Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը կասկածում է ԱՄՆ-ին գաղտնի տեխնոլոգիայի մշակման մեջ, որը քաղցկեղ է առաջացնում իր համար ոչ ձեռնտու լատինոամերիկյան պետությունների նախագահների մոտ, հայտնում է BBC-ն:
Վերջին շրջանում քաղցկեղից բուժվող Չավեսը նման կարծիք է հայտնել այն բանից հետո, երբ պարզվել է, որ Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդեսի մոտ նույնպես քաղցկեղ է հայտնաբերվել:
Քաղցկեղ էր հայտնաբերվել նաև Պարագվայի առաջնորդ Ֆերնանդո Լուգոյի, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի, ինչպես նաև նրա նախորդի` Լուլա դա Սիլվայի մոտ: Չավեսի խոսքով` այս բոլոր համընկնումները «շատ տարօրինակ» են, սակայն նա ընդգծել է, որ դրանք «հապշտապ մեղադրանքներ» չեն այլ պարզապես բարձրաձայն մտորումներ:
Միաժամանակ նա հավելել է, որ քաղցկեղային հիվանդությունը լատինաամերիկյան առաջնորդների մոտ դժվար է բացատրել «հավանականության պարզ օրենքներով»:
Չավեսը նշել է, որ 1940-ականներին ամերիկյան կառավարության գիտնականները գվատեմալցի գերիներին սիֆիլիսով և այլ հիվանդություններով էին վարակում, իսկ աշխարհն այդ մասին իմացել է միայն անցյալ տարի:
Նա նաև կատակել է, թե այժմ Բոլիվիայի և Էկվադորի նախագահներ Էվո Մորալեսը և Ռաֆայել Կորրեան պետք է զգույշ լինեն, հակառակ դեպքում նրանց էլ կարող են քաղցկեղ ախտորոշել:
Հիշեցնենք, որ Չավեսը բուժվել է քաղցկեղից կուբացի բժիշկների շնորհիվ, նաև քիմիոթերապիա է անցել: