«Երեք ամիս է անցել մեր առաջին բաց նամակից, որը, կարծում ենք, բավարար ժամանակ էր ոչ միայն շենքի ծայրահեղ վտանգավոր վիճակը գնահատելու, այլև որոշում կայացնելու համար: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված ուսումնասիրությունները բավարար չեն, որպեսզի արագ որոշում կայացվի մեր շենքի տանիքի հիմնանորոգման, շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ և բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Առայժմ մեզ հայտնի չէ, թե ի վերջո ինչ որոշում են կայացրել պատկան մարմինները՝ շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև՝ շենքի ուժեղացման-վերանորոգման հարցում, և արդյոք այն ընդգրկվե՞լ է հրատապ լուծում պահանջող ծրագրերում»:
Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի բազմաբնակարան՝ 10-րդ շենքի բնակիչները բաց նամակով կրկին դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին, քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանին, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին։
«2018 թվականի նոյեմբերին 7-ին մենք բաց նամակով հանդես եկանք, ներկայացրեցինք Շամլուղի ամենահին՝ 1930-ականների վերջերին կառուցված, վերջին 15 տարիներին անուշադրության մատնված ու արհամարհանքի արժանացած շենքի ծայրահեղ անմխիթար ու վտանգավոր վիճակը: Մեր առաջին բաց նամակից անմիջապես հետո, արդեն փլուզվող մեր շենքն ուսումնասիրելու նպատակով 4 տարբեր խմբերից կազմված մասնագետներ են այցելել՝ ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունից, Լոռու մարզպետարանից, ՀՀ Վարչապետի աշխատակազմի ենթակայության տակ գտնվող՝ Տեսչական Մարմինների Գրասենյակից, նկարել, չափել, տարբեր ուսումնասիրություններ են կատարել շենքում թե՛ դրսից, թե՛ բնակարաններում՝ ներսից: Շամլուղ ժամանած բոլոր խմբերի ներկայացուցիչները մեզ ասել են, որ եկել են ՀՀ վարչապետի հրահանգով, որպեսզի ուսումնասիրեն շենքը, նրա տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացություն ներկայացնեն կառավարությանը և որոշում կայացնեն:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության գլխավոր քարտուղար Մասիս Բաղդասարյանը 2018թ. նոյեմբերի 19-ին պաշտոնապես տեղեկացրել է, որ շենքի վերանորոգման վերաբերյալ հարցը քննարկվել է Լոռու մարզպետարանի հետ:
Այնուհետև մենք ստացել ենք նախարար Սուրեն Պապիկյանին ուղղված Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի գրությունը, որում նա հայտնում է, որ՝ «առաջարկվել է Ախթալա համայնքի ղեկավարին Շամլուղ քաղաքի բազմաբնակարան թիվ 1/10 շենքի վերանորոգման-ամրացման համար ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար: Միևնույն ժամանակ առաջարկվել է որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ»:
Մեկ այլ գրությունից տեղեկանում ենք, որ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ՀՀ Լոռու մարզի Ախթալա համայնքի ղեկավար Ա. Թամազյանին նշել է, որ ի կատարումն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի 12.11.2018թ. թիվ 03/15.2/8954-18 հանձնարարականի՝ «Շամլուղ քաղաքի բազմաբնակարան թիվ 1/10 շենքի վերանորոգման-ամրացման համար անհրաժեշտ է ներկայացնել սուբվենցիա ստանալու ծրագրային հայտ՝ մարզպետարանում քննարկելու և համապատասխան ընթացք տալու համար: Միաժամանակ հայտնում եմ, որ անհրաժեշտ է որոշել շենքի վթարայնության աստիճանը և անհապաղ ձեռնարկել միջոցառումներ բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Կատարված միջոցառումների մասին սեղմ ժամկետում տեղեկացնել մարզպետարան»:
Իսկ 2018թ. դեկտեմբերի վերջին ստացել ենք նույն ամսվա 7-ին թվագրված գրություն ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Արմեն Ղուլարյանից՝ ՀՀ Լոռու մարզի Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի ուժեղացման-վերանորոգման և տանիքի հիմնանորոգման աշխատանքները իրականացնելու վերաբերյալ 2018թ. նոյեմբերի 7-ի մեր բաց նամակին ի պատասխան: Այդ գրությունում, մասնավորապես նշել է հետևյալը. «ՀՀ Լոռու մարզպետարանի կողմից ՀՀ 2019-2021թթ. միջնաժամկետ ծախսերի ծրագրում ընդգրկվել են Շամլուղ քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքները, սակայն այդ ուղղությամբ չափաքանակներ չեն նախատեսվել: Հայտնում ենք նաև, որ խնդրի լուծման հնարավորությունը պարզաբանելու նպատակով ՀՀ քաղաքաշինության կոմիտեն դիմել է համապատասխան գերատեսչություններ: Համաձայն Լոռու մարզպետարանի և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից ներկայացված տեղեկատվության Շամլուղ քաղաքի 1-ին փողոցի համար 10 շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները սահմանված կարգով կընդգրկվեն ՀՀ Լոռու մարզի հրատապ լուծում պահանջող ծրագրերի հիմնախնդիրների ցանկում»:
Երեք ամիս է անցել մեր առաջին բաց նամակից, որը, կարծում ենք, բավարար ժամանակ էր ոչ միայն շենքի ծայրահեղ վտանգավոր վիճակը գնահատելու, այլև որոշում կայացնելու համար: Սակայն տպավորություն է ստեղծվում, որ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված ուսումնասիրությունները բավարար չեն, որպեսզի արագ որոշում կայացվի մեր շենքի տանիքի հիմնանորոգման, շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ և բնակիչների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Առայժմ մեզ հայտնի չէ, թե ի վերջո ինչ որոշում են կայացրել պատկան մարմինները՝ շենքի տանիքի հիմնանորոգման, ինչպես նաև՝ շենքի ուժեղացման-վերանորոգման հարցում, և արդյոք այն ընդգրկվե՞լ է հրատապ լուծում պահանջող ծրագրերում:
Դեռ նոյեմբերին գրություն էինք ստացել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանից, որում մասնավորապես ասվում էր. «Լոռու մարզպետարանի և Ախթալայի համայնքապետարանի համապատասխան մասնագետների մասնակցությամբ քննարկվել են ձեր դիմումում բարձրացված խնդիրները: Ձեր բազմաբնակարան շենքի տանիքի վերանորոգման հարցը գտնվում է մեր ուշադրության կենտրոնում: Հրատապ ծրագրերի առկայության դեպքում այն կընդգրկվի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում և ձեզ լրացուցիչ կտեղեկացվի»:
