Առողջական մի շարք խնդիրներ ունեցող, 6 տարվա ազատազրկման դատապարտված Արթուր Հովհաննիսյանը պետք է ազատ արձակվեր 2018 թվականի նոյեմբերին հայտարարված համաներմամբ, սակայն նրան շարունակում են Արմավիրի բանտում պահել։ «Շորթում» հոդվածի համար (182-րդ հոդվածի 3-րդ մաս) դատապարտված Հովհաննիսյանը կրել է պատժի 1/3-ը։ Բանտում գտնվելու ընթացքում նրան նոր մեղադրանք է առաջադրվել 268-րդ 1-ին մասով (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), որով Հովհաննիսյանն արդարացվել էր։
Նրա դատապաշտպան Արմինե Ֆանյանի խոսքով՝ ՀՀ օրենքների դրույթներին համապատասխան, նա ենթակա է ազատման այս պահին գոյություն ունեցող մեղադրական դատավճռով։ Փաստաբանի խոսքով, Հովհաննիսյանն ինքը պնդում է՝ իր նկատմամբ նախատրամադրվածություն կա․ «Պաշտպանյալիս պնդմամբ՝ վճռաբեկ բողոքը, որը ներկայացվել է արդարացման ակտի դեմ, ևս միտում ունի մոտ 4 ամսով կրկին հետաձգելու նրա՝ ազատության մեջ հայտնվելու գործընթացը»։
Ֆանյանը համոզված է, որ համաներման մասին ՀՀ օրենքի դրույթները տարածվում են Հովհաննիսյանի վրա, սակայն բանտի ադմինիստրացիան չի կիրառում համաներման ակտը՝ պնդելով, որ արդարացման դատական ակտը դեռևս օրինական ուժի մեջ չի մտել։ Ֆանյանի գնահատմամբ՝ Հովհաննիսյանն ապօրինի է պահվում անազատության մեջ։
«Համաներման մասին ՀՀ օրենքը պետք է կիրառվի, քանի որ այն արդարացման ակտ է՝ ոչ թե մեղադրական դատավճիռ։ Արդարացման ակտով Հովհաննիսյանին տրված իրավավիճակը պետք է գործի անմիջականորեն, այսինքն մենք չպետք է սպասենք, որ այդ արդարացման ակտը մտնի օրինական ուժի մեջ։ Խնդիրը հրատապ է նաև այն իմաստով, որ պաշտպանյալս շատ լուրջ առողջական խնդիրներ ունի՝ ողնաշարը ջարդված է։ Ինքը գտնվում է քրեակատարողական հիմնարկում, նույնիսկ դատապարտյալների հիվանդանոցում չէ այս պահին։ Բազմաթիվ հիվանդություններով է տառապում, որոնք սրվում են, բժշկական պատշաճ օգնություն չկա»։ Ֆանյանը բողոք է ներկայացրել արդարադատության նախարարին՝ պահանջելով պարտավորեցնել ՔԿՀ պետին կիրառել համաներման մասին օրենքը, սակայն որևէ արձագանք դեռևս չի ստացել։
Դատապարտվածի քույրը պատմել է, որ Եղեգնաձորում կատարված ձերբակալության ժամանակ եղբոր պրոթեզավորված ողնաշարին վնաս է պատճառվել։ «Հիմա վիճակը շատ վատ է։ Արթուրի ոտքերի վիճակը շատ վատ է․ արտադրություն է հոսում, բաց վերքեր ունի, թրոմբ ունի։ Հիմա ձմեռ ա, Արթուրը շորտիկով ա ման գալիս, չի կարողանում շալվար հագնի», – ասել է Սուսաննա Ղահրամանյանը։
Ընտանիքը սեփական միջոցներով «Միքայելյան» հիվանդանոցում բուժում կազմակերպեց, սակայն անհրաժեշտ 10 օրվա փոխարեն Հովհաննիսյանը 6 օր բուժվեց․ «6 օր անց ստիպողաբար հետ են տանում բանտ։ Արթուրի տունը գրավ էինք դրել, վիրահատության կարիք ուներ։ Իրան խոսք տվեցին, որ կթողնեն, մենք Եվրոպայից բժիշկներ ենք հրավիրել։ Էդ էլ չթողեցին․ Արթուրին տանում են բերդ, բժիշկները հետ են գնում»։