Home / Կրթություն / Վրաստանում ղարաբաղյան պատերազմի մասնակցի արձանը 21 տարի անց աղմուկ է բարձրացրել

Վրաստանում ղարաբաղյան պատերազմի մասնակցի արձանը 21 տարի անց աղմուկ է բարձրացրել

Վրաստանի Ջավախեթի շրջանում, որը հիմնականում հայերով է բնակեցված, 1990-ականների սկզբին ղարաբաղյան պատերազմում զոհված տեղացու արձան է տեղադրվել, ինչը աղմուկ է բարձրացրել սոցցանցերում՝ հատկապես ադրբեջանական հատվածում։ Վրաստանի պաշտոնական կառույցներն իրադարձությունը դեռ չեն մեկնաբանել։

Միխայիլ Ավագյանի արձանի բացումը տեղի է ունեցել Ախալքալաքի շրջանի Բուգաշեն գյուղում հունվարի 20-ին։ Կարմիր ժապավենը կտրել են Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանն ու գյուղում ծնված բարեգործ Գագիկ Ավագյանը, որի միջոցներով էլ հուշարձանը կանգնեցվել է։

Արարողությանը ներկա էին շրջանի ադմինիստրացիայի և տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Հենզել Մկոյանն ու Սամվել Մանուկյանը, որոնք «Վրացական երազանք» կուսակցությունն են ներկայացնում։

Բացմանը հրավիրված էին նաև տեղական իշխանություններն ի դեմս Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Հունանյանի և Սակրեբուլոյի նախագահ Նաիրի Իրիցյանի։

Հայաստանի դեսպանն իր ելույթում ասել է․ «Շնորհիվ Միխայիլ Ավագյանի պես հայրենասերների՝ մեր ժողովուրդը կարողացել է կարևոր հաղթանակներ տանել»։

Բուգաշենում ծնված Միխայիլ Ավագյանը մասնակցել է ղարաբաղյան ռազմական գործողություններին հայկական ուժերի կազմում և հայտնի էր «Կոբրա» մականունով։ Նա մահացել է 1994թ-ին մարտի ժամանակ ստացած վիրավորումից։

Ավագյանի հուշարձանը Բուգաշեն գյուղում կանգնեցվել էր դեռ 1997թ-ին հին վթարային դպրոցի բակում։ Հուշարձանը փոխարինելու որոշումն առաջացել էր այն պատճառով, որ հինը պատահաբար վնասվել էր։

Թբիլիսիի արձագանքը

Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները դեռևս ոչ մի կերպ չեն մեկնաբանել հուշարձանի բացումը։ Հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին JAMnews-ի հետ զրույցում բացասական գնահատական է տվել այդ իրադարձությանը, հատկապես արարողությանն իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությանը՝ նշելով, որ դա խախտում է չեզոքության սկզբունքը, որը պահպանում է Վրաստանը Ղարաբաղի շուրջ հակամատության հարցում։

«Վրաստանը մինչ այժմ կարողացել է չեզոքություն պահպանել այդ իրավիճակում և Հարավային Կովկասում կայունության որոշակի գործոն մնալ։ Այդ ֆոնին տեղական իշխանությունների ցանկացած որոշում, կլինի դա Ջավախքում, թե Քվեմո Քարթլիում (ադրբեջանաբնակ շրջան – խմբ․), պետք է բոլոր տեսակետներից լավ մտածված լինի՝ տեղական իշխանությունները դա պետք է հասկանան։ Ես կարծում եմ, որ տեղի իշխանություններն առավելագույնս պետք է փորձեին տեղի բնակիչներին համոզել, որ այդպիսի հուշարձանի բացումը չի համապատասխանում  Վրաստանի վերաբերմունքին Հարավային Կովկասի իրավիճակին։

Չէր կարելի իրավիճակը հասցնել այդ հուշարձանի բացման․ պետք էր մարդկանց բացատրել, որ Վրաստանը պետք է հակամարտության երկու կողմերին էլ, և պետք չէ փորձել նրան խոնարհել դեպի այս կամ այն կողմը։ Կարծում եմ, որ տեղական իշխանությունները պետք է ավելի շատ խելամտություն ցուցաբերեին և մշտապես կապի մեջ լինեին կենտրոնական իշխանությունների հետ, որոնք ձևավորում են երկրի քաղաքականությունը Հարավային Կովկասում»։

Հուշարձանի բացման մասին լուրը սոցցանցերի վրացի օգտատերերի վրդովմունքն է առաջացրել։ Նրանք գրում են․

«Ի՞նչ գործ ունի Վրաստանում ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը։ Ադրբեջանը մեր ռազմավարական գործընկերն է»։

«Հիմա ի՞նչ անել։ Մառնեուլիում (ադրբեջանցիներով բնակեցված քաղաք) սեփական հուշարձանը տեղադրել և պատերա՞զմ սկսել»։

«Ահա (Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի) երդմնակալությանը Սարգսյանի (Հայաստանի նախագահի) ներկայության քաղաքական արժեքը»։

«Սա շատ տագնապալի լուր է։ Հունվարի 20-ին Ջավախքում բացվել է ղարաբաղյան պատերազմի հերոսի հուշարձանը։ Իսկ այն Ադրբեջանում սգո օր է»։

Ադրբեջանի արձագանը

«Խոջալուի դահճին Վրաստանում հուշարձան են կանգնեցրել», – այսպիսի վերտառությամբ նորությունն արտատպում էին որոշ ադրբեջանական լրատվամիջոցներ։

Հստակ տեղեկություններ չկան, որ Ավագյանը մասնակցել է Լեռնային Ղարաբաղի Խոջալու ավանում 1992թ-ին տեղի ունեցած իրադարձություններին, որտեղ հարյուրավոր խաղաղ բնակիչներ՝ ադրբեջանցիներ են զոհվել։

Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը ֆեյսբուքյան իր էջում վրդովմունք է արտահայտել Ջավախեթիում արձանի բացման կապակցությամբ։ «Ախալքալաքում տեղի ունեցած սադրիչ ակցիան թույլ տալը ջերմություն չի ավելացնի վրաց-ադրբեջանական հարաբերություններին և կարող է Ախալքալաքի հայերի համար խթան լինել նաև այլ սադրիչ գործողությունների՝ Թբիլիսիի և Բաքվի ռազմավարական գործընկերությանը վնաս հասցնելու նպատակով։ ․․․Կարծում եմ, որ պաշտոնական Բաքուն պետք է Վրաստանի կառավարությանը համապատասխան հարցում ուղղի և հստակություն մտցնի հայկական այս ակնհայտ սադրանքի վերաբերյալ իր դիրքորոշման մեջ»։

Tekali Taxi