Գլխավոր / Կրթություն / Կառավարության` իրականությունից կտրված կրթական ծրագրի մասին

Կառավարության` իրականությունից կտրված կրթական ծրագրի մասին

Կառավարության ծրագիրն ընթերցելիս, մասնավորապես, կրթության հատվածը, տպավորություն է ստեղծվում, որ այն գրվել է իրականությունից  մի փոքր կտրված լինելով։ Այս մասին «Կառավարության ծրագիր. կրթության խնդիրներն ու առաջարկվող լուծումները» քննարկման ժամանակ հայտարարել է Հանրային քաղաքականության ինստիտուտի կրթական ծրագրերի համակարգող Աննա Գևորգյանը։

«Տպավորություն է, որ կա աշխարհ, որն ընթանում է ինչ-որ հունով, բայց ծրագրում առանձնացված դրույթները գրված են շատ ընդհանրական, մի կողմից, և մյուս կողմից, առանց տալու ներկա իրավիճակի գնահատականը։ Էս ամենամեծ անհանգստացնող բանն էր»։ Ծրագիրը ներառում է տարբեր մակարդակների գործողություններ, սակայն կարդալուց հետո Գևորգյանը չհասկացավ, թե «5 տարի հետո մենք ի՞նչ տիպի կրթություն ենք ունենալու, ի՞նչ ենք արած լինելու, ի՞նչ կրթական մոդելի մասին է խոսքը»։

Բարձրագույն կրթության բլոկում շատ ուժեղ շեշտադրում է տնտեսության վրա․ եթե մենք որդեգրել ենք տնտեսական մոտեցումը կրթության նկատմամբ, միգուցե, հստակ նշենք դա, ասում է նա։

Կան նաև իրար հակասող դրույթներ․ «Մի կողմից, ուզում ենք ունենալ շատ ուժեղ կապ կրթություն-աշխատաշուկայի միջև, բայց նաև ուզում ենք ունենալ ազատ, երջանիկ քաղաքացի, որն իր երջանկությունը պետք է գտնի միայն աշխատաշուկայո՞ւմ։ Տարբեր մակարդակների վրա գտնվող արժեքներն ինձ մոտ առաջացնում են անհստակություն կրթական ծրագրի վերաբերյալ, համենայնդեպս էս պահին »։

Աննա Գևորգյանը կարևորում է որևիցե ելակետի գոյությունը․ «Մենք ունենք բավականին ծանր ժառանգած համակարգ՝ իր լավ և վատ կողմերով․․․ ամեն դեպքում, մի ելակետային գնահատական, վերլուծություն, որը կասի՝ մենք հիմա ունենք սա, բայց վերափոխելու ենք էս ինչի միջոցով, որպեսզի հասնենք այ էս տեսլականին»։ Բացակայում է նաև կրթության մեջ գլոբալ խաղացողների դերը, կարծես, կրթությունը գոյություն ունի առանձնացված ձևով, կոնտեքստից դուրս, առանց հաշվի առնելու՝ ինչ ունենք քաղաքային, գյուղական վայրերում, ինչ ունենք աղքատության տեսանկյունից, ինչ ունենք կրթության համակարգի վրա ազդող միջազգային հանրույթի տեսանկյունից։

«Որպես հիմնական խոստում հնչում էր այն միտքը, որ կրթությունը պետք է գնա իրավունքահեն մոտեցման տեսանկյունից և նպաստի կրթության մատչելիությանը և գիտության զարգացմանը, ինչպես նաև որակի բարելավմանը։ Նման դրույթ ծրագրում փաստացիորեն չկա, չի նշվում հստակորեն, որ մենք «ընդունում ենք կրթությունը որպես իրավունք» մոդելը և տանում ենք այդ կրթության իրավունքի իրացմանը նպաստող ծրագիրը»։

Մինչև կոնկրետ գործողությունների մասին խոսելը ծրագիրը մի քանի նախադասությամբ ասում է, թե որոնք են կառավարության գերակա ուղղությունները։ Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Լուսինե Խառատյանը հենց այստեղ է խնդիր տեսնում. «Խնդիրը ոչ թե սահմանված գերակայությունների, այլ հետո խզման մեջ է՝ էն միջոցառումների կամ գործողությունների, որոնք նախատեսվում էին 2018 թվականին, և էն գաղափարախոսության, որն ընկած է այս նախագծի հիմքում։

