Home / Բնապահպանություն / Զրպարտե՞լ է արդյոք Լիդիանը ԶՊՄԿ-ին՝ կորոշի դատարանը

Զրպարտե՞լ է արդյոք Լիդիանը ԶՊՄԿ-ին՝ կորոշի դատարանը

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն դատի է տվել  «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին՝ զրպարտչական տեղեկությունները հերքելու պահանջով։ Գործը մտել է դատաքննության փուլ, նիստը տեղի կունենա ապրիլի 10-ին։   

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Ռուբեն Վարդազարյանի նախագահությամբ դեռևս 2018 թվականի օգոստոսին վարույթ էր ընդունել ԶՊՄԿ-ի հայցն ընդդեմ «Լիդիան Արմենիա» -ի։ ԶՊՄԿ-ն դատարանից խնդրում է պարտավորեցնել  «Լիդիան Արմենիա»-ին «ֆեյսբուքյան և յութուբյան էջերով հերքել 2018 թ. հուլիսի 26-ին ընկերության ֆեսբուքյան և յութուբյան էջերում հրապարակված իրականությանը չհամապատասխանող և զրպարտչական բնույթի տեղեկությունները»:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մեքենայով սնունդ է մատակարարվում Ամուլսարի ցուցարարներին» վերնագրով 30 վայրկյանանոց տեսանյութում երևում է 001VA01 պետհամարանիշերով մեքենա, որի բեռնախցիկից ինչ-որ իրեր են հանում։ Տեսանյութի տակ գրված է հետևյալ տեքստը.

«Կցված տեսանյութը վառ ապացույցն է այն բանի, որ անօրինական ճանապարհներ փակողները ֆինանսավորվում են շահագրգիռ մարդկանց կողմից, և ոչ թե՝ բնապահպանական մտահոգություններով են առաջնորդվում։ Տեսանյութում հստակ երևում է, թե ինչպես Սյունիքի նախկին մարզպետ և Զանգեզուրի ՊՄԿ-ի հետ անմիջական կապ ունեցող Վահե Հակոբյանին սպասարկող ծառայողական ավտոմեքենայով՝ նրա իսկ վարորդը ճանապարհ փակողներին սնունդ է մատակարարում։ Այս հանգամանքը մեկ անգամ ևս ցույց է տալիս, որ ճանապարհ փակող մարդկանց հետևում կան հատուկ նպատակներ հետապնդող, մեծ ֆինանսական ռեսուրսներ և հստակ շահագրգռվածություն ունեցող  ուժեր, ովքեր բացի բողոքի արհեստական ակցիաները, նաև, օգտագործելով մեդիա ռեսուսների բոլոր հնարավորությունները, սոցիալական ցանցերը և քաղաքական ամբիոնները՝ ակտիվ հակաքարոզչությամբ հետևողականորեն հեղինակազրկում են «Լիդիան Արմենիա» ընկերությանը»։

Մեկ օր անց իր հերթին ԶՊՄԿ-ն ֆեյսբուքյան իր էջում զրպարտություն էր անվանել կատարվածը և ներկայացրել եղելությունը.

«ԶՊՄԿ աշխատակից Վահան Գրիգորյանը՝ ծնված 01.05.1984-ին, լինելով արձակուրդում, մեկնել է Ջերմուկ, որտեղ այդ պահին գտնվել է նրա կինը՝ Լուսինե Հովհաննիսյանը՝ ծնված 01.02.1989, որը ծնունդով Ջերմուկից է և ացելելիս է եղել քաղաք Ջերմուկի Շամշյան 11 ա հասցեում բնակվող իր ծնողներին՝ Զավեն և Էմմա Հովհաննիսյաններին։ Վահան Գրիգորյանը Ջերմուկ է մեկնել իր տնօրինման տակ գտնվող՝ ԶՊՄԿ-ի սեփականություն հանդիսացող ավտոմեքենայով։ Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին Վահանը հանդիպել է Լուսինեի եղբորը՝ Գևորգ Հովհաննիսյանին՝ ծնված 01.12.1984-ին, որը նշված տարածքից ոչ հեռու ունի 12 հեկտար ծիրանի այգի։ Գևորգը Վահանին է փոխանցել մի քանի տոպրակ ծիրան, ինչը և ֆիքսվել է «Լիդիան Արմենիա»-ի ներկայացրած տեսանյութում և ստացել խիստ անտրամաբանական մեկնաբանություն ընկերության կողմից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Լիդիան Արմենիա»-ի անպատասխանատու, արհեստածին հայտարարությունը ստվեր է գցում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բարի համբավի վրա, խնդրում ենք պատկան մարմիններին մանրամասնորեն քննել այս դեպքը և պատասխանատվության ենթարկել զրպարտող նյութի հեղինակներին։ Մենք պատրաստ ենք տրամադրել դեպքին առնչվող ցանկացած մանրամասներ»։

Նշենք, որ զրպարտության գործով «Լիդիան Արմենիա»-ն առաջին անգամ է հանդես գալիս որպես պատասխանող կողմ, մինչդեռ, որպես հայցվոր, զրպարտության համար կազմակերպությունը դատի է տվել բնապահպաններ Անի Խաչատրյանին, Լևոն Գալստյանին, լրագրող Թեհմինե Ենոքյանին և փաստաբան Նազելի Վարդանյանին։

Tekali Taxi