Home / Հայաստան / Ղարաբաղցի ընդդիմադիր․ փող միշտ էլ եղել է

Ղարաբաղցի ընդդիմադիր․ փող միշտ էլ եղել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկզբունքային է Արցախը սուբյեկտ դարձնելու իր հռչակած ծրագրերում, և իր՝ Հայաստանի և Ղարաբաղի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստում հնչեցրած ելույթը հստակ շեշտադրեց, որ իր հայտարարությունները զուտ զրույցներ չեն, այլ հստակ նպատակ է, դեպի որը նա գնում է։ Նման կարծիք է հայտնել ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ընդդիմադիր «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։

Չնայած Ադրբեջանը դեմ է այս գաղափարին, ըստ պատգամավորի, այն, որ Արցախի բնակիչները պետք է մասնակցեն իրենց ճակատագրի քննարկմանը, արձանագրված է նաև 1994թ․ ԵԱՀԿ հիմնադիր փաստաթղթերում՝ ընդունված բուդապեշտյան գագաթնաժողովում, որտեղ նշված է․ Արցախի ընտրյալ ներկայացուցիչները մասնակցում են բանակցություններին և որոշումների կայացմանը։

«Տվյալ դեպքում երկու տարբերակ է մնում՝ կամ Արցախի բնակիչները մասնակցում են հայաստանյան ընտրություններին և Հայաստանի իշխանություններն են ներկայացնում [Արցախը], կամ Արցախի բնակիչներս ընտրում ենք մեր իշխանությունները և մեր իշխանություններն են նստում բանակցային սեղանի շուրջ», ֊ ասել է Խանումյանը։

Ինչ վերաբերում է երրորդ տարբերակին, այն է՝ Ղարաբաղի իշխանություններն են այդ մանդատը տալիս Հայաստանին, պատգամավորը նշել է, որ չի հիշում որևէ հայտարարություն, թե Արցախի պաշտոնյաներն իրենց մանդատը տալիս են Սերժ Սարգսյանին․ «Եթե իրոք հարցի լուծում ենք ակնկալում, պետք է Ստեփանակերտն ու Բաքուն անմիջականորեն զրուցեն։ Ի վերջո, հակամարտության ընթացքում հաջողություն ենք գրանցել ենք միայն այն ժամանակ, երբ Ստեփանակերտն ու Բաքուն անմիջականորեն իրար հետ կապ են հաստատել և հարցեր են քննարկել»։

Դրան կարող են նպաստել Փաշինյանի լեգիտիմությունն ու տարբեր հարցերի վերաբերյալ հստակ դիրքորոշումը, ասում է Խանումյանը, ինչպես նաև անվտանգության մակարդակը բարձրացնելու ջանքերը։
«Եթե Ադրբեջանը չգնա դրան, խիստ ապակառուցողական կողմի տպավորություն է թողնելու, ինչը նման պարագայում, իհարկե, բարձրացնում է պատերազմի վտանգը։ Բայց պատերազմ սկսել մի պարագայում, երբ Հայաստանի արտաքին իմիջն այսքան բարձր է, դժվար կարող է լինել։ Հետևաբար, ընդհանուր ասած, բոլոր գործընթացներում մենք շահեկան դիրքում ենք», ֊ ասել է պատգամավորը։

Որևէ փոխզիջման եզր Խանումյանը չի տեսնում։ Կողմերը, ասում է պատգամավորը, բավականին հեռու են իրարից․ «Ադրբեջանն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, մենք, հասարակութունը նկատի ունեմ, պատրաստ չենք փոքր-ինչ զիջելու։ Երբ կողմերի մոտեցումներն այսքան հեռու են, բավականին դժվար է ընդհանուր եզրեր գտնել կամ կոնկրետ փաստաթուղթ քննարկել։ Ես գտնում եմ, որ այս հարցը դեռ երկար ժամանակ խաղաղ լուծում չի ունենա, և միակ տարբերակը՝ սպառազինությունների բալանսավորմամբ պատերազմը հետաձգելն է։

Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին մենք հսկայական ժամանակ ենք կորցրել, 5 տարի կորցրել ենք սպառազինություն գնելու առումով, երբ Ադրբեջանն այդ ընթացքում անընդհատ զինվել է։ Ասում էին՝ փող չունենք։ Ունեինք, բայց ուրիշ տեղ էր ծախսվում։ Ավելին, փոքր գումարներ կային, օրինակ, 15 թվականին պատգամավորները, նույնիսկ իշխանական, առաջարկում էին դիրքերը թարմացնել, նոր տեխնիկա դնել, էլի ասում էին՝ փող չունենք, բայց, պարզվում է, այդ տարիներին այդ գումարից ավելի մեծ գումար Արցախի ներդրումային հիմնադրամի միջոցով փոխանցել են Սերժ Սարգսյանի փեսային՝ ինչ֊որ չաշխատող հանք նրանից առնելու համար։

Փող միշտ էլ եղել է, ուղղակի թե՛ Բակո Սահակյանը, թե՛ Սերժ Սարգսյանն այդ փողը ծառայեցրել են իրենց կլանի հարստացմանը։ Եթե անձնական պատասխանատվություն ենք պահանջում, առաջինը՝ Սերժ Սարգսյան, երկրորդը՝ Բակո Սահակյան։ Փող եղել է, բայց այն չեն ծախսել սպառազինություն ձեռքբերման, դիրքերի բարելավման վրա», ֊ մասնավորապես, ասել է Հայկ Խանումյանը։

Tekali Taxi