Մեզ խիստ անհանգստացնում է այս անորոշությունը: Ի՞նչ է նշանակում՝ «հրատապ ծրագրերի առկայության դեպքում» մեր շենքը կընդգրկվի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների ցանկում: Ե՞րբ կընդգրկվի, որքա՞ն խնդիրների ցանկում կընդգրկվի, որքա՞ն ժամանակ կպահանջվի մինչև հերթը հասնի մեր շենքին… Տպավորություն է ստեղծվում, որ համայնքի ղեկավարության համար մեր առաջին դիմումը առիթ հանդիսացավ, որպեսզի մարզպետարանին ներկայացնեն նաև Շամլուղի այլ շենքերի տանիքների հարցը: Մինչդեռ հայտնում ենք Ձեզ, որ մեր շենքն ամենահինն է ու ամենավատթար վիճակում է գտնվում. եռահարկ շենքի երրորդ հարկն արդեն փլուզվում է, երկրորդ հարկի բնակիչը գիշերները երրորդ հարկից պատի փլուզման ձայներ է լսում: Բախտի բերմամբ բնությունն այս տարի դաժան չգտնվեց՝ ձնառատ ձմեռ չէր, հակառակ դեպքում շենքի տանիքը ծանրությանը չէր դիմանա, սակայն դեռ անձրևներն են առջևում…
Մենք մեր առաջին բաց նամակում շեշտել էինք, որ հետևողական ենք լինելու և 15 տարի անուշադրության մատնված ու ընդգծված արհամարհանքի արժանացած լինելով՝ չենք պատրաստվում այլևս լռել ու նստել-սպասել մինչև շենքը փլուզվի: Անցյալ ամիս մայրաքաղաք Երևանի Արամի փողոցում փլուզվեց «Հայաստանի Փոքրիկ երգիչներ» մանկական ֆիլհարմոնիայի շենքի պատը, դա բնակելի շենք չէր, մի օր կարող է փլուզվել մեր բնակելի շենքը ու դա կունենա անդառնալի հետևանքներ, բայց այլևս ոչինչ շտկել հնարավոր չի լինի, քանի որ մեր կյանքերը հնարավոր չի լինի փրկել:
Հայաստանի իրավապահ մարմինների բազմաթիվ հայտարարություններից տեղեկանում ենք, որ պետությունից գողացված միլիոններ, միլիարդներ են բյուջե վերադարձնում, ինչը, անշուշտ, ուրախալի է: Բայց մի՞թե հնարավոր չէ ավելի արագ որոշում կայացնել՝ ծայրահեղ վտանգավոր վիճակում գտնվող ու արդեն փլուզվող շենքի խնդրին լուծում տալ: Որքանո՞վ է արդարացված նման ծայրահեղ վատթար շենքի դեպքում ստանալ՝ «հրատապ ծրագրերի առկայության դեպքում» անորոշ պատասխանը: Կարծում ենք, նոր Հայաստանի իշխանությունները պետք է ավելի հեղափոխական լուծումներով հանդես գան եւ ավելի արագ որոշումներ կայացնեն:
Տարին նոր է սկսվել, կառավարությունը ձևավորված է, ուստի կառավարության ղեկավարից, Տարածքային կառավարման և զարգացման նախարարից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, Լոռու մարզպետից ակնկալում ենք վճռական քայլեր ու անհապաղ լուծում՝ Շամլուղի 1-ին փողոցի բազմաբնակարան 10-րդ շենքի տանիքի հիմնանորոգման և շենքի ուժեղացման-վերանորոգման աշխատանքները հրատապ կազմակերպելու հարցում: Մենք կրկին ուշադրություն ենք հրավիրում այն փաստին, որ մեր անվտանգությունը սպառնալիքի տակ է և Շամլուղ այցելած մասնագետները, վստահ ենք, որ տեղում համոզվեցին, թե ինչ վիճակում է գտնվում շենքը և ինչպիսի պայմաններում են բնակվում շենքի բնակիչները:
Հարգանքով՝ Շամլուղի 1-ին փողոցի 10-րդ շենքի բնակիչներ և սեփականատերեր՝ Անահիտ Ղորխմազյան, Արտակ Ամիրջանյան, Ռուբիկ Մանուկյան, Ծովիկ Գրիգորյան, Մանանա Առաքելյան, Հովիկ Առաքելյան, Եկատերինա Ղանդիլյան, Ռուսիկո Ղարիբյան, Էմմա Բարսեղյան, Նադեժդա Սեմյոնովա, Վալերի Բաթմանով, Ժորիկ և Էմմա Մուրադյանյաններ, Համլետ Մուրադյան, Վերիչկա Մուրադյան, Շուրիկ Վերմիշյան, Էմմա Ավետիսյան, Սամվել Մինասյան, Գագիկ Մինասյան, Էդիկ Մինասյան, Լևոն Գիգոյան։
18 փետրվարի, 2019թ.