոր է ԱՄՆ-ին աշխարհագրորեն մոտ լինելու պատճառով: 2018 թվականի դեկտեմբերին Վենեսուելայում համատեղ զինավարժանքների է մասնակցել ռուսական երկու Ту-160: Մինչ այդ կործանիչները Վենեսուելա են ուղևորվել 2013 և 2008 թվականներին:
2001 թվականից ի վեր, երբ կողմերը ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրեցին, Վենեսուելայի բանակը, որ նախկինում օգտագործում էր արևմտյան արտադրության զենք, սկսեց գնել ռուսականը:
2010 թվականին Վենեսուելայում Կալաշնիկով ավտոմատների գործարան բացվեց: Ավտոմատների և դրանց փամփուշտների գործարանները կառուցեց Ռուսաստանը:
Վարկեր և նավթ
2018 թվականի դեկտեմբերին Նիկոլաս Մադուրոն այցելել է Մոսկվա և հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ամփոփելով այցը՝ Մադուրոն հայտնել էր, որ կնքվել են պայմանագրեր, որոնց շրջանակներում Ռուսաստանը Կարակասին 6 միլիարդ դոլար կտրամադրի նավթի արտադրության և հանքարդյունաբերության՝ հատկապես ոսկու հանքերի ոլորտներում աջակցելու նպատակով:
Մինչ այդ Ռուսաստանի կառավարությունը և «Ռոսնեֆը», Ռոյթեր գործակալության տվյալներով, 2006 թվականից ի վեր ավելի քան 17 միլիարդ դոլարի վարկ են տրամադրել Վենեսուելային:
2011 թվականին տրվել էր 4 միլիարդ դոլարի վարկ՝ ռուսական զենքեր գնելու համար:
Խորացող ճգնաժամի պատճառով Մոսկվան ստիպված եղավ երկու անգամ վերանայել այդ վարկը: Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարել էր, որ պարտքի մարումը նախատեսված է 10 տարվա ընթացքում: Հետո մարման ժամանակացույցը փոխվեց։
Ինչ կլինի վարկի սպասարկման հետ հիմա՝ անհայտ է: BBC-ի ռուսական ծառայությունը հարցում է ուղարկել ՌԴ Ֆինանսների նախարարություն, սակայն պատասխան դեռ չի ստացել։ Ինչպես հայտնում է Ռուսաստանի կառավարությունում BBC-ի աղբյուրը՝ Մոսկվան համարում է, որ Վենեսուելայի հետ նախկին պայմանավորվածությունները ուժի մեջ են:
Բայց ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսն արդեն հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանն ու Կուբան Վենեսուելայի հետ «վարկային դիվանագիտություն» են վարում և որ պայմանավորվածությունների մեծ մասը Մադուրոն կայացրել է առանց խորհրդարանի հավանության:
Վենեսուելայում մեծ շահեր ունի նաև Ռոսնեֆտը․ 2014 թվականին այն Վենեսուելային է տրամադրել 6.5 միլիարդ դոլար՝ որպես նավթի մատակարարման կանխավճար: