Գլխավոր / Ազգային ժողով / Ինչ կիսատ գործեր է թողել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը

Ինչ կիսատ գործեր է թողել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավարը

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանի՝ աշխատանքի ազատումից հետո երեկ` փետրվարի 13-ին, առաջին անգամ լրագրողների և քաղաքացիների հետ Գրիգորյանը մոտ երկու ժամանոց հանդիպում է ունեցել, որի ընթացքում պատմել է, թե ինչ գործեր էր իր ղեկավարության օրոք սկսել տեսչական մարմինը, ինչն է կիսատ մնացել։ Անդրադարձել է նաև իր՝ աշխատանքից ազատման հարցին։ Հանդիպումը տեղի է ունեցել «Human Rights House»-ում։ Մի քանի կետով ներկայացնում ենք, թե ինչ թեմաների մասին է խոսել Գրիգորյանը։

Աշխատանքից հանկարծակի ազատման շաբաթը՝ հունվարի 21-ից 25-ը, տեսչական մարմինը պատրաստվում էր 4-5 հրապարակում անել Արարատյան արտեզյան ավազանի, Սևանա լճի և այլ հարցերով։

«Մենք բավականին խորացել էինք և հասել խնդիրների արմատներին։ Կարող եմ ասել, որ ընդհուպ համակարգային կոռուպցիոն ռիսկեր հարուցող խնդիրների արմատներին էինք կպել․․․Տեսչությունը որդեգրել էր մի գործելաոճ, որն արմատական էր․ բոլոր մետաստազներով վեր հանել ոլորտի խնդիրները»։

«Գլուխս կախ աշխատում էի, բարձրացրի, տեսա աշխատանքից ազատել են»․ պատճառների մասին

Արթուր Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման պատճառների մասին եղան մի քանի պաշտոնական արձագանքներ, ըստ որոնց՝ տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքն արդյունավետ չէր։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ, օրինակ, հայտարարություն արեց, որ սա վարչական մարմին է և չպետք է քաղաքականությամբ զբաղվի, խոսվեց լիազորությունների անցման մասին և այլն։ Գրիգորյանը, սակայն հերքում է մեղադրանքները․

«Տեսչական մարմինը քաղաքական չէ, այն վարչական է, և քաղաքական կառույցի հրահանգներով չի առաջնորդվում», -Գրիգորյանն ընդգծել է, որ տեսչությունն առաջնորդվել է օրեսնդրության շրջանակներում։

Հարցի հետ կապված վերջին գնահատականը եղավ վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որը նա հնչեցրել էր Գերմանիա կատարած այցի ժամանակ։ Նշենք, որ Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման հարցը Փաշինյանը մինչ այդ  ոչ մի անգամ չէր մեկնաբանել։

«Բնապահպանական տեսչության աշխատանքը բավարար և արդյունավետ չեմ գնահատել»,- ասել էր Փաշինյանը։

«Վարչապետի ասածը ես չեմ կարող մեկնաբանել։ Ստացվում է այսպես՝ ապացուցիր, որ ուղտ չես։ Գուցե դա դիվանագիտական պատասխան էր, որ ոչ թե բարձր ստանդարտները կամ օրենսդրության պահանջները լավ չեն կատարվել, այլ որ դրա արդյունքում չի հավասարակշռվել բիզնեսի շահերը։

․․․Չեմ ուզում Կառավարությանը կամ վարչապետին քննադատող խոսք ասել։ Ի վերջո ես գիտակցում եմ, որ այդ մարդիկ չեն եկել քաղաքական ծրագրով, որը ենթադրում էր բնապահպանական խիստ քայլեր իրականացնել։ Գիտակցում եմ նաև, որ ես, որպես տեսչության ղեկավար, կոշտ դիրքորոշում ունեի բնապահպանական հարցերի նկատմամբ, որը գուցե կառավարությունը համարել է ոչ հավասարակշռված։

Սակայն  մասնագիտական հեղինակության հարց է առաջանում, այն առումով, որ Կառավարությունը պարբերաբար ասում է՝ դժգոհ ենք աշխատանքից, ավելի բարձրակարգ կադրեր են պետք։ Դե տենց չի կարելի էլի։ Ես լռում եմ, բայց տենց չի․․․», — կառավարության տարբեր պաշտոնյաների հայտարարություններին արձագանքնել է Գրիգորյանը։

Նա պատմել է, որ երբ ամիսներ առաջ եղավ առաջարկություն՝ ղեկավարել տեսչական մարմինը, եղել է պայմանավորվածություն, որ երբևէ քաղաքական միջամտություն չի կարող լինել իր գործունեության մասով․ «Դա կարևոր պայման էր, ես դեռ այն ժամանակ էլ կանխազգում էի»։

Գրիգորյանը նաև զգուշացրել է, որ չէր ցանկանա՝ իր խոսքերը մանիպուլյատիվ ձևով մեկնաբանվեին հակակառավարական ուժերի կողմից․ «Ես չեմ ուզում որևէ կերպ իմ ասածը մեկնաբանվի որպես գործող իշխանության դեմ։ Ինչո՞ւ եմ այսպես ասում․ ես չեմ ուզում լրատվականների կողմից իմ գործոնն օգտագործվի առանձին ինչ-որ սուբյեկտների կողմից որպես գործիք այս Կառավարությանը վնաս տալու համար։ Ի վերջո, եթե այս իշխանության ոտքը սայթաքեց, ո՞վ է գալու, դաշտն այս պահին դատարկ է։ Ո՞վ կարող է այն զբաղեցնել՝ նրանք, ովքեր ունեն փող, կապեր, մեդիա, վարչական ռեսուրս։ Այն ռեսուրսը, որ կա, նախորդ  իշխանության ռեսուրսն է»։

Ոլորտի խնդիրները

Գրիգորյանի՝ աշխատանքից ազատման լուրերը մեկնաբանելիս պաշտոնյաները խոսում են «առավել բարձր պատրաստվածութուն ունեցող մասնագետների ներգրավման մասին», սակայն պարզվում է, որ տեսչական մարմնի աշխատանքների համար մինիմալ պայմաններն ապահովված  չեն եղել։ Այսպես՝ տեսուչները չեն ունեցել համապատասխան համազգեստ և սարքավորումներ․ «Օրինակ՝ մենք խնդրում էինք այս կամ այն ընկերությանը, որ իրենց համակարգիչը տան, որ կարողանանք աշխատել»։ Տեսչությունը ունեցել է նաև գրասենյակային խնդիր, որին ծանր ստուգումներին զուգահեռ,  ծրագրվում էր լուծում տալ։

«Տեսչությունը սկսել էր կամաց-կամաց ոտքի կանգնել և պատվախնդրություն ցուցաբերել տարբեր գերատեսչությունների գործունեությունն այսպես ասած՝ շատ «չոր» ձևով վերահսկելու հարցում՝ լինեն անտառներ, Սևան ազգային պարկ, թե Զանգեզուրի կոմբինատ»։

Խնդիր 1․ Սևանա լիճ

Արթուր Գրիգորյանը հանդիպմանն իր հետ բերել էր Սևանի սիգից պատրաստված պահածոներ։ Նշենք, որ սիգի արդյունաբերական որսը Հայաստանում արգելված է։ Սակայն շուկայում հայտնվել են սիգի պահածոներ, որոնք, ըստ ամենայնի, նաև արտահանվում են (կա ռուսերենով մակնշում-խմբ)։ Ըստ պահածոների պիտակի՝ դրանք արտադրվել են Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Արծվանիստ համայքներում։

«Հարցեր են առաջանում․ սա որտեղի՞ց են ձեռք բերել, ե՞րբ է կատարվել որսը, ինչքանո՞վ է համապատասխանում սանիտարահիգենիկ պահանջներին»։

Նշենք, որ պահածոներն արդեն ուղարկված են Սննդի անվտանգության տեսչություն և ոստիկանություն։

«Սևանա լճի խնդիրները չեն զիջում հանքարդյունաբերության ոլորտում առկա խնդիրներին», -համոզված է Գրիգորյանը։

Սևանի ափին կան մեծ թվով հյուրանոցներ և ռեստորաններ, որոնց կոյուղաջրերը լցվում են ուղիղ Սևանա լիճ։

«Ամբողջ կեղտը լցվում է Սևան։ Իմ նախնական տեղեկատվության համաձայն՝ կա ընդամենը երկու օբյեկտ, որոնք ունեն մաքրման հորեր»։

Այս խնդիրների հետ կապված՝ տեսչական մարմնի ղեկավարը չհասցրեց ստուգումներ անել։

Խնդիր 2․ Արարատյան արտեզյան ավազան

Արարատյան արտեզյան ավազանի տարածքում գործող փոխկապակցված երկու ընկերություններում (Գրիգորյանը չնշեց անունները-խմբ․) ստուգումներ են անցկացվել։ Ապօրինի ջրօգտագործման խախտման համար մեկը տուգանվել է  585 միլիոն դրամով, մյուսը՝ 64 միլիոն 700 հազարով։

«Եթե այդ ընկերություններն այդքանի վնաս են տվել, բա տարիներ շարունակ դրանք աշխատել են, չէ՞»։

2018 թվականի դրությամբ՝ Արարատյան արտեզյան ավազանի խորքային հորերից 1,8 մլրդ խ/մ ջրի արդյունահանման թույլտվություն է տրված, սակայն վերականգնվող պաշարը 1,1 մլրդ խ/մ է:

Գրիգորյանը նշել է, որ Արարատյան արտեզյան ավազանի առանձին հատվածներում մոտ 14 մետրով ջրի իջեցում կա, որի հետևանքով համայնքները ջրազրկվում են, հողի խոնավությունը նվազում է, այսինքն` Սևանից ավելի շատ ջուր բաց թողնելու կարիք է առաջանում։

