Home / Վերլուծություն / Եթե ներկա իշխանությունը փորձի նմանվել նախորդին

Եթե ներկա իշխանությունը փորձի նմանվել նախորդին

Որևէ խնդրի կամ հարցի վերաբերյալ քննարկման ժամանակ նույնականացնել այսօրվա իշխանությանը և նախորդ իշխանությանը համարում եմ միտումնավոր, գիտակցված կեղծիք, շատ պարզ պատճառով։

Ներկա իշխանությունը իր բնույթով, բովանդակությամբ համեմատության որևէ եզր չունի նախորդի հետ։

Իր հիմքում նման նույնականացումը ելնում է հետևյալ համոզմունքից կամ վարկածից, թե «ի՞նչ տարբերություն իշխանություն մնում է իշխանություն»։

Նման մոտեցումը տեղին կլիներ հաջորդ, հերթական ազատ և արդար ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանության և ներկա իշխանության միջև համեմատություններ կատարելիս։

Այսինքն, իշխանությունների համեմատության համար շատ կարևոր է նրանց ձևավորման նույն հիմքի առկայությունը՝ ազատ և արդար ընտրությունը։

Այս տեսակետից անհնար է որևէ համեմատությունը նախորդ և ներկա իշխանությունների միջև շատ պարզ պատճառով, քանի որ նախորդ իշխանությունը ընտրությունների արդյունքների կեղծմամբ է եկել կամ մնացել իշխանության վրա։

Նախորդը զավթել էր իշխանությունը, ներկա իշխանությանը քվեն տվել է ընտրողը։

Այս դրույթի հետ համաձայն չլինողները կարող են միայն թույլ տալ որևէ համեմատություն անցկացնել ներկա և նախորդ իշխանությունների միջև:

Այդ իսկ պատճառով, նույն բնույթի խնդրի քննարկման դեպքում չեն կարող նույնանման մոտեցումներ լինեն ներկա և նախորդ իշխանությունների նկատմամբ։

Նախորդ իշխանությունը որևէ հիմք ի սկզբանե չէր տվել վստահելու կսմ ակնկալելու, թե հաշվի է առնում քաղաքացիների կարծիքը։ Եվ բնականաբար գնահատականներն ու վերաբերմունքը կոշտ էր ու համարժեք։

Ներկա իշխանությունները հանրության հետ հաշվի են նստում և նրանցից քաղաքացիներն ակնկալիքներ ունեն։

Եվ վերջապես, ումից ակնկալիք ունեն, նրանից էլ ավելի շատ են պահանջում։

Բայց մեկ այլ հարց է առաջանում։ Իսկ ինչ նպատակ է հետապնդում, ում շահերից է բխում նախորդ և ներկա իշխանությանը նույն հարթության վրա տեղավորելը։ Իմ կարծիքով, նախկին իշխանությունից հեռացված և համակարգային կոռուպցիայով հասարակությանը անհուսության մեջ պահած խմբի ներկայացուցիչները և նրանց հեռացման արդյունքում այդպես էլ չիրականացված ակնկալիքներ ունեցողները։

Կան նաև երկու իշխանություններին համեմատություն ձևավորող վերլւծությունները որպես հալած յուղի տեղ ընդունողները, բայց նման մոլորությունները շատ քիչ կյանքի տևողություն ունեն՝ ի վերջո կարևորը փաստերն են, ոչ թե դրանց կեղծումները:

Եվ վերջապես հասանք ավելի կարևոր խնդրին:

Ներկա իշխանությունները պետք է հենց փաստեր ստեղծեն, իրենց գորոծողություններով և որոշումներով, պահվածքով մշտապես հերքեն, թե իրենք որևէ կերպ կարող են համեմատելի լինել նախկին իշխանությունների հետ:

Իսկ երբ նման փաստերը ստեղծելիս ներկա իշխանությունները թույլ են տալիս կամ թույլ տան բացթողումներ, կամ ոչ հետևողական մոտեցումներ, ապա, նորից կրկնեմ, չի կարող օգտագործվել նույն մոտեցումը, բառապաշարը, ինչպես նախորդ իշխանության պարագայում:

Եթե ներկա իշխանությունը փորձի իր մոտեցումներով, բնույթով նմանվել նախորդին, որի հավանականությունը անչափ ցածր եմ գնահատում, ապա միանշանակ շատ ավելի կոշտ ու շատ դաժան քննադատության կարժանանա:

Եթե: Իսկ այդ «եթե»-ն թույլ չենք տալու:

Արթուր Սաքունց, իրավապաշտպան
աղբյուր՝ ֆեյբուքի էջ

Tekali Taxi