Home / Առողջապահություն / ՊՆ-ն շարունակում է խուսափել պատասխանատվությունից

ՊՆ-ն շարունակում է խուսափել պատասխանատվությունից

Չնայած հեղափոխությանը՝ ՊՆ-ն, Դատախազությունը և Քննչական կոմիտեն շարունակում են նախկին գործելաոճը. կոծկել խոշտանգումների գործերը, բանակում եղած խնդիրները լուծելու փոխարեն՝ լռեցնել դրա մասին բարձրաձայնողներին։ «Մեդիա կենտրոն»-ում այսօր տեղի ունեցած քննարկման ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արա Ղարագյոզյանը և իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն անդրադարձել են այս հարցերին։

Դեռևս 2015 թվականին Մեղրիի զորամասում ժամկետային զինծառայող Արթուր Հակոբյանը հրամանատարի կողմից խոշտանգման էր ենթարկվել։ Հակոբյանը պնդում էր, որ ծառայելու ընթացքում իր նկատմամբ պարբերաբար անմարդկային վերաբերմունք է եղել։ Դրա հետևանքով՝ տարի և մի քանի ամիս ծառայելուց հետո նա հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ է ձեռք բերել։ Նրան տեղափոխել էին զինվորական հիվանդանոց, հետագայում՝ զորացրել։ Հարուցվել էր քրեական գործ, սակայն հետագայում կարճվել էր։ Պաշտպանների միջնորդություններից հետո, այնուամենայնիվ, Վճռաբեկ դատարանը ճանաչել էր Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտումը։

Գործը Դատախազության կողմից վերաբացվել էր, սակայն, փաստաբան Ղարագյոզյանի խոսքով, կան լուջ մտահոգություններ. գործն ուղարկվել է այն նույն բաժին, որը ժամանակին այն «կոծկել էր»։

Արդյունավետ քննության համար, Ղարագյոզյանն առաջարկում է, որ գործը քննի Հատուկ քննչական ծառայությունը, քանի որ խոշտանգման գործերն այնտեղ են քննում։

Բացի դրանից՝ փաստաբանը նշում է, որ չնայած Վճռաբեկ դատարանը հստակ նշել է, որ խախտվել է Հակոբյանի՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքը, սակայն գործը բացվել է ոչ թե այդ հոդվածով, այլ «ստորադասի նկատմամբ անմարդկային վերաբերմունք, ծեծ» հոդվածով։

«Գլխավոր դատախազությունում և վարույթ իրականացնող մարմնում որևէ բան չի փոխվել, խոշտանգումների գործերը շարունակում են կոծկել և առհասարակ խոշտանգումը քննում են այլ հոդվածով»,-նշում է Ղարգյոզյանը։ Այս գործով նա պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը համոզմունք է հայտնել, որ ՊՆ-ն շարունակում է պատշաճ ուշադրության չարժանացնել զինծառայողների առողջական խնդիրների հետ կապված բողոքները։ Շատ դեպքերում, երբ զինվորը բարձրաձայնում է իր առողջական խնդիրների մասին, Պաշտպանության նախարարությունը նրան միանգամից «սիմուլյանտ է պիտակում»։

Ըստ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հրապարակած տեղեկատվության՝ 2018 թվականին 2017 թվականի համեմատությամբ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով մահացության դեպքերը նվազել են 3 անգամ, ավելի քան 40 տոկոսով աճել են առողջական խնդիրների հետևանքով մահացության դեպքերը, և կրկնակի անգամ ավոտվթարի հետևանքով մահացության դեպքերը։

Ալեքսանյանը մի դեպք է հիշատակել. ժամկետային զինծառայող Արմեն Օզանյանը բանակ է զորակոչվել բարձր ճնշումով և կենտրոնական նյարդային համակարգի խանգարումով։ Դրանց պատճառով զինծառայողի ինքնազգոցողությունը պարբերաբար վատանում է։ Զինծառայողի ծնողները նամակով դիմել են ՊՆ-ը, որ զինվորին Ղարաբաղի Ասկերանի շրջանի զորամասից ավելի ցածրադիր գոտի տեղափոխեն, որ կարգավորվի նրա ճնշման հարցերը։ Փոխանակ զորամասը փոխեն, զինվորին ուղարկել են դիրքեր։

Ալեքսանյանը հիշատակել է Մեղրիի գնդում տեղի ունեցած զինվորների ապստամբությունը, որի մասին ՊՆ-ն այդպես էլ մանրամասն պարզաբանումներ չի ներկայացրել, միայն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն է խոսել այդ մասին՝ մեղադրելով զինվորներին. «Այս և այլ դեպքերում ՊՆ-ն խուսափում է պատասխանատվությունից»։

«Նույնիսկ նեղանում են, որ ասում ես՝ մահվան դեպքը տեղի է ունեցել զորմասում», -Ալեքսանյանը  նշում է, որ անպատժելիության մթնոլորտը կապված է նաև քննչական մարմինների աշխատանքի հետ, որոնք չեն բացահայտում բանակում բռնության և սպանության դեպքերը։

Նշենք, որ հրավիրվել էին նաև ներկայացուցիչներ ՊՆ-ից, Զինվորական դատախազությունից և Քննչական կոմիտեից, սակայն նրանք հրաժարվել են մասնակցել քննարկմանը։

Tekali Taxi