Օպերայի հարակից տարածքի սրճարանների աշխատողներն, ի նշան բողոքի, փակել են Մաշտոցի պողոտա-Թումանյան փողոց խաչմերուկը։ Ոստիկանները փորձում են նրանց հեռացնել փողոցի երթևեկելի մասից։ Երեկվանից Երևանի քաղաքապետարանը սկսել է սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, ինչը սրճարանների աշխատակիցների բողոքի պատճառ է դարձել:
Քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանի հայտարարության համաձայն՝ Երևանի քաղաքապետարանը դեռ 2018-ի դեկտեմբերի 13-ին ծանուցումներ է ուղարկել օպերայի հարակից տարածքում վարձակալության իրավունքով գործունեություն ծավալող 5 տնտեսվարողի այն մասին, որ, համաձայն պայմանագրի, 30-օրյա ժամկետում դադարելու է վարձակալության պայմանագրի գործողությունը։ Կադաստրի պետական կոմիտեն 30-օրյա ժամկետը լրանալուց հետո Քաղաքապետարանի հարցման հիման վրա դադարեցրել է վարձակալության իրավունքը, այնուհետև փետրվարի 13-ին ծանուցումներ է ուղարկել արդեն նախկին վարձակալներին՝ առաջարկելով ողջամիտ ժամկետում մաքրել տարածքն իրենց գույքից, այդ թվում՝ ինքնակամ կառույցներից, ինչը նրանք չեն արել։
Մարտի 13-ից Քաղաքապետարանի համապատասխան ստորամաբանումներն սկսել են ապամոնտաժել համայնքի հողի վրա գոյություն ունեցող կառույցները կանաչապատման աշխատանքները սկսելու համար։
«Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում բողոքի ակցիայի մասնակիցները խնդրում են անցորդներին միանալ իրենց, քանի որ «500 ընտանիք գործազուրկ է մնում»։
«Մեզ մեր աշխատանքից զրկում են, որ մի քիչ կանաչ տարածք լինի, բայց մյուս կանաչ տարածքները, տեսնում եք՝ ինչ վիճակում են», – ասել է բողոքողներից մեկը։