Օրինակ, եթե կարդանք բառացիորեն․ առանցքային են կրթության բովանդակության արդիականացումը վատ սովորողների ճանաչողական, անձնային և միջանձնային հմտությունների զարգացմանը, դասավանդողների կարողությունների զարգացմանը, մասնագիտության հեղինակության և սոցիալական ապահովության մակարդակի բարձրացումը․․․ և այլն, և այլն։ Էս կարդացած ոչ մի կետի մասին այնուհետև նախատեսված ծրագրում ոչինչ չկա»։

Խառատյանը ենթադրում է, որ կառավարության ծրագրի համար հիմք է հանդիսացել «Իմ Քայլը» դաշինքի ծրագիրը, հատկապես, որ տեղ֊տեղ տեքստն անգամ չի խմբագրվել։ Եթե դաշինքի ծրագրում դեկլարատիվ հայտարարությունները «պետք է»-ների ոճով շատ էին, կառավարության ծրագիրը դառնալուց դրանք պետք է իրենց տեղը զիջեին կոնկրետ անելիքներին։

«Ինձ մոտ հարցեր են առաջանում՝ ովքե՞ր են զբաղվել էդ ծրագրով և որքանո՞վ է մտածված ծրագիրը։ Երբ անդրադառնում եմ ծրագրով նախատեսված միջացառումներին, հարցերն ավելի են շատանում, որովհետև ստացվում է, որ գործողությունների մի մասն ամբողջությամբ կրկնում է 2018-22 թվականների կառավարության ծրագրով կրթության ոլորտում նախատեսված քայլերը, որոնք Կարապետյանի կառավարությունն էր մշակել։ Այսինքն, էն, ինչ պետք է սկսված լիներ, զուտ շարունակվում է։ Իհարկե, պետք է լինի շարունակականություն, բայց ամեն դեպքում պետք է լինի կապ էդ շարունակականության և էն ծրագրի միջև, որով «Իմ Քայլ»-ն ընտրվել է»։

Նախորդ կառավարության կողմից մշակված ծրագրում ավելի շատ էր խոսվում կրթության իրավունքի մասին, ասում է Խառատյանը․ «Բայց այստեղ էլ խոսվում է նախադպրոցական կրթության մատչելիության մասին, նույնիսկ կոնկրետ թվեր կան, թե մինչև որ թիվը քանի տոկոսով մատչելի կլինի նախադպրոցական կրթությունը։ Բայց եթե նայում ենք 2018 և 2022 թվականների ծրագրերում, էնտեղ նախադպրոցական կրթության հետ կապված ավելի կոնկրետ քայլեր կային։ Ճիշտ է՝ տոկոսով կարող է չէր խոսում, բայց կոնկրետ ասում էր․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ազգային փոքրամասնություններին, գյուղական, սահմանամերձ համայնքներին»։

Նախորդ շաբաթ Խառատյանն այցելել է եզդիական համայնք, որտեղ նախակրթարանի կարիք կա։ «Բանն այն է, որ հատկապես եզդիաբնակ գյուղերի մեծ մասում մինչև դպրոց գնալը երեխաները հայերենին գրեթե ծանոթ չեն լինում։ Եվ երբ գալիս են դպրոց ու միանգամից պետք է սովորեն նույն ծրագրով, որով սովորում են հայ երեխաները, բնականաբար, իրենք այլ բնույթի խնդիրներ ունեն, իրենք ունեն լեզվի տարրական չիմացություն ու հենց սկզբից իրենք ոչ մրցունակ պայմանների մեջ են։

Մի բան է դեկլարատիվ մակարդակում խոսել, թե ինչն է կարևոր, ու բոլորովին այլ բան է՝ վերածել դա քաղաքականության ու հետևողականորեն, կոնկրետ քայլերի միջոցով առաջ տանել քաղաքական օրակարգը», — եզրափակել է Կրթական քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչը։