Home / Բանակ / Հիվանդ որդուն զորակոչում են բանակ․ահազանգում է մայրը

Հիվանդ որդուն զորակոչում են բանակ․ահազանգում է մայրը

Շիրակի մարզի Լեռնակերտ համայնքի բնակիչ, 21-ամյա զորակոչիկ Սերյոժա Խաչատրյանը 3 անգամ տարկետում է ստացել ոտքերի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն այս տարվա զոչակոչին զինվորական գլխավոր կոմիսարիատն, առանց հաշվի առնելու, որ 3 բժշկական հաստատությունները տվել են հիվանդության տարբեր ծանրության աստիճաններ, Սերյոժային զորակոչում է բանակը։

Մոր՝ Թամարա Հովհաննիսյանի խոսքով, որդին դեռ փոքր հասակից ունի երկկողմանի հարթաթաթություն, ոտքերի մատների դեֆորմացիա և ծնկահոդի հետ կապված հիվանդություն։

«Մի ժամից ավել չի կարող կոշիկ կրել։ Հենց երկար ժամանակ ոտքերին են մնում կոշիկները, ոտքերն արյունոտվում են։ Փափուկ բաներ պետք է հագնի, հիմնականում պառկած կամ նստած է՝ բաց ոտքերով», -մայրը չի պատկերացնում՝ ինչպես կարող է որդին հագնել զինվորական կոշիկներ և երկար ժամանակ մնալ ոտքի վրա։

«Քայլքի չափավոր խանգարում ախտորոշումը գլխավոր զինկոմիսարատում համարել են ֆունկցիայի աննշան խանգարում և որոշել, որ տղաս պիտանի է ծառայության», -պատմում է մայրը։

Այս տարի մեկ անգամ արդեն ընտանիքը դիմել է ՊՆ-ին կից հասարակական խորհրդին։ Խորհուրդը որոշել է միջնորդել, որ տղան անցնի ստուգիչ հետազոտություն։ Մոր խոսքով սակայն, այդպես էլ գլխավոր կոմիսարիատն առանց նոր հետազոտության՝ որոշել է որդուն հունվարի 31-ին զորակոչել բանակ։

Մայրը կարծում է, որ միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է միջամտել, որ որդուն հիվանդ վիճակով չտանեն բանակ և վերահետազոտեն։

Tekali Taxi