Home / Կրթություն / Ի՞նչ գործ ունի քահանան դպրոցում, նախարարը ճիշտ հարց է տվել

Ի՞նչ գործ ունի քահանան դպրոցում, նախարարը ճիշտ հարց է տվել

Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որում եկեղեցին անջատ է դպրոցից և պետք է անջատ լինի պետությունից: 5-րդ դարում չենք ապրում, այլ 21-րդ դարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Արթուր Սաքունցն՝ անդրադառնալով Արարատի մարզի Բյուրավան գյուղի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ղազար քահանա Պետրոսյանի գրառմանը։

Օրեր առաջ՝ հունվարի 25-ին, երբ Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անակնկալ այցով եղել է Արարատի մարզի դպրոցներում, Այգեստան համայնքի միջնակարգ դպրոցում, ըստ Տեր Ղազար քահանայի ֆեյսբուքյան գրառման, նախարարը հանդիպել է դպրոց այցելած քահանային և ասել․ «Դու այստեղ ի՞նչ ես անում, և օրենքների բանավեճ սկսել հոգևորականի հետ: Ցանկություն առաջացավ մեր երիտասարդ և անփորձ նախարարին սովորացնելու, թե ինչ է անում Հայոց Քահանան Հայոց Դպրոցում»։

Ապացուցելու համար, որ քահանայի՝ դպրոցում գտնվելը ոչ միայն նորմալ է, այլ նաև անհրաժեշտություն,  Տեր Ղազար քահանան բերել է իր «անհերքելի փաստարկը»․ «Լսի՛ր երիտասարդ, բազմաթիվ կարդացածդ գրքերից չկարողացար սովորել այն պարզունակ ճշմարտությունը, որ Հայոց տառերը գրողը՝ Ս. Մեսրոպ Մաշտոցը Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու քահանա է եղել և տառերը գրելու գլխավոր նպատակը եղել է՝ որպեսզի Աստված խոսի հայերեն, այսինքն՝ Աստվածաշնչի հայերեն թարգմանելը»։

Նա նաև հիշեցրել է, որ բոլոր դարերի ամենատաղանադաշատ մարդիկ եղել են քահանաներ․«Հայոց դպրոցի և դպրության հիմնադիրը Հայոց Քահանան է, Հայոց դպրոցների և՛ ուսուցիչներ, և՛ շատ դեպքերում կազմակերպիչները եղել են քահանաները՝ ցայժմ սփյուռքում տեսնում ենք, Հայոց ամենանշանավոր և ամենատաղանդավոր բանաստեղծը՝ Ս.Գրիգոր Նարեկացին քահանա էր, Հայոց պատմահայրը՝ Ս.Մովսես Խորենացին քահանա էր, Հայոց հին և ամենանշանավոր Ասղագետը՝ Անանիա Շիրակացին քահանա էր, Հայոց իրավաբանության թագակիրը՝ Մխիթար Գոշը քահանա էր, Հայոց առաջին տպագիր գրքի հեղինակը՝ Հակոբ Մեղապարտը քահանա էր, Հայոց դպրությունը աշխարհին ներկայացնող Մխիթարյան հայրերը՝ բոլորը քահանաներ էին»:

Վերջում, որպես երեք դպրոցահասակ տղաների հայր, Տեր Ղազարը պահանջել է, որ քահանան անպայման այցելի դպրոց․ «Որ օրհնի մեր երեխաներին՝ Աստծո օրհնանքը փոխանցի մեր մատաղ սերունդին, որպեսզի մեր զավակները կրթվելով դպրոցում կարողանան հեռու մնալ ամեն չար ճանապարհներից»։

Անդրադառնալով գրառմանը, Սաքունցը նկատել է, որ նախարարը շատ ճիշտ է հարց տվել՝ թե քահանան ինչ է անում դպրոցում:

«Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, որում եկեղեցին անջատ է դպրոցից և պետք է անջատ լինի պետությունից:

Իսկ երեխաներին կամ քաղաքացուն օրհնելու տեղը ոչ թե դպրոցն է, այլ եկեղեցին: Ավելին, քաղաքացուն քահանան կարող է օրհնել ոչ թե ըստ իր ցանկության, այլ միմիայն քաղաքացու ցանկությամբ, և ոչ թե պարտադրանքով:

Ինչ վերաբերվում է հայոց այբուբենի ստեղծող Մեսրոպ Մաշտոցի առաքելական եկեղեցու քահանա լինելուն, ապա, հենց Մաշտոցի կենսագրությունից է երևում, որ հայոց այբուբենի ստեղծման գործը Մաշտոցը կարող էր նախաձեռնել միմիայն այդ ժամանակ Հայոց պետության ինստիտուտ հանդիսացող Եկեղեցու աջակցությամբ, և այդ պատճառով է նաև Մաշտոցը դարձել կրոնավոր:

Իսկ հիմա Հայկական պետության ինստիտուտ է հանդիսանում կառավարությունը, Ազգային ժողովը, դատարանը, պետական այլ մարմինները, և ամենևին ոչ եկեղեցին կամ եկեղեցիները:

5-րդ դարում չենք ապրում, այլ 21-րդ դարում:

Մեզ պետք չի անընդհատ պահել պատմության մեջ, այլ մեր նոր ժամանակակից, քաղաքակիրթ պատմությունը պետք է ստեղծենք…

Նաև, եթե կա քաջություն և ցանկություն, ապա ամբողջությամբ ներկայացրեք Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունը, ոչ թե հատվածաբար, ըստ եկեղեցու շահերի»։

Փորձել ենք կապ հաստատել Արայիկ Հարությունյանի հետ՝ հանդիպման մանրամասներն իմանալու համար, սակայն նախարարը դեռևս չի պատասխանել։

(Լուսանկարում՝ Տեր Ղազար քահանա Պետրոսյանը)

Tekali Taxi