Բացի վերը նշված խնդիրներից՝ տեսչական մարմնի նախկին ղեկավարի խոսքով՝ Արարատյան դաշտում կան այսպես ասած՝ անօրինական հորեր, որոնք օգտագործվում են համայնքային, խմելու, կենցաղային կամ ոռոգման նպատակներով․ «Ջրթույլտվություն տրամադրող մարմինը ձկնաբուծական տնտեսություններին թույլտվություն տալիս պետք է հաշվի առնի, որ կան այդպիսի անօրինական հորեր, որոնք պետք է օրինականացվեն, հետո նոր այլ նպատակներով թույլտվություններ տրամադրվեն»:

Խնդիր 3․ Արմօյլ

Օլիգարխ, ԲՀԿ-ական պատգամավոր  Գագիկ Ծառուկյանի անվան հետ կապվող Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում գտնվող «Արմօյլ» ընկերության հետ իր նշանակման օրից մինչև ազատումը, ըստ Գրիգորյանի, եղել է լարվածություն։

Երբ հունիս ամսին Գրիգորյանը նշանակվել է տեսչական մարմնի ղեկավար, ընկերության դեմ արդեն վարույթ էր ընթացել, և ընկերությունը որոշել էր, որ պետք է դիմի Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն և ստանա թույլտվություն, որից հետո նոր կարող է իրականացնել իր գործունեությունը։ Ընկերությունը դիմել էր, բայց դեռ  թույլտվություն չստացած, սկսել էր շինարարական աշխատանքներ ծավալել՝ նշելով, որ իր գործունեությունը ՇՄԱԳ-ի ենթակա չէ։

«Մենք գրություն ուղարկեցինք Բնապահպանության և Էկոնոմիկայի նախարարություններ։ Մեկին հարցրինք՝ արդյոք այդ գործունեությունը ենթակա՞ է ՇՄԱԳ-ի, մյուսին՝ դա ի՞նչ տիպի գործունեություն է․ քանի որ ընկերությունը ասում է, որ դա նավթամշակում չէ, այլ նավթամթերքի վերամշակում է։ Հետևապես, օրենքի ուժով, դա ենթական չէ ՇՄԱԳ-ի։

Էկոնոմիկայի նախարարությունն, այսպես ասած, ընդհանուր եզրակացություն տվեց, թե այս պահին չեն կարող ասել, թե դա ինչ տեսակի գործունեություն է։ Բնապահպանության նախարարությունից էլ եկավ պատասխան, որ ընկերությունը թերի է ներկայացրել նախագիծը, և իրենք հետ են ուղարկել լրամշակման, նոր դրանից հետո կարող են գնահատել։ Այդ պայմաններում մենք ստիպված էինք բեկանել մեր որոշումը։ Քանի որ երկու լիազոր մարմինները, ըստ էության, պատասխան չեն տվել։ Հենց ես բեկանեցի որոշումը, որոշ ժամանակ հետո Բնապահպանության նախարարությունը որոշում կայացրեց, որ ընկերության գործունեությունը ենթակա է ՇՄԱԳ-ի։ Մենք նորից որոշեցինք, որ ընկերությունը որոշ ժամանակ պետք է ձեռնպահ մնա գործունեություն ծավալելուց», -պատմել է Գրիգորյանը։

Այդ ընթացքում տեսչական մարմինը փորձել է ստուգում իրականացնել ընկերությունում, սակայն խոչընդոտել են։ Ընկերությունը խոչընդոտելու համար տուգանվել է, տուգանքը մուծել է, սակայն շարունակել է արգելել գերատեսչության գործունեությունը։ Ոստիկանությունը նույնպես կոնկրետ գործողություն չի կարողացել ձեռնարկել Տեսչության դիմումին ի պատասխան։

«Սա ցույց է տալիս, թե համապատատասխան օրենսդրությունն ինչպիսի ստրկացուցիչ պայմաններ է ստեղծում պետական մարմինների համար։ Մենք ոչ մի քայլ չունենք անելու։ 250 հազար դրամ տուգանում ենք, նրանք էլ դա մուծում են և վերջ։ Մենք անսահմանափակ կարող ենք փորձել մտնել ընկերություն, ընկերությունը կարող է թույլ չտալ։ Տեսչությունն այլևս օրենքով սահմանաված կարգով ոչ մի մեխանիզմ չունի անելու»։

Նշենք, որ չնայած դեռ ընթանում են գործարանի շինարարական աշխատանքները, սակայն բնակիչներն արդեն իսկ իրավիճակնահա անվանում են «էկոլոգիական աղետ», իսկ կառուցվող գործարանը` «ատոմային ռումբ»:

Գործարանի կառուցմանը դեմ են եղել հատկապես Նատի թաղամասի բնակիչները՝ մոտ 80 ընտանիք, որոնց տներից մոտ 50 մետր հեռավորության վրա էր շինարարությունն ընթանում:

Գրիգորյանը խոսել է նաև ապօրինի անտառհատումների, որսգողության, Զանգեզուրի  պղնձամոլիբդենային կոմբինատի և Ամուլսարի մասին։ Դրանց մասին՝ հաջորդիվ։

Հանդիպման տեսագրությունն՝ այստեղ։