Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին պաշտպանության նախարարությունն ու ՀՀ քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել, պաշտոնական հաղորդագրություն գերատեսչությունների կայքերում տեղադրված չէ։ Այդ մասին գրվել է միայն համացանցում։
Տեղեկատվության վերաբերյալ «Գալա TV»-ի հարցմանն ի պատասխան ՊՆ-ից հայտնել են, որ 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքի պահպանության տեղամասում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերվել է նույն զորամասի պայմանագրային զինծառայող Էդգար Էդուարդի Գրիգորյանը: Նա տեղափոխվել է Մեղրի ԲԿ, որտեղ ժամը 08:10-ին մահացել է:
Բազմաթիվ մեղադրանքներին ի պատասխան ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի մեկնաբանություններում գրել է. «Դեպքը գաղտնի չի պահվում, ուղղակի չենք հայտնել առաջինը։ Դրանք տարբեր բաներ են»: Հարցին՝ երկրորդն եք հայտնել, թե առհասարակ չեք հայտնել, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է՝ «Չենք հայտնել»: