Գլխավոր / Դատարան / Սարի թաղի դահիճները մնացել են անպատիժ

Սարի թաղի դահիճները մնացել են անպատիժ

2016 թ հուլիսի 17-ին Սասնա ծռերի ՊՊԾ գունդը գրավելուց հետո սկիզբ առան քաղաքացիական անհնազանդության ակցիաներ։ 2016 թվականի հուլիսի 29-ին տեղի ունեցած գործողությունների հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ ստացան մարմնական վնասվածքներ։ Սարի թաղի տարածքում երկկողմանի շրջափակման մեջ հայտնված քաղաքացիների վրա նետվեցին արգելված զինատեսակներ։ Այդ գիշեր հիվանդանոցում հայտնվեցին մարմնական ծանր վնասվածքներով մարդիկ։

Ոստիկանների և քաղաքացիական հագուստով անձանց գործողությունները  անօրինական որակեցին միջազգային հեղինակավոր կազմակերպությունները։ Ազատություն ռադիոկայանի կադրերում ֆիկսվել էին անձինք, ովքեր «ազվերին» դեղի ազդեցության ներքո էին կատարում «հասարակական կարգ պահպանելու» հրամանը, սակայն պատասխանատվություն չկրեցին իրենց գործողույթունների համար։

Հատուկ քննչական ծառայությունը գործ հարուցեց այդ օրվա կապակցությամբ, և բողոքի ակցիային մասնակցած անձանց կալանավորվեցին, սակայն ապօրինի գործողություններ իրականացրած նախկին ռեժիմի սպասարկուները մնացին ազատության մեջ։ Հրաման արձակած Լյովա Երանոսյանը և նրա եղբայր Լեռնիկ Երանոսյանը մնացին անպատիժ։

Սույն գործով տուժողները շարունակեցին իրենց պայքարը դատարանում։ ՀՔԾ-ի կողմից ճանաչվեցին տուժող՝ բացառապես միջազգային հանրության և իրապաշտպան կառույցների ճնշումների արդյունքում։ Սակայն 2019 թվականին՝ ընդամենը մեկ ամիս առաջ ՀՔԾ-ն կասեցրեց սույն գործը իբրև թե ապօրինի գործողություններ իրականացրած անձանց չհայտնաբերելու պատճառով։ Այն ինչ գոնե մի մասի ինքնությունը բացահայտվել էր անհատ քաղաքացիների ջանքերի շնորհիվ, ովքեր տեսախցիկներով ֆիքսել էին այդ գործողությունները։

Անդրեաս Ղուկասյանը տուժողներից մեկն է, վնասվածքներ էր ստացել ոտքերի հատվածքում, տեսանյութերը ուսումնասիրել է և գտել իրեն հարվածողին։

Տուժողները բարձրաձայնում են, որ ոստիկանությունը ջանք չի ներդնում հանցագործներին բացահայտելու ուղղությամբ։ Իրավապաշտպանները հույս ունեին, որ հեղափոխությունից հետո կլինի այլ մոտեցում 3 տարի առաջ հարուցված քրեական գործի բացահայտման ուղղությամբ, սակայն ապարդյուն։

Լրագրողական հետաքննության արդյունքում այդ օրերին բացահայտվել էին մի քանի քաղաքացու ինքնություն, ովքեր եղել են տարածքում և գործել են ապօրինի հրամանի շրջանակներում։

Այդ մասով Գևորգ Մնացականյանն ասում է, որ դատարանին ներկայացվել են այդ տվյալները, սակայն դատարանը դա արժանահավատ չի համարել։

Լյովա Երանոսյանի նկատմամբ 2018 թվականի հոկտեմբերի 9-ին հարուցված է քրեական գործ քննչական կոմիտեում  քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով։ Սույն հոդվածները վերաբերում են պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել մարդկանց։

Հիշեցնենք, որ սույն հոդվածներով մեղադրանքը առաջադրվել է  2018 թվականի ապրիլին հեղափոխության ժամանակ տեղի ունեցած գործողությունների համար, սակայն այն չի ներառում 2016 թ․ հուլիսի 29-ին Սարի թաղի դեպքերը։