Home / Շուկա / «Օպերայի բակը պատկանում է բոլորին» – Գասպարիի հակաակցիան

«Օպերայի բակը պատկանում է բոլորին» – Գասպարիի հակաակցիան

«Ես պաշտպանում եմ քաղաքապետարանի օրինական որոշումը»։ Բողոքի ակցիա անցկացնող՝ Օպերայի շենքին հարող տարածքի ապամոնտաժվող սրճարանների աշխատակիցների ցույցին զուգահեռ, իր ակցիան է սկսել ինժեներ Վարդգես Գասպարին։

Նա նշել է, որ աջակցում է ոստիկանության գործուղություններին, որովհետև կառույցն այսօր պաշտպանում է օրինականությունը, իսկ քաղաքապետարանն օրինական որոշում է իրականացնում, «ընդ որում, օրենքի շրջանակներում ոչ միայն իրավական առումով, այն նաև բարոյական առումով»։

«Օպերայի բակը պատկանում է բոլորին, ոչ թե տասը մարդու», – ասել է Գասպարին։ Մեկնաբանելով նկատառումն այն մասին, որ, ըստ սրճարանների աշխատակիցների, իրենք զրկվում են աշխատանքից, նա կոչ է արել մարդկանց ապացուցել՝ ՍՊԸ֊ի տնօրեն են, թե աշխատող, «տեսնենք՝ ովքեր են, այնուհետև խոսենք, թե դրանց պահանջն ինչքանով է օրինական»։

Գասպարին բացատրել է նաև, թե ինչպես է ստացվել, որ այժմ նա պաշտպանում է ոստիկանության գործողությունները․ «Սա նո՛ր Հայաստան է։ Ընդ որում, ասեմ՝ ոչ ամեն ինչն ա, որ ճիշտ ա։ Ես ոստիկանության նկատմամբ ունեմ այլ պահանջներ, բայց նաև իմ պարտքն եմ համարում որպես քաղաքացի պաշտպանել օրինականության ուղղությամբ արված քայլերը»։

Այսօր Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատողներն, ի նշան բողոքի, փակել էին Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը։ Ոստիկանները փորձում էին նրանց հեռացնել փողոցի երթևեկելի մասից։ Բողոքի պատճառ էր դարձել այն, որ մարտի 13-ից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։

Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հայտարարության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի այն մասին, որ, համաձայն պայմանագրի, 30-օրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո Քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը, այնուհետև փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, ինչը նրանք չեն արել։